Կառավարությունը փոխհատուցում է տրամադրում նաև կեռաս արտահանողներին՝ 1 կիլոգրամի դիմաց 400 դրամ:
Արաբո Փիլոյանն Արմավիրի մարզի Վանանդ գյուղում 5 հեկտար այգի ունի, նաև կեռաս է աճեցնում: Ասում է՝ այդ սուբսիդիայից օգտվող արտահանողները բերքն իրենցից գնում են ընդամենը 300-350 դրամով, մինչդեռ նախորդ տարի նույն բերքը վաճառել է 700-800 դրամով: Նեղսրտած է՝ հսկայական գումար է ծախսել, պարարտացրել, ջրել ու մշակել այգին, հիմա, եթե այդ գնով վաճառի, իր ծախսի կեսն էլ ետ չի ստանա, գումարած աշխատողների վճարը և այլն:
«Ես դաժե ապահովագրություն զանգել եմ, ասել եմ՝ «դուք պիտի բերքից հետո նենց գումար պահանջեք, որ ես բերեմ իմ ապահովագրության գումարը տամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փիլոյանը՝ ընդգծելով. - «Ես էդ բերքը չեմ կարում ծախեմ նենց, ոնց որ պիտի ծախվի»:
Բերքի մի մասն, ասում է, ծառերի վրա է՝ չի քաղում, որովհետև չի կարողանում վաճառել: Եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում կեռասն արդեն մի քանի հազար կիլոգրամներով էր վաճառած էր լինում, ապա հիմա դեռ 200-300 կգ է հասցրել վաճառել: Հիմնականում տեղական չրի գործարաններից մեկն է գնել, բայց՝ ոչ ամբողջ ծավալով: Իսկ այն ծավալը, որ Ռուսաստան էր արտահանվում, այգում է մնացել:
Ռուսական սահմանափակումներից հետո Կառավարությունը գործարկել է արտահանողներին աջակցող չորս ծրագիր։ Սուբսիդիա են ստանում դեպի Եվրամիության երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիա և Կանադա արտահանող կամ վերաարտահանող ընկերությունները։ Մինչև հուլիսի 1-ը աջակցություն կտրամադրվի նաև միրգ, բանջարեղեն, հանքային ջուր, կոնյակ և գինի արտահանողներին։ Առանձին ծրագրեր նախատեսված են նաև ջերմատնային տնտեսությունների համար։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տվյալներով՝ հունիսի 19-21-ը Հայաստանից արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 19 տոննա ելակ, 144 տոննա պղպեղ, 76 տոննա լոլիկ, ինչպես նաև 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ։
Աջակցության նոր ծրագիր կա նաև ինտենսիվ այգիներ հիմնած ֆերմերների համար, որոշ շահառուների վարկի մարման ժամկետը կերկարաձգվի մեկ տարով, իսկ վարկի վճարումները հնարավոր կլինի սկսել ևս մեկ տարի ուշ։
«Եթե այգի է, որը արդեն իսկ մեկ անգամ գոնե բերք է տվել, և էդ բերքը իրացվել է, և արտոնյալ ժամկետը ավարտվել է, ապա մենք այգետիրոջը ասում ենք, որ մեկ տարի նախ վարկի ժամկետն է երկարաձգվում, և մեկ տարով վարկի մարման արտոնյալ ժամկետ է տրամադրվում», - նշում է Պապոյանը:
«Այս բոլոր աջակցություններից հիմնականում խոշոր արտահանողներն են օգտվում», - ասում է Արաբո Փիլոյանն ու ընդգծում՝ նրանք հիմնականում իր պես փոքր ֆերմերների այգիներ չեն էլ գնում: Իսկ ինքը սեփական բերքը չի կարողանում Եվրոպա տանել՝ կարկուտը փչացրել է որակը, բացի այդ՝ եվրոպական շուկաներին էլ ծանոթ չէ: Տեղական շուկաներում, ասում է, այդ ծավալը չի կարող վաճառել, ինքն էլ գնորդների պես զայրանում է, երբ իրենցից էժան գնած բերքը վերավաճառողները շուկաներում մի քանի անգամ թանկ են վաճառում:
«Հենց պետությունը պիտի էդ ամեն ինչը կանտրոլ անի: Ոչ մեկ չի նայում էդ ամեն ինչը, ոչ մեկ կանտրոլ չի անում», - նշում է ֆերմերը:
Վանանդցի Արաբոն 5 հեկտարանոց այգում կեռասից բացի նաև ծիրան է աճեցնում: Արդեն գիտի՝ նույնը ծիրանի դեպքում կլինի:
«Հիմա պետությունը եթե մտածում է, որ իրենց սուբսիդը տվել է՝ արտահանողներին, ու հանգիստ նստել է, որ գյուղացիքի համար լավ ա ներկա պահին, ես էտի կարամ ասեմ, որ 99 տոկոսը սխալ ա», - պնդեց Փիլոյանը: