Մատչելիության հղումներ

Շրջանակային համաձայնագիրը հստակ սահմանում է՝ Թեհրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել. Թրամփ

Ֆրանսիա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ յոթնյակի գագաթնաժողովում, էվիան-լե-Բեն, 16-ը հունիսի, 2026թ.
Ֆրանսիա - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ յոթնյակի գագաթնաժողովում, էվիան-լե-Բեն, 16-ը հունիսի, 2026թ.

ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված շրջանակային համաձայնագիրը հստակ սահմանում է՝ Թեհրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել, հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Կատարի շեյխի հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահն ասել է, որ սա իրեն մտահոգող գլխավոր հարցն է:

«Անկեղծ ասած, միակ բանը, որ արժե նշել, և որն իրոք կարևոր է ինձ համար, այն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Եվ փաստաթղթում այդ մասին ասվում է հստակ և միանշանակ։ Նրանք չեն մշակելու, չեն գնելու միջուկային զենք: Ոչինչ չեն անելու դրա հետ: Իսկ եթե անեն, հետևանքները կլինեն անհավանական», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է Իսրայելի ղեկավարությանը՝ Վաշինգտոն-Թեհրան գործարքից առաջ Լիբանանում Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ին հարվածելու համար: Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հիանալի հարաբերություններ ունի, սակայն հավելել է, որ նա պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում, քանզի Իսրայելի գործությունները կարող են խանգարել ԱՄՆ-Իրան գործարքին։

«Ոչ, ես դժգոհ եմ, թե ինչ վարքագիծ է դրսևորել Իսրայելը, ինչպես է կարգավորել Լիբանանի և «Հեզբոլա»-ի հետ կապված հարցերը։ Նրանք պետք է ավելի շուտ անեին դա։ Բայց դա ձգձգվում է երկար ժամանակ ... և բացասական լույս է սփռում մեծ գործարքի վրա։ Նկատի ունեմ Իրանի հետ գործարքը», - ընդգծել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Իրանի հարստացված ուրանը ոչնչացնելու հարցում չեն շտապում:

Թրամփի հայտարարությունների ֆոնին Brent տեսակի նավթի գինը իջել է 80 դոլարից՝ առաջին անգամ մարտից ի վեր:

Ու մինչ Սպիտակ տան ղեկավարը դժգոհում է Իսրայելից, Իրանն իր հերթին պահանջում է, որ նախքան բանակցություններն սկսելը Իսրայելը դադարեցնի պատերազմը Լիբանանում, քանզի դա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի անբաժանելի մասն է: Իրանի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ Իսրայելի օկուպացիան խախտում է ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնագիրը: Աբբաս Արաղչին նաև զգուշացրել է՝ այս պահից սկսած՝ Լիբանանի վրա ցանկացած հարձակում անընդունելի է:

«Սա, թերևս, հուշագրում ամենակարևոր հարցն է՝ պատերազմի անհապաղ և մշտական դադարեցման մասին է հայտարարվում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում», - ասել է Արաղչին:

Իրանի գլխավոր դիվանագետը նաև հայտնել է, որ խաղաղության շուրջ ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունները երկու փուլով կանցկացվեն: Առաջինում, ըստ նրա, կքննարկվեն Հորմուզի նեղուցի կարգավիճակը, Իրանի ծովային շրջափակման վերացումը և Իրանի վերակառուցումը: Երկրորդում կանդրադառնան միջուկային ծրագրին ու պատժամիջոցների վերացմանը. այս հարցերը կլուծվեն վերջնական համաձայնագրով։

Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ հուշագիրն էլեկտրոնային եղանակով ստորագրել են ԱՄՆ նախագահը, փոխնախագահը և Իրանի խորհրդարանի խոսնակը: Թեհրանն էլ հաստատել է, որ հենց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կմասնակցի Ժնևում հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը:

ԱՄՆ փոխնախագահն, իր հերթին, հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիրը մոտ 1.5 էջանոց է, շատ ընդհանուր փաստաթուղթ է: Fox New-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, թե դրանով սահմանվում է, որ վերջնական համաձայնության հասնելու համար 60-օրյա բանակցությունների ընթացքում Հորմուզի նեղուցով նավերի անցումը կլինի անվճար: Նաև Իրանը պարտավորում է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, այդ թվում՝ «ահաբեկչական կազմակերպությունների» ֆինանսավորումը դադարեցնելով, նշել է Վենսը:

ԱՄՆ փոխնախագահի փոխանցմամբ՝ Իրանը նաև պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, թույլ տալ Իրան վերադառնալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին, որոնք ԱՄՆ-ի հետ Իրանին կօգնեն ոչնչացնել բարձր հարստացված ուրանը: Նա նաև հստակեցրել է՝ գործարքը չի ենթադրում ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղակի ֆինանսավորում:

«Համաձայնագրում ասվում է, որ եթե իրանցիներն իրենց լավ դրսևորեն, եթե պատժամիջոցները մեղմվեն, և եթե իրանցիներն ինտեգրվեն համաշխարհային տնտեսությանը, մենք կհրավիրենք այլ երկրների՝ ներդրումներ կատարելու նրանց երկրում։ Դա լավ է, բայց միայն այն դեպքում, եթե նրանք կատարեն համաձայնագրի պայմանները», - ընդգծել է Վենսը:

Չնայած Իրանը պնդում է, որ պատերազմը դադարեցվի նաև դաշնակից Լիբանանում, և իսրայելական բանակը դուրս գա երկրի հարավից, Իսրայելի վարչապետը հայտարարել է՝ դուրս չեն գալու անվտանգության բուֆերային գոտիներից՝ ոչ Լիբանանում, ոչ Գազայում, ոչ էլ Սիրիայում:

«Եվ ես ուզում եմ հստակեցնել. մենք կմնանք այս անվտանգության գոտիներում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր երկիրը պաշտպանելու համար», - ասել է Նեթանյահուն:

Նա նաև զգուշացրել է՝ Իսրայելը ոչ մի դեպքում Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել: «Գործարքով կամ առանց դրա՝ Իրանը միջուկային զենք չի ունենա։ Ոչ այսօր, ոչ էլ վաղը։ Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա», - հայտարարել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը նաև ասել է, որ Թրամփի հետ իրար ճանաչում են երկար տարիներ ու հաճախ համաձայն են լինում որոշ հարցերի շուրջ, իսկ երբեմն՝ ոչ։ «Ես պատասխանատու եմ Իսրայելի անվտանգության շահերի համար և պնդում եմ, որ դրանք հարգվեն», - նշել է նա։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG