Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրն ավելի կայուն չի եղել իր գոյության ամբողջ ընթացքում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով լիագումար քննարկմանը:
Վարչապետի խոսքով, Հայաստանի շուրջ անվտանգության ու կայունության միջավայրի ստեղծման հարցում դեր ունեն նախորդած բոլոր պրոցեսները, ընդհուպ մինչև՝ նախորդ օրը TRIPP նախագծի իրագործմանն ուղղված Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից տարածված հայտարարությունը: Վարչապետի դիտարկմամբ՝ այս ամենը մեծ հնարավորություններ է բացում նաև տարածաշրջանի համար:
Նիկոլ Փաշինյանն ասել է՝ տարածաշրջանն այսօր Հայաստան-Ադրբեջան հարթությունում վերածվում է կայունության և համագործակցության միջավայրի․ վարչապետ
«Ըստ էության, աշխարհը փոթորկվում է: Իսկ Հայաստանի Հանրապետությունը և մեր տարածաշրջանն այսօր քայլ-քայլ, առնվազն՝ Հայաստան-Ադրբեջան հարթությունում վերածվում է կայունության ու անվտանգության մի միջավայրի, համագործակցության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է և շատ մեծ ձեռքբերում է», - հայտարարել է վարչապետը՝ այս պրոցեսների իրականացման հարցում բարձր գնահատելով Եվրոպական քաղաքական համայնքի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը:
Փաշինյանն ընդգծել է՝ այս պրոցեսների տրամաբանական շարունակությունը կլինի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացումը. «Մենք հույս ունենք, որ այն պրոցեսները, որոնք տրամաբանորեն և քաղաքական երկխոսության մակարդակով լուծվել են, դրանք նաև գետնի վրա կունենան իրենց արտահայտությունը»:
Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք առաջ ենք ընթանում շատ ավելի մեծ տեմպերով, քան ի սկզբանե կարող էինք ենթադրել, որովհետև երբ Վաշինգտոնի Հռչակագրում արձանագրում էինք տարածաշրջանի կապուղիների բացումը Հայաստանի Հանրապետության համար, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության համար փոխադարձ առավելություններով, մենք ենթադրում էինք, որ Հայաստանը պիտի երկաթուղային կապ ստանա արտաքին աշխարհի հետ: Եվ դա տեղի ունեցավ, կարծում եմ, շատ ավելի վաղ, քան Հայաստանը և միջազգային հանրությունն սպասում էին: Այսօր արդեն Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, քան Հայաստանը և միջազգային հանրությունն սպասում էին, գուցե՝ նաև Ադրբեջանը»:
Որպես բանախոս՝ քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: