Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիայից հետո ձկնաբույծներին ընդունել է էկոնոմիկայի փոխնախարարը․ ի՞նչ են քննարկել

Արմավիրի և Արարատի մարզերի ձկնաբույծներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև: Ձկներն ինչպե՞ս Եվրոպա հասցնենք, եթե այս ընթացքում ամիսներով չաշխատող բիզնեսը պահելու խնդիր ունենք, հարցնում էին նրանք:

Իրենց աշխատակիցների հետ բողոքի ակցիայի դուրս եկած գործարարները հանդիպում էին պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Նրանցից մի քանիսն ասացին, որ ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարարի հետ են հանդիպել, բայց հիմա բողոքով կառավարության շենք են հասել, որովհետև իրենց խնդիրները չեն լուծվել: Հայտարարում են՝ պատրաստ են նույնիսկ նստացույց սկսել կառավարության շենքի դիմաց մինչև իրենց չընդունեն։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ ձկնաբուծության ոլորտը ծանր ճգնաժամի մեջ է հայտնվել ռուսական սահմանափակումներից հետո: Ասում են՝ բանկերից վարկեր են վերցրել, որ բիզնեսը զարգացնեն, հիմա ձուկը չի վաճառվում, վարկերը մուծել չեն կարողանում, մի մասն էլ նշեց՝ տարիներով ստեղծած ձկնաբուծարանները կորցնում են: Ձկնաբույծների խոսքով՝ այս պահին իրենց գլխավոր խնդիրը ոչ թե եվրոպական շուկա մուտք գործելու ընթացակարգերն են, որը կառավարությունը հրապարակել է, այլ ֆինանսական ճգնաժամից դուրս գալը։

«Վանկա Ռիթեյլ Գրուպ» ձկնաբուծական ընկերության հիմնադիր Ռաֆայել Պողոսյանը պատմեց՝ ավելի քան երկու ամիս արտադրությունը կարողացել են մասնակի պահպանել միայն սեփական միջոցների հաշվին, բայց այսպես էլ չեն կարող շարունակել:

Հայաստանում, պաշտոնական տվյալներով, տարեկան արտադրվում է շուրջ 28 հազար տոննա ձուկ: Արտադրանքը, ըստ Էկոնոմիկայի նախարարության կայքէջի, մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում և այլ երկրներում, ինչի արդյունքում արտադրված ձկնամթերքի շուրջ 30-40 տոկոսն արտահանվում է:

Այս ոլորտում ճգնաժամը սկսվեց, երբ մայիսից Ռուսաստանի Դաշնությունը մի շարք սահմանափակումներ կիրառեց հայ արտադրողների նկատմամբ։ Սկզբում արգելափակվեց հայկական ծաղիկների և մի շարք գյուղմթերքների արտահանումը ռուսական շուկա, այնուհետև սահմանափակումներ կիրառվեցին նաև ձուկ արտահանող հայկական ընկերությունների նկատմամբ, իսկ ավելի ուշ դրանց սերտիֆիկացումը ամբողջությամբ դադարեցվեց։

Ռուսական սահմանափակումներից հետո Եվրամիությունը հայտարարեց, որ կդյուրացնի հայկական ապրանքների ներմուծումը, Հայաստանին նաև ֆինանսական աջակցություն տրամադրեց՝ 52 միլիոն եվրոյի չափով:

Կառավարության վերջին նիստում արդեն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ հաստատվել են այն կանոնակարգերը, որոնք հնարավորություն կտան հայկական ձկնաբուծական ընկերություններին սառեցված ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրամիության երկրներ։

Ըստ նախարարի՝ արդեն հինգ ընկերություն հետաքրքրություն է ցուցաբերել եվրոպական շուկա մուտք գործելու համար, բայց պաշտոնապես դեռ մեկն է դիմել։ Ակցիայի մասնակիցներից հետաքրքրվեցինք՝ թեկուզ փոքր չափաբաժիններով արտահանելու համար կդիմե՞ն այս ծրագրին:

«Մեծ տնտեսությունները միգուցե զբաղվեն, բայց խոսել եմ իրենց հետ, ասում են, որ ձեռնտու չի: Կոնկրետ եվրոպական շուկան, մինչև սանկցիաները, Ռուսաստանի Դաշնությունում մեզ մրցակից է եղել, մենք չենք կարողացել եվրոպական ձկնարտադրողների հետ մրցակցենք: Ո՞նց եք պատկերացնում, եթե մենք Ռուսաստանի Դաշնություն չենք կարողացել մրցակցել իրենց հետ, ո՞նց կարող ենք Եվրոպայում մրցակցել», - ասաց նրանցից մեկը:

Ձկնաբույծներն ասում են՝ միայն իրավական հնարավորության ստեղծումը բավարար չէ։ Ընդգծում են՝ Եվրոպայում մրցակցությունը շատ ավելի բարձր է: Թեև պետությունը արտահանվող յուրաքանչյուր կիլոգրամ ձկան համար 820 դրամ աջակցություն է տրամադրում, բողոքի դուրս եկած ձկնաբույծները դա խնդրի լուծում չեն համարում:

Ակցիայի մասնակիցներին առաջարկվել է նամակ հանձնել կառավարությանը, սակայն նրանք հրաժարվեցին, պնդելով, թե շատ նամակներ են գրել, հիմա ցանկանում են անձամբ հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Առավոտից կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծներն «Ազատությանն» ասացին՝ ակցիայից շուրջ 5-6 ժամ անց էկոնոմիկայի փոխնախարարն է ընդունել իրենց ու խոստացել, որ ամենաուշը երկու օրից աջակցության ծրագիր կշրջանառեն:

Ձկնաբույծները սպասում են դրան, որ հետո իրենց առաջարկներն ու առարկությունները ներկայացնեն: Կշարունակեն ակցիան, թե ո՞չ, ասացին՝ դեռ չեն որոշել:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG