Փոքր ջերմոցատերերը պետության աջակցությունն են խնդրում, որ օգնի փոքր բիզնեսին՝ իրենց ապրանքը եվրոպական շուկաներ հասցնել, կամ խրախուսի, որ մեծ բիզնեսը դա անի:
Եվրոպան Ռուսաստան չէ. ո՛չ լեզուն է նույնը, ո՛չ շուկան՝ հասանելի, մտորում է արմավիրցի Արտակ Թովմասյանն ու ասում՝ իր նման հազարավոր փոքր ջերմոցատերեր փաստի առաջ են կանգնել. «Ասեմ՝ բոնժուղ մսյո, ու ֆրանսերենս պրծավ, հետո ո՞նց ասեմ՝ ծաղիկ ունեմ»:
Տասնյակ տարիներ միայն ռուսական շուկա իր ծաղիկներն արտահանած ջերմոցատերն ասում է՝ այնտեղ արդեն կայացած կապեր ուներ, ջերմոցն էլ հասցրել էր 5000 քմ-ի։ Ռուսաստանի սահմանափակումներից հետո ամեն օր լսում է ԵՄ աջակցության, նոր շուկաների և պետական սուբսիդիաների մասին, սակայն համոզված է՝ այդ ծրագրերից փոքրերը չեն կարողանում օգտվում:
Օրերս «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարեց, թե հայկական ապրանքների մեծ մասի նկատմամբ կիրառվող սահմանափակումները քաղաքական չեն, խնդիրը որակն է:
Ջերմոցատերը, սակայն, պնդում է՝ սա զուտ դիվանագիտական պատասխան է:
Արմավիրում շուրջ 8000 քմ ջերմոց ունի նաև Տիգրան Պետրոսյանը: Տարբեր տեսակի ծաղիկներ է աճեցնում, մի քանի ընտանիք էր այդ ջերմոցով ապրում՝ շուրջ 45 մարդ: Այս տարի տարեկան 30-40 միլիոն դրամի մաքուր եկամուտի հույս ուներ: Միլիոնավոր դրամների ներդրումներ է արել, Հոլանդիայից նոր սածիլներ բերել, տնկել դրանք, մշակել ու երբ արդեն պետք է Ռուսաստան արտահաներ՝ Մոսկվան արգելք դրեց: Աչքի լույսի պես է աճեցրել այս ծաղիկները, պնդում է՝ որակով եվրոպականին չեն զիջում, ուղղակի չգիտի ում միջոցով՝ ինչպե՞ս դրանք այլ երկրներ տանի:
Մեծածախ շուկա են տանում ծաղիկները, այնտեղ էլ չեն վաճառվում, ստիպված քաղում՝ թափում կամ վառում են, որովհետև, եթե հողում թողնեն՝ ջերմոցը շարքից դուրս կգա: Ասում է՝ եթե շուկաներում թանկ ծաղիկներ եք տեսնում, դա վերավաճառողների ագահությամբ է պայմանավորված, իրենք կապ չունեն, կոպեկներով են վաճառում:
Ռուսական սահմանափակումներից հետո, կառավարությունն աջակցության չորս ծրագիր է առաջարկում արտահանողներին: Այն ընկերությունները, որոնք ապրանք են արտահանում կամ վերաարտահանում դեպի Եվրոպական միության երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիա կամ Կանադա՝ սուբսիդիա կստանան։
Մյուս ծրագրով՝ մինչև հուլիսի 1-ն աջակցություն կստանան պտուղ-բանջարեղեն, հանքային ջուր, շշալցված կոնյակ և գինի արտահանողները: Հաջորդ երկու ծրագրերը նախատեսված են ջերմատնային տնտեսությունների համար։ Դրանցից մեկը վերաբերում է ջերմատներում արտադրված մրգերի, բանջարեղենի և ծաղիկների արտահանմանը։ Նախատեսվում է նաև մինչև վեց ամսով երկարաձգել ջերմատնային տնտեսությունների վարկերի մարման ժամկետները։ Այս վերջին ծրագրից կարող են օգտվել նաև փոքր ջերմոցատերերը:
Արտակն ու Տիգրանն իրենց մյուս համագյուղացիների անունից են նաև հարցնում՝ պետությունը ֆինանսական փոխհատուցում կտրամադրի՞ իրենց, որովհետև տեղական շուկայում չեն կարողանում ամբողջությամբ վաճառել իրենց ծաղիկները, ուր մնաց, որ կարողանան արտահանել: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ հանդիպում են խնդրում, որ բացատրեն՝ փոքր տնտեսություն ունեցողները կկործանվեն, եթե կառավարությունն իրենց ձեռքը չբռնի:
«Ծաղկած ջերմոցի տեսարանը՝ ջերմոցատիրոջ համար դժոխք է, դա նշանակում է, որ այդ ջերմոցը ձեռքից գնացել է», - ասում են նրանք ու բացատրում՝ ծաղիկները դեռ կոկոն վիճակում պետք է արտահանվեն: