Մատչելիության հղումներ

Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա

«Դրուժբա» նավթատարը, արխիվ
«Դրուժբա» նավթատարը, արխիվ

Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա։ Լուրը հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյին։

Ավելի վաղ հունգարական MOL ընկերությունը հայտարարել էր, որ ռուսական նավթի մատակարարումները Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» նավթատարով դադարեցվել են հունվարի 27-ից՝ ինչպես դեպի Հունգարիա, այնպես էլ Սլովակիա։

Պետեր Սիյարտոն սոցիալական ցանցում գրել է, որ դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա չեն վերսկսվի, քանի դեռ չի վերականգվել «Դրուժբա» նավթատարով նավթի տարանցումը դեպի Հունգարիա։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքական պատճառներով որոշում է կայացրել չվերականգնել նավթի տարանցումը՝ դիտավորյալ վտանգի տակ դնելով Հունգարիայի էներգամատակարարումը, այն դեպքում, երբ մենք կարևոր դեր ենք խաղում Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։ Ուկրաինա գազի, էլեկտրաէներգիայի և դիզելային վառելիքի ներմուծման զգալի մասը կատարվում է Հունգարիայով կամ Հունգարիայից։ Մենք չենք կարող երաշխավորել մեկ այլ երկրի էներգետիկ անվտանգությունը, երբ մեր սեփական մատակարարումները վտանգված են։ Էներգետիկ համագործակցությունը պետք է լինի փոխադարձ և հիմնված հարգանքի վրա, այլ ոչ թե ճնշման», - ընդգծել է Հունգարիայի ԱԳ նախարարը։

Իր հերթին Սլովակիայի կառավարությունը հայտարարել է, որ որոշել է պետական նյութական պահուստների վարչությունից հատկացնել 250 հազար տոննա նավթ, ինչը թույլ կտա Slovnaft ընկերությանն առնվազն մեկ ամիս ապահովել մատակարարումները երկրի ներսում։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ «Դրուժբա» նավթատարով մատակարարումների դադարեցումից հետո կառավարությունն ակտիվ բանակցություններ է վարում Slovnaft-ի հետ՝ այլընտրանքային աղբյուրներ գտնելու ուղղությամբ, մասնավորապես՝ խորվաթական «Ադրիա» նավթատարի օգտագործմամբ։ Սակայն այդ երթուղով տարանցման սակագինը հինգ անգամ բարձր է։


XS
SM
MD
LG