Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմը լիովին «վարկաբեկել է Ամերիկային» և արագացրել « իսրայելական հանցավոր ռեժիմի փլուզումը», հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարը:
Բրիգադի գեներալ Էսմայիլ Քաանին իրանական լրատվամիջոցներին ասել է, որ չնայած աննախադեպ ճնշմանը՝ մասշտաբային ավերածություններին և սարսափելի հանցագործություններին՝ «դիմադրության ոչ մի խումբ չի լքել դաշտը»՝ հավելելով, որ այս անսասանությունը «սարսափեցրել է թշնամիներին»։
Քաանին պնդել է, որ դիմադրության առանցքի խմբերն ինքնուրույն են որոշել գլխավորել ԱՄՆ-ի դեմ պայքարը՝ Իրանին պաշտպանելու համար: «Դա նրանց սեփական որոշումն էր, որը կայացվել է առանց որևէ մեկի խնդրանքի»,- ասել է նա։
Իրանցի գեներալը նշել է, որ «Հեզբոլա»-ն, որը ներկայացնում է Լիբանանի ողջ շիա համայնքը և ոչ շիա համայնքի մեծ մասը, «չի կարող փլուզվել», ապա զգուշացրել է, որ այն ամենն ինչ արել է խմբավորումը, դեռ «սառցաբեկորի գագաթն է» միայն։
Իրանցի գեներալը նաև նշել է, որ Թեհրանի խաղաքարտերից է նաև Բաբ ալ-Մանդեբի նեղուցը, որով Արաբական ծովը միանում է Կարմիր ծովին: Նա պնդել է, որ այս ընթացքում ԱՄՆ ժամանակակից ռազմանավերը «չեն համարձակվել» անցնել նեղուցով:
Էսմայիլ Քաանին նաև գովաբանել է Իրանի բանակցողներին՝ միջնորդների հետ կատարած աշխատանքի համար՝ հավելելով, թե Լիբանանի հարցում Իրանի դրսևորած հաստատակամությունն ապացուցեց, որ «մարտադաշտի և դիվանագիտության մարդիկ դիմադրության տեսակից են»։
Իրանի դեմ պատերազմը «վարկաբեկել է» ԱՄՆ-ին և «արագացրել Իսրայելի փլուզումը». Էսմայիլ Քաանի