Մատչելիության հղումներ

Եպիսկոպոսների և մեկ քահանայի մեղադրանք է առաջադրվել

Այսօր Քննչական կոմիտե են հրավիրվել Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանան:

Այսօր ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ «այսօր առավոտից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին, որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար»:

Փաստաբանի տեղեկացմամբ՝ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ:

Քննչական կոմիտեն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկատվությունը:

«Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը»,- գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Ավելի ուշ, փաստաբան Արմինե Ֆանյանը Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց. «Կարծում ենք՝ նպատակը եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետև հոգևոր խորհրդի անդամները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով: Սա էլ է եզակի բան: Նշանակում է՝ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, կընտրվեն խափանման միջոցներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը:

Իրադարձությունների կիզակետում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնանկությունն է, որի դեմ նա հայց էր ներկայացրել: Արմավիրի դատարանն արգելել էր եկեղեցուն իրականացնել քայլեր, որոնք կարող են խոչընդոտել եպիսկոպոս Սարոյանին իրականացնել թեմի առաջնորդի պարտականությունները: Մայր Աթոռի գերագույն հոգևոր խորհուրդը դրանից հետո կարգալույծ էր արել եպիսկոպոսին: Քննչականը սրա հետքերով քրեական գործ է հարուցել՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար: Այժմ, փաստորեն քննչական են կանչվել Գևորգ Սարոյանին կարգալույծ արած հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամները:

Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Ավելի վաղ կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով էր հրավիրել՝ «քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»:

Մայր Աթոռը, սակայն, հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով:


XS
SM
MD
LG