Միացյալ Նահանգները վերականգնում է Իրանի նկատմամբ ռազմածովային շրջափակումը և կստանա Հորմուզի նեղուցով տեղափոխվող բոլոր բեռների տարանցման 20 տոկոսը, հայտարարել է նախագահ Թրամփը։
Մինչ այդ Թեհրանը հայտարարել էր, որ փակել է աշխարհում վառելիքի տարանցման համար առանցքային նշանակություն ունեցող ճանապարհը:
«Հորմուզի նեղուցը բաց է և կմնա բաց՝ Իրանի հետ կամ առանց նրանց», - գել է Թրամփը Truth Social-ում, հավելելով, թե գործընթացը կսկսվի անմիջապես։
Այլ մանրամասներ Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել, մինչ այդ՝ Fox News-ին տված հարցազրույցում նա պնդել էր, թե ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցի պահապան հրեշտակն է։
«Մենք պահպանելու ենք նեղուցը և, հավանաբար, կկառավարենք այն, և մեզ պետք է փոխհատուցում տրամադրվի դրա համար», - ասել է նա։
Թեհրանն էլ զգուշացրել է՝ թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը։ «Եթե ԱՄՆ-ի պատերազմը ընդլայնվի, այն կհասնի տարածաշրջանի բոլոր երկրներին», -հայտարարել է Իրանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունն ու, դիմելով տարածաշրջանի առաջնորդներին, ընդգծել՝ ԱՄՆ-ի հետ ցանկացած համագործակցություն կդիտարկվի որպես պատերազմ Իրանի դեմ։
Անցած գիշեր կողմերը կրկին հրթիռային և դրոնային հարվածներ են փոխանակել՝ շաբաթներ տևած հրադադարից հետո։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ թիրախավորել է իրանական մի շարք օբյեկտներ, որպեսզի երաշխավորի քաղաքացիական նավերի անցումը Հորմուզի նեղուցով: