Մատչելիության հղումներ

«Պետք է տարբերել իրական հանցագործներին». նստացույց՝ հանուն 18-ամյա պատանու

Սայիդա Պողոսյանի չորս երեխաների առաջիկա օրերին կխնամեն հարազատները, իսկ ինքը չնայած անձրևին ու ցրտին նստացույց կանի դատախազության դիմաց:

«Գլխավոր դատախազից պահանջում են անաչառ քննություն, թույլ տալ՝ Դավիթի բուժումն անցկացվի տանը և իր ընտանիքի հոգատարության ներքո, թույլ տալ ստանալ լիարժեք բուժում, և փոխվեն այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են, - ասաց նա՝ շարունակելով, - Այսօր Դավիթն է, վաղը մեր յուրաքանչյուր երեխա կարող է հայտնվել այս իրավիճակում, և մենք էլ ապահովագրված չենք»:

Սայիդան ու մի քանի այլ մայրեր այսօրվանից մեկ շաբաթ մինչև երեկոյան 8-ը կմնան Գլխավոր դատախազության մոտ: Նստացույցով նրանք գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո մեղադրյալ դարձած 18-ամյա պատանուն:

«Շատ ցուրտ է, բայց ես ինձ ամեն վայրկյան պատկերացնում եմ Դավիթի մայրիկի տեղում, որպես մայր իմ աջակցությունն եմ հայտնում Դավիթի մայրիկին», - ասաց նա:

Երկու շաբաթ առաջ Սուրբ Աննայում Ծաղկազարդի պատարագը վերածվեց քրեական գործի: Վարչապետի չհայտարարված այցը եկեղեցի ավարտվեց Դավիթ Մինասյանի ու երկվորյակ եղբոր՝ Միքայելի, ինչպես նաև նրանցից քիչ հեռու պատարագին մասնակցող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի ձերբակալությամբ:

Քննչականը վարչապետի անվտանգության աշխատակիցների հրմշտոցի դեմ բողոքած ու ձեռքը վարչապետի ուղղությամբ բարձրացրած Դավիթին մեղադրում է խուլիգանության և պաշտոնյայի նկատմամբ բռնության, եղբորը՝ օժանդակելու, իսկ Գևորգյանին՝ այս ամենը կազմակերպելու հոդվածներով:

«Իրականում լիահույս եմ, որ հնարավորություն կունենանք ազդել իրավիճակի վրա, մեր նպատակը նա է, որ շատ մարդիկ ներգրավվեն: Երբ մի խնդրի շուրջ կարողանում ես շատ մարդկանց մոբիլիզացնել և խնդիրը բարձրաձայնել, հնարավորությունը մեծանում է», - նշեց Սայիդա Պողոսյանը:

Եկեղեցու կադրերում երևում է, թե ինչպես է Փաշինյանի համար ճանապարհ բացող թիկնազորը հրմշտում մարդկանց։ Ինչ-որ մի պահի անվտանգության աշխատակիցը բռունցքով հարվածում է Դավիթին՝ վայր գցելով նրան: Փաստաբանների պնդմամբ՝ այս հարվածից ավագ դպրոցի աշակերտն ուղեղի ցնցում և փակ գանգուղեղային տրավմա է ստացել. Դավիթը մեկ շաբաթից ավելի է՝ բանտից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժում է ստանում:

Միջադեպից 15 օր անց էլ Քննչականը չի բացահայտում՝ արդյո՞ք քննում է անվտանգության աշխատողի հարվածի դրվագը:

«Նստացույցի մասին Ֆեյսբուքով...ամեն դեպքում 18 տարեկան երեխա է և վատառողջ: Իրեն փորձել են հրել, ինքն էլ պատասխանել է», - ասաց
նստացույցի մասնակից Մարիաննա Զարգարյանը, ով չի ճանաչում երկվորյակ եղբայրներին:

Ինքն էլ նույն տարիքի տղա ունի, այդ հասակում բոլորն էլ մի քիչ տաքարյուն են, ասում է կինն ու իշխանություններին խնդրում տարբերել իրական հանցագործներին. «Ես համարում եմ, որ իշխանությունները պետք է այնքան հմուտ և մեծահոգի լինեն, որ տարբերեն իրական հանցագործներին»:

Նուբար Դանիելյանը նկատում է՝ Դավիթն ու մյուս պատանիները պարտավոր չէին իմանալ, թե պատարագի կեսից ով է մտնում եկեղեցի, և ինչու են քաղաքացիական հագուստով տղամարդիկ հրում իրենց. «Բոլորը, մանավանդ չափահաս երեխաները պարտավոր չեն դեմքով ճանաչել թիկնապահներին, ուղեկցողներին, և իրենք այդ կարգով իրավունք չունեին, որ երիտասարդը, միգուցե չճանաչելով, ստացվել է այն, ինչ ստացվել է»:

Դավիթը հիվանդություններ ունի, որոնցից երկուսը, փաստաբանների խոսքով, հենց կառավարության որոշմամբ անհամատեղելի են բանտային պայմանների հետ: Չնայած դրան դատավորը երկու ամսով կալանավորեց պատանուն, հետո Գլխավոր դատախազությունը մերժեց ազատ կալանքից, Քննչականն էլ երկու շաբաթում ավարտեց Դավիթի մասով քննությունը:


Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի համոզմամբ՝ նախաքննությունն արագ ավարտելով՝ կանխվում է ապրիլի 17-ին Վերաքննիչի որոշմամբ պատանուն ազատ արձակելու հնարավորությունը:

Օրենքով, երբ նախաքննությունն ավարտվում է, և գործը սկսում է քննել դատարանը, հենց այդ դատարանն էլ առաջին նիստով քննարկում է խափանման միջոցի հարցը: Ստացվում է, որ Դավիթ Մինասյանի կալանքը փոփոխելու հարցի քննությունը Վերաքննիչում կչեղարկվի և կտեղափոխվի առաջին ատյանի դատարան:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG