Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է Իրանի հետ բիզնես անող բոլոր երկրների նկատմամբ 25 տոկոսի մաքսատուրք սահմանելու մասին: Սպիտակ տան կայքում, սակայն, չկան տեղեկություններ, թե ինչպե՞ս է Թրամփն իր կարգադրությունը իրագործել կամ իրագործելու:
Truth Social սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփի հայտարարությունը հետևում է Իրանում ծայր առած բողոքի մասշտաբային ցույցերին, հարյուրավոր զոհերի մասին տեղեկություններին: ԱՄՆ նախագահը սպառնացել էր գործողություններ ձեռնարկել:
Մինչ Հայաստանի կառավարությունը դեռ չի արձագանքել այս հեռանկարին, տնտեսագետները պաշտոնյաներին խորհուրդ են տալիս անհապաղ գործի անցնել՝ բացատրելու ամերիկյան կողմին, որ Իրանի հետ այդ թվում առևտրային հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն:
«Հայկական կողմը կարող է բանակցել Հայաստանի կենսական շահերը ներկայացնելու համար, հակառակ դեպքում իրոք Հայաստանը բավականին լուրջ խնդրի առջև է կանգնելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Իրանը Հայաստանի չորրորդ ամենամեծ առևտրային գործընկերն է: Այս պահին հայտնի են 2024-ի պաշտոնական թվերը՝ հարևան երկրի հետ առևտուրը շուրջ 740 միլիոն դոլարի է հասել, նույն տարում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը մոտ 411 միլիոնի առևտուր են ունեցել: Ընդ որում՝ արտահանումը մոտ 60 միլիոն է կազմել:
Իսկ Իրանից ավելի մեծ է եղել ներկրումը, քան արտահանումը՝ մոտ վեց անգամ. ներկրումը 630 միլիոն դոլարի է հասել, արտահանումը՝ 108 միլիոնի:
Ներմուծվող ապրանքների մեջ առյուծի բաժինը երկաթինը, գազինն ու նավթամթերքինն է:
Սուրեն Պարսյանն ասում է՝ տարիներ շարունակ Հայաստանը կարողացել է պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ համագործակցության անհրաժեշտությունը բացատրել Արևմուտքի գործընկերներին և խուսափել հետևանքներից:
Հայկական կողմն, ըստ տնտեսագետի, պետք է փորձի առաջին փուլում գոնե հետաձգել 25 տոկոս ամերիկյան մաքսատուրքի կիրառումը, հետագայում ջանքեր գործադրի այն վերացնելու համար: Միացյալ Նահանգների նախագահը էլի է արել նման հայտարարություններ, հետո՝ մեղմացրել կամ չեղարկել, հիշեցնում է:
«Արարատ Միրզոյանը, որը ներկայումս գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պետք է առիթը բաց չթողնի, խոսի Մարկո Ռուբիոյի հետ: Մենք պետք է բացատրենք մեր բոլոր գործընկերներին, որ մենք այլընտրանք չունենք, մենք ապրում ենք այս տարածաշրջանում, որտեղ երկու սահմաններն էլ փակ են», - ընդգծեց տնտեսագետը՝ շարունակելով. - «Հայկական կողմը նաև կարող է թվերով բացատրել, որ 1-ին 5 հարաբերակցությամբ մենք ենք ներկրում, մեր դոլարն է գալիս ձեզ մոտ, քան մենք ենք վաճառում ձեզ մոտ, ձեր շուկայում: Այսինքն՝ այս առումով էլ հայկական կողմը, կարծում եմ, ունի տնտեսական որոշակի հիմնավորումներ՝ ցույց տալու, որ Թրամփի քաղաքականությունը՝ բարձրացնել մաքսատուրքերը, վերանայելու մեր առևտրային բալանսը, սալդոն, կարծում եմ, Հայաստանի դեպքում տեղին չէ»:
Ներմուծման մեջ մեծ է իրանական գազի ծավալը: 2010-ից Հայաստանն ու Իրանն իրականացնում են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը:
Պարսյանն ասում է՝ եթե Իրանի հետ գործընկերությունը խաթարվի, դա ընդհուպ հոսանքի գնի բարձրացման կարող է բերել:
«Այս ծրագրի շնորհիվ մենք ունենք նաև տեղում հոսանքի լրացուցիչ արտադրություն պետական Երևանի ՋԷԿ ընկերությունում, որը նպաստում է, որ էլեկտրաէներգիայի սակագները չբարձրանան: Դրան գումարած՝ մենք ունենք որոշակի միջազգային պարտավորություններ Իրանի առջև, այսինքն՝ եթե մենք խզեք այդ հարաբերությունները, մենք բավականին լուրջ տույժերի, տուգանքների և ամենակարևորը՝ վարկանիշի կորուստ ենք ունենալու: Նկատի ունենանք, որ նաև Իրանը տարածաշրջանում խոշոր, էներգակիրներով հարուստ երկիր է, Հայաստանի համար մշտապես դիտարկվել է որպես դիվերսիֆիկացման հնարավորություն, Ռուսաստանից կախվածության նվազեցում», - շեշտեց տնտեսագետը:
Հայ-իրանական հարաբերությունների վատթարացումը, ըստ Սուրեն Պարսյանի, ոչ միայն տնտեսական հետևանքներ կարող է ունենալ. - «Որպեսզի TRIPP-ի նկատմամբ իրանական կողմը թշնամանք չցուցաբերի, նաև շատ կարևոր է, որ հայկական կողմը պահի իր հարաբերությունները Իրանի հետ: Այսինքն՝ Իրան-Հայաստան լավ հարաբերությունների պահպանությունը կօգնի նաև ապագայում այդ ծրագրերը չխոչընդոտելու համար»:
Իրանում ծայր առած բողոքի ցույցերին Երևանը չի արձագանքել: Հենց այդ ակցիաների ընթացքում հինգ օր առաջ Երևանում էր Իրանի փոխարտգործնախարարը՝ հերթական քաղաքական խորհրդակցությունների համար:
Իրանցի պաշտոնյայի այցը հաջորդում էր Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդականի կոշտ հայտարարությանը, թե «Կովկասի համար «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքը»: Արարատ Միրզոյանը, ըստ Երևանի, այդ հանդիպմանը վստահեցրել էր, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության շրջանակներում: Հենց այդ հանդիպմանն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, վերահաստատվել է հայ-իրանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: