Մատչելիության հղումներ

«Հիվանդանոցից՝ բանտ. խոշտանգում և պատիժ». 18-ամյա պատանին կշարունակի բուժվել բանտի բուժմասում

Դավիթ Մինասյանին տեղափոխում են հիվանդանոց, 3-ը ապրիլի, 2026թ.
Դավիթ Մինասյանին տեղափոխում են հիվանդանոց, 3-ը ապրիլի, 2026թ.

Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ վարչապետի անվտանգության աշխատակցի բռունցքի հարվածից հետո ուղեղի ցնցում և փակ գանգուղեղային վնասվածք ստացած Դավիթ Մինասյանին երեկ ուշ երեկոյան հիվանդանոցից տեղափոխեցին բանտ։ Սա խոշտանգում է, պնդում է պատանու փաստաբանը։

«Խոշտանգման է ենթարկվում, փաստացի՝ էս երեխեն խոշտանգվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ մանկուց առողջական խնդիրներ ունեցող պատանու վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։

«Ես առավոտյան տեսել եմ իրեն և ես իմ գնահատումը, իմ գնահատականը տվել էի, որ իր վիճակը նույնն է: Այսինքն, իմ գնահատմամբ՝ Դավիթի վիճակը օբյեկտիվորեն դուրս գրման չէր՝ գլխապտույտներ, գլխացավեր, այո, անկողնային դե ինքը ռեժիմում էր, անկողնային վիճակում էր, ինքը ակնհայտ ուներ նաև իրեն խնամողի, խնամակալի անհրաժեշտություն», - նշեց Մարտիրոսյանը:

Ինչո՞ւ որոշվեց մի քանի ուշագնացությունից հետո բանտից հիվանդանոց տեղափոխված պատանուն դուրս գրել հիվանդանոցից: Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ հիվանդանոցն է դուրս գրման որոշում կայացրել: «Նաիրի» բժշկական կենտրոնից էլ հայտնեցին, որ ուղեղի ցնցմամբ տասն օր առաջ հիվանդանոց տեղափոխված տղայի մոտ դրական դինամիկա կա: Նախարարությունից ընդգծում են՝ Արմավիրի բանտում նա բժիշկների հսկողության տակ կլինի՝ ընդհանուր թերապևտիկ բաժանմունքում:

«Անմարդկային վերաբերմունք է անձի նկատմամբ». իրավապաշտպան

«Արդյո՞ք այդ տարածքը համալրված է բազմաֆունկցիոնալ բժշկական սպասարկմամբ և հետազոտություններով, որը կարող է սպասարկել նման պարագայում, երբ անձը ունի և՛ առողջական խնդիրներ, և՛ տրավմայով պայմանավորված խնդիրներ և հստակորեն ցուցում ունի նաև խնամողի առկայության նրա կողքը: Իհարկե ոչ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է Ծաղկազարդի պատարագի օրը թիկնազորի հետ Երևանի Սուրբ Աննա եկեղեցի մտած վարչապետի դեմ բռնություն գործադրելու ու խուլիգանության հոդվածներով: Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ բացող անվտանգության աշխատողների հրմշտոցից վրդովված՝ ավագ դպրոցի աշակերտը ձեռքը բարձրացրել էր վարչապետի ուղղությամբ: Դրանից հետո անվտանգության աշխատողը հարվածել էր տղային, վայր գցել նրան:

Պարբերաբար բանտեր այցելող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը պնդում է՝ Արմավիրի բանտում հիվանդանոցի համեմատ բժշկական պատշաճ սպասարկում չկա: Այդ բանտի խցերում, ինչպես նաև բուժմասում կարող են բուժում ստանալ համեմատաբար բարվոք վիճակում գտնվող հիվանդները:

«Իսկ նրանք, ովքեր ունեն առողջական լրջագույն խնդիրներ, կա՛մ տեղափոխվում են քաղաքացիական հիվանդանոցներ, կա՛մ դիմում է ներկայացվում, եթե նրանք դեռևս օրենքի ուժով և դատարանով պատիժը չեն կրում և վճիռը ի կատար չի ածվում դատարանի որոշմամբ, այսինքն՝ դատապարտյալներ չեն, խափանման միջոցի փոփոխության միջոցով, կամ, օրինակ, փոփոխվում է նաև բժշկական հանձնաժողովի դիտարկումների արդյունքում», - նշեց Հովհաննիսյանը:

Ցանկացած հիվանդանոցում րոպեների ընթացքում կարող են հետազոտություններ անցկացնել, բուժման ընթացքին հետևել, բանտերում այդպես չէ, նկատում է հասարակական դիտորդական խմբի անդամը:

«Սա իրականում անմարդկային վերաբերմունք է անձի նկատմամբ, որը ունի և՛ առողջական խնդիր, և՛ ստացել է վնասվածք հենց այդ օրը տեղի ունեցած միջադեպի արդյունքում, և այստեղ կարծես թե կալանքը դիտարկվում է որպես պատժի միջոց անձի նկատմամբ և նաև ցուցադրում հասարակությանը», - ասաց Հովհաննիսյանը:

Նստացույցը Դատախազության շենքի մոտ շարունակվում է

Երեկվանից ավագ դպրոցի աշակերտի ազատության համար Գլխավոր դատախազության շենքի մոտ նստացույց են անում մի խումբ մայրեր: Նրանց զայրացրել էր Դավիթին բանտ տեղափոխելու լուրը:

«Տղան իսկապես շատ ծանր վիճակում է գտնվում, և անհրաժեշտ է, որ շարունակի մնալ հիվանդանոցում: Աստված ոչ անի՝ Դավիթին մի բան պատահի, մենք երբեք մեզ չենք կարող ներել», - ասաց Սայիդա Պողոսյանը:

Պողոսյանը երկու օր է՝ ցրտին ու անձրևին ժամեր է անցկացնում Դատախազության մոտ:

«Նույնիսկ էն ամենա բավականին ծանր հանցագործություն կատարած մարդկանց խափանման միջոցները այլ են լինում, իսկ 18 տարեկան տղայի խափանման միջոցը, էն էլ՝ էսպիսի խիստ վերաբերմունք, դա անընդունելի է: Դավիթը պետք է շարունակեր մնալ հիվանդանոցում, և պետք է պահանջենք, որպեսզի խափանման միջոցը փոխվի: Այլ տարբերակ էս պարագայում չեմ տեսնում», - նշեց կինը:

Սայիդային միացած Նուբար Դանիելյանը չի հեռանա Դատախազության մոտից, մինչև տղան կալանքից ազատ չարձակվի:

«Դավիթին ետ տանելով՝ իրենք ուղղակի ուզում են ըմբոստ քաղաքացիների բերանը փակել՝ վախեցնելով», - պնդեց Դանիելյանը:

Մինչ պատանու ազատ արձակման հարցով բողոքի ակցիաները, ստորագրահավաքները, փաստաբանների դիմումներն առայժմ արդյունք չեն տալիս, Քննչական կոմիտեն չի արձագանքում՝ արդյո՞ք քննում է նաև վարչապետի անվտանգության աշխատողի հարվածը: «Ազատություն»-ը գրավոր հարցում է ուղարկել, բայց դեռ պատասխան չկա:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG