Մատչելիության հղումներ

Դեպի ո՞ւր կգնա ՀՀ-ն՝ Արևմո՞ւտք, թե՞ ՌԴ. միջազգային մամուլը՝ ընտրությունների մասին

Դեպի ո՞ւր կգնա Հայաստանը՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան: Հենց այս հարցն է կարմիր թելի նման անցնում Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին միջազգային լրատվամիջոցների հրապարակումներում, ըստ որոնց՝ դա էլ որոշելու են հայ ընտրողները այսօրվա քվեարկությամբ:

BBC-ն նշում է, որ Հայաստանը Ռուսաստանի տնտեսական աճող ճնշման տակ է. Մոսկվան, որը Երևանի առևտրային գլխավոր գործընկերն է, սահմանափակել է Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծումը, մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է վերընտրվել՝ խոստանալով եվրաինտեգրում։

Ըստ գործակալության՝ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը հեռացել է Մոսկվայից, ընդունել օրենք՝ ԵՄ-ին միանալու գործընթացը սկսելու համար և արագացրել հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի միջոցով, ինչն էլ ապահովել է ԱՄՆ նախագահի աջակցությունը։

Հայաստանը նույնիսկ տարվա սկզբին հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, հիշեցնում է BBC-ն՝ նշելով, որ այս ամենով հանդերձ Փաշինյանի աջակցությունը 2021-ի համեմատ նվազել է: Գլխավոր պատճառը, ըստ գործակալության, Լեռնային Ղարաբաղի հարցն է, որտեղ 100 հազարից ավելի հայեր էին ապրում, նախքան Ադրբեջանն այն կգրավեր 2023-ին։

«Փաշինյանի քննադատները նրան չեն ներել հանուն խաղաղության Ադրբեջանին զիջումներ անելու համար, օրինակ՝ հարևան երկրում բանտարկված Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների ազատ արձակման համար հանդես գալուց հրաժարվելու պատճառով», - գրում է BBC-ն։

Գործակալությունը հիշեցնում է, որ Փաշինյանի գլխավոր մրցակիցը միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, որն իր կարողությունը կուտակել է Ռուսաստանում։ Ըստ BBC-ի՝ եթե ընդդիմադիր թեկնածուները համատեղ աշխատեին, նրանց ձայները կարող էին հավասարվել Փաշինյանի ձայներին, բայց առանձին չեն կարող հաղթել նրան:

Հեղինակավոր Associated Press-ն, իր հերթին, գրում է, որ այս ընտրությունները կորոշեն Հայաստանի աշխարհաքաղաքական ապագան: Գործակալությունը հիշեցնում է, որ վերջին շրջանում Ռուսաստանի նախագահն ու այլ ռուս պաշտոնյաներ ԵԱՏՄ անդամ Հայաստանին զգուշացրել են՝ ԵՄ-ին միանալը կարող է տնտեսական հսկայական վնասի հանգեցնել՝ խաթարելով Երևանի առևտրային կապերը Մոսկվայի և մյուս դաշնակիցների հետ։

Վերլուծաբան, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը գործակալությանն ասել է, որ սրանք Հայաստանի պատմության մեջ առաջին ընտրություններն են, երբ աշխարհաքաղաքական կողմնորոշումը դարձել է գլխավոր հարցը:

«Մինչ օրս Հայաստանը եղել է Ռուսաստանի ազդեցության գոտում, և համարվել է, որ դա հենց այդպես էլ պետք է լինի: Սակայն հիմա առաջին անգամ սա կասկածի տակ է դրվում», - ասել է նա։

Associated Press-ը ևս Մոսկվայի և Երևանի հարաբերությունների սրումը կապում է Արցախի հարցի հետ: Ըստ գործակալության՝ հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ 2023-ին Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը։ Հայաստանը տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահներին մեղադրեց հարձակումը չկանխելու համար։ Մինչդեռ Ռուսաստանը, զբաղված լինելով Ուկրաինայում պատերազմով, հերքեց մեղադրանքները՝ պնդելով, թե իր զորքերը ռազմական գործողություններին միջամտելու մանդատ չունեին։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը գործակալությանն ասել է, որ հենց դրանից հետո հօդս ցնդեց տեսակետը, թե Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը. «Պարզվեց, որ Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի կերպարը հիմնված չէր իրականության վրա, և Ղարաբաղյան պատերազմից հետո այն ամբողջությամբ փլուզվեց»:

Գործակալությունը նշում է, որ հենց արցախյան իրադարձություններից հետո Հայաստանն սկսեց աստիճանաբար թուլացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ 2023-ին միանալով Միջազգային քրեական դատարանին, իսկ 2024-ին կասեցնելով իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։

Euronews-ն էլ գրում է, որ այս ընտրությունները կորոշեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ապագան: Լրատվամիջոցը նշում է, որ Փաշինյանը նախընտրական բուռն քարոզարշավ է անցկացրել՝ ընտրողներին վստահեցնելով՝ իրենց ապագան վտանգված է, եթե չընտրեն իշխող ուժին: Իսկ վարչապետի գլխավոր ուղերձը եղել է այն, որ իրենց իշխանությունը փակել է Ադրբեջանի հետ թշնամական հարաբերությունների էջը՝ Հարավային Կովկասի համար խաղաղ և բարգավաճ ապագա կերտելու համար, թեև ընդդիմությունը նրան մեղադրում է Ղարաբաղը հանձնելու համար, նշում է լրատվամիջոցը։

BBC-ի ռուսական ծառայության թղթակից Գրիգոր Աթանեսյանն էլ նշել է, որ Փաշինյանի վարչապետության ութ տարիների ընթացքում Հայաստանը պարտություն կրեց Լեռնային Ղարաբաղի պատերազմում, լուրջ ցնցումների ենթարկվեց, սակայն կառավարության քննադատներն այդպես էլ չկարողացան արժանի այլընտրանք առաջարկել հայ ընտրողներին։ Ըստ նրա՝ ընդդիմության ֆինանսական և գաղափարախոսական կենտրոնները մնացին նախկին նախագահները, որոնք ժողովրդականություն չեն վայելում և հանրային ընկալման մեջ ասոցացվում են կոռուպցիայի հետ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG