Մատչելիության հղումներ

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելեց նաև հայկական կաթնամթերքի իրացումը Ռուսաստանում

Կաթնամթերք հայաստանյան սուպերմարկետում, արխիվ
Կաթնամթերք հայաստանյան սուպերմարկետում, արխիվ

Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ թույլ չի տվել Ռուսաստանի շուկայում իրացնել Հայաստանից ներմուծված կաթնամթերքը՝ համարելով ոչ անվտանգ։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ հուլիսի 14-21-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները ստուգումներ են արել Հայաստանի կաթի վերամշակմամբ զբաղվող այն ձեռնարկություններում, որոնք նախկինում ռուսական շուկա մուտք գործելու թույլտվություն էին ստացել՝ Հայաստանի անասնաբուժական ծառայության երաշխիքների հիման վրա։

Ռուսական կողմի պնդմամբ՝ ստուգումների ընթացքում կրկին արձանագրվել են նույնատիպ խախտումներ, որոնք հայտնաբերվել էին նաև 2023-2024-ի տեսչական այցերի ժամանակ։ Դրանք վերաբերում են արտադրանքի հետագծելիության համակարգին, հումքի և պատրաստի արտադրանքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպմանը, մուտքային հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննությանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործարկմանը և արտադրական վերահսկողության ծրագրերի կատարմանը։

«Ռոսսելխոզնադզոր»-ը նաև պնդում է, թե ընթացիկ ստուգման ժամանակ հայտնաբերվել է, որ Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի արտադրության համար օգտագործվել է հիվանդություններով վարակված կենդանիներից ստացված կաթ։

Բացի այդ, ըստ ռուսական գերատեսչության, հաստատվել են դեպքեր, երբ Ռուսաստանի շուկայի համար նախատեսված բարձր յուղայնությամբ կաթնամթերքի արտադրությունում օգտագործվել է երրորդ երկրներից ներմուծված հումք՝ չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկին հավաստիացումներին, թե օգտագործվում է հայկական կամ Եվրասիական տնտեսական միության երկրների ձեռնարկություններից ստացված հումք։

Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում մինչ օրս չի ստեղծվել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա հաստատել արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնային հումքի ծագումն ու անվտանգությունը։ Առանձնապես խնդիր է համարվում ֆիզիկական անձանցից մթերվող կաթի վերահսկողությունը, քանի որ, ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի, այդ մատակարարները չեն կարող երաշխավորել հանձնվող արտադրանքի անվտանգությունը։ Ռուսական կողմը նաև մատնանշում է լաբորատոր կարողությունների կատարելագործման անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով արձանագրված խախտումները՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, թե միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու Ռուսաստանի տարածք առանձնապես վտանգավոր վարակների ներթափանցումը և ներքին շուկայում ոչ անվտանգ կաթնամթերքի իրացումը։

Միաժամանակ, գերատեսչությունը հայտարարել է, թե իր գնահատմամբ՝ Հայաստանը բավարար վերահսկողություն չի իրականացնում գյուղատնտեսական արտադրողների նկատմամբ՝ այդ իրավիճակը կապելով նաև 2019 թվականին իրականացված պետական կառավարման բարեփոխումների հետևանքների հետ։

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների մեծածավալ ալիքը սկսեց այս տարվա ապրիլի վերջից, հետո աստիճանաբար ընդլայնեց մայիս-հունիս ամիսներին։ Այդ ընթացքում սահմանափակումներ կիրառվեցին, կամ արգելվեց հայկական հանքային ջրի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների, ձկնամթերքի, ինչպես նաև գյուղատնտեսական մի շարք մթերքների՝ մրգերի, բանջարեղենի և հատապտուղների ներմուծումը։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG