Մատչելիության հղումներ

Ֆերմերները դժգոհում են՝ չեն կարողանում իրացնել լոլիկը

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներն զուգահեռ ընդլայնվում է ֆերմերների դժգոհության ալիքը: Երեկ լոլիկ աճեցնողներն էին փողոց դուրս եկել ու Երևան-Երասխ ավտոճանապարհը փակել:

Ֆերմերները պնդում են՝ պահածոներ արտադրող ընկերություններն իրենցից լոլիկ չեն գնում, պատասխանում են՝ այդքան պահանջարկ չկա, և հիմա վարկեր, պարտքեր ունեցող հողագործները, որոնք այժմ իրենց աշխատանքի դիմաց եկամուտ պետք է ստանային, կանգնել են փաստի առաջ. ի՞նչ անեն այդքան բերքը, ո՞վ է փոխհատուցելու:

«Մեր վարկերն ո՞վ ա փակելու», - ասում էր ակցիայի մասնակիցներից մեկը:

Ռուսական շուկա հայկական գյուղմթերքի արգելքից այս պահին թերևս լոլիկ աճեցնողներն են շատ տուժում: Բերքը միայն տեղական սպառման համար շատ է, Հայաստանից տարեկան հազարավոր տոննաներով լոլիկ են արտահանում Ռուսաստան: Այժմ, երբ Մոսկվան սահմանափակումներ է կիրառում, բերքը մնացել է Հայաստանում. ըստ ֆերմերների՝ գործարանները չեն մթերում, անցած տարվա համեմատ նույնիսկ ավելի էժան շուկաներում վաճառել չեն կարողանում՝ առաջարկը պահանջարկից մեծ է:

«Ես հիմա 60 տոննա դաշտի մեջ կարմիր պոմիդոր ունեմ, 60 տոննա ... Ո՞նց էին ասում՝ «պոմիդորի փողն էլ կտամ, վարունգի փողն էլ կտամ», - հայտարարեց ակցիայի մեկ այլ մասնակից:

«Է թող տա», - արձագանքեցին մյուսները:

2025-ին Հայաստանում դաշտերից ու ջերմատներից ընդհանուր շուրջ 100 հազար տոննա լոլիկ են հավաքել, արտահանել են ավելի քան 17 հազար տոննան, այսինքն՝ մնացած գրեթե 80 հազար տոննա բերքը Հայաստանում են սպառել՝ կա՛մ շուկաներում են վաճառել, կա՛մ գործարաններն են մթերել պահածոներ, հյութեր պատրաստելու համար:

Տոմատի մածուկ արտադրող խոշոր ընկերությունները լուռ են, նրանցից մեկնաբանություն ստանալ այսօր «Ազատություն»-ը չկարողացավ: «Արտֆուդ» ընկերության գրասենյակից հորդորեցին Արտաշատ՝ գործարան զանգահարել, զանգին պատասխանած տղամարդն ասաց, թե պահակակետի հեռախոսահամարն է՝ ինքն օգնել չի կարող:

Խոշոր մեկ այլ՝ «ՄԱՊ» ընկերության աշխատակիցը ցերեկն ասաց, թե ընդմիջման են, ավելի ուշ «Ազատություն»-ը զանգահարեց, համապատասխան բաժնի աշխատակցի հետ կարծես կապ հաստատել չկարողացան, ասացին՝ «վաղը դիմեք»:

Լոլիկի մթերման խնդիր կար նաև անցած տարի: Գործադիրը խոշոր մթերողների համար աջակցության ծրագիր մշակեց՝ պարզաբանելով, որ ընկերությունները չեն ցանկանում շատ մթերել՝ ձեռնտու չէ: Կառավարությունը որոշեց խոշոր ընկերություններին սուբսիդիա տրամադրել՝ փոխհատուցելով մթերած յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարած գումարի մինչև 25 տոկոսը:

«Ոչ մի լոլիկ արտադրող գործարանի դռների առաջ պետք ա չմնա», - պնդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս տարի, երբ Ռուսաստանի սահմանափակումների պատճառով խնդիրը շատ ավելի սուր է, Հայաստանի իշխանությունները դեռ այսպիսի որոշում չեն ընդունել:

«Մենք բավական վայրիվերումներից հետո ոնց որ թե գյուղատնտեսության ոլորտում նույնպես թևակոխում ենք կայուն զարգացման փուլ», - ասում էր վարչապետը:

Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների վնասները մեղմելու համար Կառավարությունն առայժմ հիմնականում արտահանողներին աջակցություն տրամադրելու ծրագրեր է ընդունել:

«Թող մեր բանկերը սառացնեն ուրեմն, ես համաձայն եմ՝ թող երկու-երեք տարով սառացնեն, մինչև հասկանանք որը որից հետո ա», - նշում էր երեկվա ակցիայի մասնակիցը:

Կառավարության անդամներն էլ ընդունում են, որ լոլիկի իրացման խնդիրներ կան, սակայն չեն պարզաբանում՝ ինչ լուծումներ են առաջարկում:

«Եվ ռեալ, այո, միայն լոլիկի դեպքում է ակնհայտ գնանկումը», - հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Այսօր ավելի փոքր ծավալներով մթերում իրականացնող «Սիս Նատուրալ» ընկերությունից զրուցեցին «Ազատության» հետ, հյութեր ու պահածոներ արտադրող ընկերությունից ասացին, որ իրենք տարեկան մի քանի տասնյակ տոննա են մթերում, օրինակ՝ լեչո պատրաստելու համար, տոմատի արտադրություն չունեն:

Այս ընկերությունն էլ մեկ այլ խնդրի մասին է բարձաձայնում: Այժմ ծիրան պետք է մթերեն, պատվեր ունեն, սակայն գինը շատ բարձր է՝ ավելին, քան անցած տարի. ջեմ պատրաստելու համար հասած ծիրանը 500-600 դրամով են վաճառում, մինչդեռ իրենք անցած տարիներին միջինը 250 դրամով են մթերել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG