Մատչելիության հղումներ

«Հայաստանն Ադրբեջանին միջանցք է տալիս. չկա փոխադարձության սկզբունքը». պատգամավորը՝ TRIPP-ի մասին


Armenia-Artur Khachatrian, MP member of Parliament,undated
Armenia-Artur Khachatrian, MP member of Parliament,undated

«Թրամփի ուղու» վերաբերյալ արտգործնախարար Միրզոյանի ու Միացյալ Նահանգների փոխնախագահի ստորագրած վերջին փաստաթուղթն էլ մտահոգությունները չի փարատում. «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհն այն միջանցքն է, ինչ պահանջում է Ադրբեջանը, պնդում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որ վերջին փաստաթուղթն էլ մանրամասն կարդացել է:

«Կար հստակ որոշակիություն, որ Ադրբեջանը ստանում է անխոչընդոտ անցման իրավունք, Հայաստանը՝ ինչ-որ անորոշ փոխադարձ առավելություններ: Երբ Հայաստանն Ադրբեջանի միջով սկսեց ստանալ ցորեն մի բուռ՝ մեծամասամբ 4-րդ կարգի, և բենզին, մասնակի տրանզիտի իրավունք է տրամադրվել Հայաստանին, որովհետև միայն ներմուծում է, չի արտահանում: Այստեղ եկավ այն, ինչ որ ասում էինք, որ Հայաստանը փաստորեն Ադրբեջանին տրամադրում է միջանցք, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ-որ մի բան ներմուծել», - նշեց Խաչատրյանը:

Եթե սա ճանապարհների ապաշրջափակման ծրագիր է և ոչ թե միջանցք, ապա ինչո՞ւ չի խոսվում Հայաստանի մյուս ճանապարհները բացելու մասին, շեշտում է պատգամավորը. «Եթե մենք ուզում ենք տարածաշրջանի բոլոր կապուղիների ապաշրջափակում, ապա ոչ միայն Ադրբեջանը պետք է Մեղրիի միջով Նախիջևանի հետ կապ ստանա, այլ նաև Հայաստանը պետք է Նախիջևանի միջոցով անխոչընդոտ անցում ստանա, միանա Արարատի մարզի հետ, Հայաստանի հյուսիսային ճանապարհը պետք է բացվի՝ Իջևան-Ղազախը, նաև դեպի արևմուտք»:

Իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը, ո՞ւր է փոխադարձության սկզբունքը, Հայաստանին տրամադրո՞ւմ են Նախիջևանով կամ Ադրբեջանով անցնող անխոչընդոտ ճանապարհ՝ այս մասին ոչ մի տող չկա, նշում է Արթուր Խաչատրյանը:

«Մենք չենք տեսնում որևէ փոխադարձություն, Ադրբեջանն ի՞նչ անցում է տալիս Հայաստանին, գոնե այս թղթով դա չի լուծվում, հետևաբար Հայաստանի նույնիսկ ներքին ապաշրջափակումը Սյունիքից Արարատի մարզ մինիմալ հարց է, չի լուծվում սրանով», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ երեկ ստորագրված հայտարարության՝ Հայաստանը կունենա լիակատար իրավասություն սահմանային վերահսկողության և մաքսային գործառույթների նկատմամբ: Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննելի: Իշխանական թևից պատգամավոր Սարգիս Խանդանյանը Հայաստանի ինքնիշխանության հետ կապված մտահոգություններն այս ձևակերպմամբ փարատված է համարում. «Ես կարծում եմ՝ այս նախադասությունն ամբողջությամբ այդ մտահոգությունը լուծել է»:

Ադրբեջանը պահանջում էր, որ Հայաստանի տարածքով անցնելիս հայ սահմանապահի չտեսնի, այս հարցը ինչպե՞ս է լուծվել, հայերը ադրբեջանցիներին ստուգելու իրավասություն ունե՞ն, Խանդանյանն ասաց. «Տեքստում հստակ գրված է, որ Հայաստանի սահմանապահ և մաքսային ծառայության ներկայացուցիչներն իրենց լիազորություններից բխող գործունեություն են իրականացնելու և ներկա են լինելու ամբողջ ենթակառուցվածքի վրա և համապատասխան վայրերում»:

Չնայած հայտարարություններին՝ Ադրբեջանը հռետորաբանությունն ու ձևակերպումները չի վերանայում՝ շարունակում է նախագիծը անվանել «Զանգեզուրի միջանցք»: Բաքվի գործընկերների ձևակերպումը Փաշինյանի թիմակիցը անհարգալից վերաբերմունք է համարում Միացյալ Նահանգների նկատմամբ:

«Հորդորում եմ բոլոր գործընկերներին օգտագործել TRIPP անվանումը», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:

Իրանը մտահոգություններ ունի

TRIPP նախագծի վերաբերյալ Թեհրանի մտահոգություններն էլ լիովին փարատված չեն: Ամերիկան կարող է այս պրոյեկտը օգտագործել իր որոշակի անվտանգային քաղաքականությունը շարունակելու համար, Հայաստանում Իրանի դեսպանն է այսպես արձագանքել: Հայկական կողմը բարձր մակարդակով Իրանին վստահեցրել է, որ Հայաստանը հարևանի համար սպառնալիքի աղբյուր չի դառնա: Թեհրանում հույս ունեն, որ մտահոգությունները կփարատվեն, շեշտել է դեսպան Խալիլ Շիրղոլամին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG