Մատչելիության հղումներ

Մոջթաբա Խամենեիի՝ հոր հուղարկավորությանը չմասնակցելն ինչ է ցույց տալիս նոր Իսլամական Հանրապետության մասին

Թեհրանի փողոցներից մեկում պաստառ՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի պատկերով
Թեհրանի փողոցներից մեկում պաստառ՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի պատկերով

Իրանը մեկ շաբաթ շարունակ անցկացրեց մեծ ծավալով կազմակերպված հուղարկավորության միջոցառումներ՝ հրաժեշտ տալու գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին, որը սպանվել էր Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից:

Պետության կողմից կազմակերպված հանրային միջոցառումներին ամբողջ Իսլամական Հանրապետությունում մասնակցեցին հարյուր հազարավոր մարդիկ։ Բայց աչքի ընկավ մեկ մարդու բացակայությունը՝ Մոջթաբա Խամենեիինը:

Իրանի երկարամյա առաջնորդի որդուն և իրավահաջորդին մինչ օրս հանրության առաջ չեն տեսել, սգո արարողություններին, հանրային միջոցառումներին նա այդպես էլ աննկատ մնաց: Ըստ տեղեկությունների՝ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ի հարձակման ժամանակ, որի հետևանքով զոհվեցին նրա հայրը և ընտանիքի մյուս անդամները:

Փորձագետների կարծիքով՝ Մոջթաբա Խամենեիի բացակայությունը ևս մեկ հարված է հասցրել նրա լեգիտիմությանը և խորացրել այն մտահոգությունները, թե ով է փաստացի ղեկավարում շուրջ 90 միլիոն բնակչություն ունեցող Մերձավոր Արևելքի այս երկիրը։ Իշխանությունների տվյալներով՝ նա չի մասնակցել հոր հուղարկավորությանը՝ անվտանգության նկատառումներով։

«Նրա բացակայությունը քաղաքական առումով կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ի ցույց է դնում իշխանության փոխանցման գլխավոր խնդիրը. Մոջթաբան կարող է ժառանգել պաշտոնը, սակայն չի կարող ժառանգել իր հոր հեղինակությունն ու ազդեցությունը»,- ասել է Վաշինգտոնում գտնվող Մերձավոր Արևելքի ինստիտուտի Իրանի ծրագրի տնօրեն Ալեքս Վատանկան։

Խամենեիի որդիները մասնակցում են սգո արարողությանը, բայց Մոջթաբա Խամենեին ներկա չէ, հուլիսի 5,2026
Խամենեիի որդիները մասնակցում են սգո արարողությանը, բայց Մոջթաբա Խամենեին ներկա չէ, հուլիսի 5,2026

Մոջթաբա Խամենեիի նշանակումը գերագույն առաջնորդի պաշտոնում բազմաթիվ հակասություններ առաջացրեց։ Մի կողմից այն պատերազմի ընթացքում ապահովում էր իշխանության շարունակականությունը, մյուս կողմից՝ դժգոհություն էր առաջացրել նույնիսկ իշխանամետ շրջանակներում, որտեղ համոզված էին, որ իշխանության ժառանգական փոխանցումը հակասում է 1979 թվականի Իսլամական հեղափոխության հակամիապետական գաղափարներին։

«Նրան հանրության աչքից հեռու պահելը գուցե թույլ տա խուսափել այդ մեղադրանքներից, սակայն միաժամանակ ակնհայտ է դարձնում, որ իշխանության լեգիտիմ փոխանցման գործընթացը դեռևս ավարտված չէ»,- հավելել է «Այաթոլլաների ճակատամարտը Իրանում» գրքի հեղինակ Ալեքս Վատանկան։

«Ռեժիմը կարող է ցույց տալ, թե իշխանության շարունակականությունն ապահովված է, բայց չի կարող մեկ օրում ստեղծել այն անձնական հեղինակությունը, որը տարիներով ձևավորվում է»:

Շատ իրանցիների համար Մոջթաբա Խամենեին մնում է առեղծված։ Չնայած 56-ամյա ղեկավարը գրավոր հայտարարություններ է արել, նրանից որևէ լուսանկար, տեսանյութ կամ ձայնագրություն չի հրապարակվել։

Ժնևի բարձրագույն ինստիտուտի Իրանի հարցերով փորձագետ Ֆարզան Սաբեթն ասում է, որ Իսլամական Հանրապետությունում, ինչպես մյուս ավտորիտար ռեժիմներում, լեգիտիմությունը կարևոր է հատկապես համակարգի հիմքի տեսանկյունից:

«Իրանցիների մեծ մասի համար Մոջթաբան, ամենայն հավանականությամբ, նույնիսկ ավելի քիչ լեգիտիմություն կունենա, քան նրա հայրը, և ավելի թույլ կընկալվի։ Սակայն նա կարող է իր հեղինակությունը հաստատել ռեժիմի հիմնական աջակիցների շրջանում, հատկապես եթե վնասվածքներից ապաքինվելուց հետո կամ անվտանգության իրավիճակի բարելավման դեպքում ավելի տեսանելի դառնա»,- ասում է Սաբեթը։ «Այսպիսով, ի վերջո, սա հաղթահարելի խոչընդոտ է»։

Փոփոխություն իշխանության դինամիկայում

Տասնամյակներ շարունակ Իրանում իշխանությունը կենտրոնացված էր Ալի Խամենեիի ձեռքում, ով իր վերջնական խոսքն էր ասում բոլոր կարևոր պետական հարցերում և կառավարում էր երկիրը 1989 թվականից մինչև իր սպանությունը՝ փետրվարի 28-ը։

Սակայն նրա սպանությունից և Մոջթաբա Խամենեիի՝ իշխանության գալուց հետո Թեհրանում որոշումների կայացման գործընթացը փոխվել է:

«Իրանը գերագույն առաջնորդին չի փոխարինել կոլեկտիվ ղեկավարությունը, սակայն Ալի Խամենեին տասնամյակներ շարունակ կառուցել է այնպիսի ինստիտուտներ, որոնք ունակ են ղեկավարելու առաջնորդի հետ համատեղ»,- ասել է Վատանկան։

Գերագույն առաջնորդի գրասենյակը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը՝ երկրի քաղաքականության մշակման գլխավոր մարմինը, «այժմ կիսում են ամենօրյա որոշումների կայացման բեռը, մինչդեռ գերագույն առաջնորդը գնալով ավելի շատ հանդես է գալիս որպես միջնորդ, այլ ոչ թե անձամբ է ղեկավարում յուրաքանչյուր կարևոր հարց»,- հավելել է Վատանկան։

Թեև Մոջթաբա Խամենեին հանրային դաշտում չի երևում, ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ նա շարունակում է առանցքային դեր խաղալ պատերազմի ռազմավարության որոշման և Միացյալ Նահանգների հետ խաղաղության բանակցությունների կառավարման գործում։

Իրանի զինված ուժերի հատուկ կարգավիճակ ունեցող ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, միշտ էլ առանցքային դեր է ունեցել քաղաքականության մեջ։ Սակայն փորձագետների կարծիքով՝ այժմ այն դարձել է Իսլամական Հանրապետությունում գերիշխող քաղաքական ուժը։

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը, որը ղեկավարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհամմադ Բաղեր Զոլքադրին, շարունակում է ազդեցիկ դեր ունենալ։

Փորձագետների կարծիքով՝ բարձր պաշտոններ զբաղեցնողները, ինչպիսիք են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ և Միացյալ Նահանգների հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, նույնպես մեծ դեր են խաղում։

«Ալի Խամենեիի կենդանության օրոք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պետության ներսում ամենաազդեցիկ դերակատարն էր, և այսօր էլ՝ նրա բացակայույթան պայմաններում շարունակում է մնալ ամենաազդեցիկը»,- նշում է Սաբեթը։

Այնուամենայնիվ, կարծես թե, դեռևս շարունակվում են համակարգի հիմնական առանցքային ուժերի միջև կոնսենսուս ձևավորելու ջանքերը, որտեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չափազանց մեծ ազդեցություն ունի,-հավելել է նա։

Արդյունքում, ըստ փորձագետների, որոշումներն ավելի հաճախ կայացվում են ինստիտուցիոնալ համաձայնության միջոցով, այլ ոչ թե մեկ մարդու հեղինակության հիման վրա:

Վատանկանի խոսքով՝ «Դա քաղաքական որոշումների կայացումը դարձնում է ավելի դանդաղ և զգուշավոր, բայց միևնույն ժամանակ՝ համակարգը դարձնում է ավելի դիմակայուն, քանի որ պատասխանատվությունն այլևս կենտրոնացած չէ միայն գերագույն առաջնորդի վրա, այլ բաշխված է ամբողջ համակարգի միջև»:



XS
SM
MD
LG