Ինչու է եպիսկոպոսաց ժողովը դրսում անցկացվելու
Եկեղեցու դեմ սանձազերծած արշավն ու եկեղեցականների նկատմամբ հնարավոր ճնշումները նկատի առնելով են որոշել Ավստրիայում անցկացնել, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն այսպես է բացատրում Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում անցկացնելու որոշումը:
Հավաքը փետրվարի 16-19-ին է նշանակված։
Իշխանություն-եկեղեցի սուր առճակատման, կաթողիկոսի հեռացման վարչապետ Փաշինյանի առաջարկած օրակարգին զուգահեռ հետաձգվեց անցած դեկտեմբերին նշանակված եպիսկոպոսաց ժողովը: Այդ ժամանակ ևս Էջմիածինը բռնաճնշումներով, այդ թվում՝ բարձրաստիճան եկեղեցականների կալանավորումներով պայմանավորեց որոշումը: Ներկայումս տարբեր մեղադրանքներով բանտում է 4 սրբազան:
«Որոշվեց Հայաստանից դուրս՝ Ավստրիայում, կրկին այդ՝ եկեղեցու դեմ սանձազերծված արշավը և եկեղեցականների նկատմամբ ճնշումները նկատի ունենալով», - ասաց Տեր Եսային։
Հարցին, թե մարդկանց ճնշո՞ւմ են, որպեսզի չմասնակցեն ժողովին, նա պատասխանեց. «Ենթադրվում է, որ որոշակի բռնաճնշումներ կարող են իրականացվել։ Նախկինում հայտարարվել էր եպիսկոպոսական ժողով հրավիրել և հետո եկեղեցու դեմ սանձազերծված այդ արշավի, եկեղեցականների նկատմամբ իրականացվող այդ ճնշումների և նաև եպիսկոպոսների մտահոգությունները հաշվի առնելով՝ հետաձգվեց եպիսկոպոսաց ժողովը»։
Եպիսկոպոսաց ժողովը նախագահում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, դրան մասնակցում են Առաքելական եկեղեցու բոլոր եպիսկոպոսները: Դեկտեմբերյան ժողովը հրավիրվում էր, ինչպես նշել էին Էջմիածնից, «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը քննարկելու համար»:
Գալիք ժողովի օրակարգում ի՞նչ հարցեր են, Տեր Եսային ասաց. «Ենթադրվում է, որ եպիսկոպոսաց ժողովի օրակարգային թեմաները պիտի լինեն եկեղեցու դեմ ծառացած այս մարտահրավերները և դրանց հաղթահարման խնդիրները»։
Տեր Եսայի քահանայի խոսքով՝ հրավերներ ուղարկվում են բոլոր՝ 56 եպիսկոպոսներին:
Անցած դեկտեմբերին կաթողիկոսի որոշմամբ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու իշխանության բարձրագույն մարմնից՝ Գերագույն հոգևոր խորհրդից հեռացված Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն «Ազատությանն» ասաց՝ հրավեր ստացել է, բայց վերջնական որոշում չունի՝ արդյոք կմասնակցի:
Աբրահամ սրբազանը կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսներից է, վարչապետ Փաշինյանի առաջարկած եկեղեցու բարենորոգման օրակարգի կողմնակից. «Դեռ որոշակի որևէ բան ասել չեմ կարող։ Այս պահին հստակ չէ որևէ բան, օրակարգ պիտի ուղարկվի հավանաբար, չգիտեմ դեռ»:
Վայոց ձորի թեմի առաջնորդը հարցազրույցի տրամադրված չէր, չբացահայտեց՝ եթե մասնակցի, ի՞նչ հարց է պատրաստվում բարձրացնել:
Խանդանյանը հերքում է ճնշումները
Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանի համար տարակուսելի է, որ Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր ժողովներից մեկը ՀՀ-ից դուրս է կազմակերպվում:
«Սա է նաև փաստ և փաստարկ այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից, և ըստ էության իրենց նպատակը չէ նաև ի թիվս այլ նպատակների նպաստել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, միջազգային հեղինակության բարձրացմանը», - կարծում է պատգամավորը։
Գարեգին Երկրորդի կողմնակիցների նկատմամբ ճնշումները ամիսներով կաթողիկոսի գահընկեցության օրակարգն առաջ մղող Նիկոլ Փաշինյանի թիմակիցը բացառում է. «Իշխանությունը, կառավարությունը Հայաստանի որևէ ինստիտուտի նկատմամբ, առավել ևս Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ որևէ բռնաճնշում, ճնշում, հակազդեցություն չի ձեռնարկել, ընդհակառակը՝ ձեռնարկվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման բավականին պոզիտիվ նախաձեռնություն, որին միացել են նաև, հատկապես և առաջին հերթին եկեղեցու սպասավորներ»։
Մասյացոտն թեմից ճնշումների մասին են հայտնում
Մինչ վարչապետի թիմակիցները հերքում են ճնշումները, իշխանության ու Մայր Աթոռի մեջտեղում հայտնված Մասյացոտն թեմից հենց այդ մասին են բարձրաձայնում: Ըստ հայտարարության՝ սպառնացել են հատկապես Արարատի և Վեդու քահանաներին, ընդ որում՝ քահանաներից մեկը պնդել է, թե գյուղապետերից մեկը սրբազանի անունից փոխանցել է՝ եթե երկու օրվա ընթացքում չներկայանա, իրեն գործից կհեռացնի:
«Այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք, մասնավորապես համայնքապետարանի աշխատակիցներ, վկայակոչելով դատարանի որոշում, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում», - ասված է հայտարարության մեջ։
Գևորգ եպիսկոպոսի հետ «Ազատությանը» կապ հաստատել չի հաջողվել, նա մեր զանգերին չի պատասխանում: Իսկ թեմում հիմա իրավիճակն այսպիսին է՝ կաթողիկոսը պաշտոնանկ արեց վարչապետին միացած Գևորգ եպիսկոպոսին, հաշված օրերի ընթացքում դատարանը քննության առավ նրա դիմումն ու վերականգնեց թեմի առաջնորդի պաշտոնում: Բայց կաթողիկոսն իր հերթին այստեղ այլ թեմակալ առաջնորդ է նշանակել: