Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ նախատեսում է Սլովակիայի հետ միասին մասնագետներ ուղարկել Ուկրաինա՝ գնահատելու «Դրուժբա» նավթամուղի վիճակը։
Նա Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, որ իր սլովակ գործընկերոջ՝ Ռոբերտ Ֆիցոյի հետ համաձայնեցրել է ստեղծել համատեղ հետաքննական հանձնաժողով՝ «Դրուժբա» նավթամուղի վիճակը պարզելու համար։
«Կոչ եմ անում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին թույլ տալ հունգարական և սլովակական փորձագետների մուտքը և վերսկսել «Դրուժբայի» աշխատանքը»,- նշել է Օրբանը։
Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա այն պատճառով, որ հունվարի 27-ից Ուկրաինայի տարածքով անցնող ռուսական նավթի մատակարարումը «Դրուժբա» նավթամուղով դադարեցվել է թե՛ Հունգարիա, թե՛ Սլովակիա։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն սա անվանել է Ուկրաինայի կողմից քաղաքական շանտաժ։
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է, որ Հունգարիան և Սլովակիան ժամանակավորապես ստանան նավթ «Ադրիա» նավթամուղով։ Մատակարարումների մեկնարկը պլանավորվում է ապրիլին։
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը երեկ հայտնել էր, որ «Ադրիա» նավթամուղը կարող է տարեկան մինչև 15 միլիոն տոննա նավթ տեղափոխել, ինչը բավարար է ամբողջությամբ հոգալու թե՛ Հունգարիայի, թե՛ Սլովակիայի պահանջները։