Մատչելիության հղումներ

Իրանական առաջին լցանավերն են անցել Հորմուզը, Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանին

ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումից երկու ամիս անց իրանական հում նավթով բեռնված առաջին երեք լցանավերը դուրս են եկել Հորմուզի նեղուցով։ Նավերի տեղաշարժին հետևող Tanker Trackers կայքը հայտնում է, որ լցանավերն ընդհանուր առմամբ մոտ 4 միլիոն բարել իրանական հում նավթ են տեղափոխում։

Իրանական լցանավերն ամերիկյան շրջափակման գոտին հատում են այն բանից հետո, երբ Թեհրանն ու Վաշինգտոնը հայտարարեցին, որ համաձայնեցրել են շրջանակային համաձայնագրի տեքստը։

Փաստաթղթի պաշտոնական ստորագրումն սպասվում է ուրբաթ Շվեյցարիայում։

Գլոբալ տնտեսությունը ցնցած պատերազմն ավարտելու մասին այս համաձայնությունը ողջունել են աշխարհի մի շարք երկրներ։ Երեկ էլ «Մեծ յոթնյակի» առաջնորդները Ֆրանսիայում ընթացող գագաթնաժողովի ժամանակ նշել են, որ սա առաջընթաց է և «պատմական հնարավորություն»՝ թույլ չտալու Իրանին, որ միջուկային զենք ձեռք բերի։ Նրանք հայտարարել են, որ աջակցում են գործարքին և պատրաստ են նպաստել դրա իրականացմանը։

Հայտարարությունում ասվում է.

«Մենք ընդգծում ենք այս նպատակով բանակցությունների անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում և դրանից դուրս Իրանի ներկայացրած սպառնալիքների հարցը լուծելու և ապահովելու, որ նրանք երբեք միջուկային զենք ձեռք չբերեն»։

«Մեծ յոթնյակի» առաջնորդները նաև աջակցում են «Հեզբոլա»-ի զինաթափմանն ու Լիբանանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաև կոչ են անում ապահովել Հորմուզով նավերի ազատ ու անվճար անցումը։

Ու մինչ աշխարհն ուշի-ուշով սպասում է ԱՄՆ-Իրան համաձայնագրի ստորագրմանը, Իրանը սպառնում է պատասխանել Իսրայելի՝ Լիբանանում իրականացվող գործողություններին։ Երեկ Լիբանանում չորս մարդու կյանք խլած իսրայելական հարվածներից հետո Իրանի գլխավոր շտաբը սպառնացել է, որ եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները, ապա «կոշտ պատասխան» կստանա։ Գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ համաձայնագրի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Իսրայելը ավելի քան 80 անգամ խախտել է հրադադարը Լիբանանում։

Սակայն Իսրայելի բանակը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։ Տյուրոս քաղաքում վիրավորներ կան։ Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի մարտիկները պատասխան հարվածներ են հասցրել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, այդուհանդերձ, հայտնել է, որ Լիբանանում կրակոցները վերջին օրերին նվազել են, թեև Իսրայելի ռազմական գործողությունները դեռ խնդիրներ են ստեղծում բնակիչների համար։

«Թեև կիրակի օրվանից ի վեր բռնությունը նվազել է, հարավային Լիբանանում շարունակվում են միջադեպերի մասին լուրեր ստացվել, ինչն ուղիղ ազդեցություն ունի մարդկանց տեղաշարժվելու հնարավորության վրա։ Չպայթած զինամթերքի առկայությունը ևս շատ լուրջ մտահոգություն է բոլորի համար», - նշել է Ստեֆան Դյուժարիկը։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի բանակի կողմից զանգվածային հարկադիր տեղահանման հրամանները միջազգային իրավունքի համաձայն «ռազմական հանցագործություն» են համարվում։

«Համայնքները բռնի կերպով արմատախիլ անելու և լիբանանյան հողերի ամբողջ հատվածները քաղաքացիական անձանց համար «արգելված գոտիներ» սահմանելու փոխարեն, իսրայելական ուժերը պետք է անհապաղ դուրս գան լիբանանյան տարածքից», - ասել է կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային հարցերով փոխտնօրեն Քրիստին Բեքերլեն։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG