Մատչելիության հղումներ

ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները

Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ
Եվրամիության և Հայաստանի դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց, արխիվ

Եվրամիության խորհուրդն այսօր համաձայնություն է տվել հայաստանյան ապրանքների համար առևտրային ժամանակավոր ազատականացման միջոցառումներին՝ աջակցելու համար Հայաստանին Ռուսաստանի կողմից վերջերս մտցված սահմանափակումներից հետո:

Երևանին Բրյուսելի սպասվող աջակցության մասին «Ազատություն»-ը դեռ երեք ամիս առաջ էր հաղորդել, մեկ ամիս անց էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում ազդարարեց՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել:

Ինչպես նշված է Խորհրդի պաշտոնական կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրությունում, այդ միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ, ըստ հաղորդագրության, այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա:

Խորհուրդը պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը առանց փոփոխությունների՝ ճանապարհ հարթելով կարգավորումների արագ ընդունման համար, եթե Եվրախորհրդարանը նույնպես այն հավանության արժանացնի առանց փոփոխությունների:

Կարգավորումը ժամանակավորապես կասեցնում է ներմուծման մաքսատուրքերը հայաստանյան ապրանքների մեծ խմբի նկատմամբ, այդ թվում՝ գյուղատնտեսական: Այն կգործի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի և կընդգրկի Հայաստանի թարմ պտուղ-բանջարեղենի ու բույսերի արտահանումների գրեթե 99 տոկոսը և խմիչքների, այդ թվում՝ ոգելից, արտահանումների ավելի քան 91 տոկոսը:

Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերյան լիագումար նիստում իր դիրքորոշումը կարտահայտի այս կարգավորման նկատմամբ առանց փոփոխությունների, ինչից հետո Խորհուրդը հավանություն կտա, և կարգավորումը կընդունվի՝ ուժի մեջ մտնելով ԵՄ Պաշտոնաթերթում հրապարակման հաջորդ օրը:

Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։



Տե՛ս նաև այստեղ


XS
SM
MD
LG