«Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ քվեարկեց Երևանի թիվ 8/20 ընտրատեղամասում:
«Իմ ակնկալիքները հայ քաղաքացիների ազատ կամքի արտահայտումն է», - ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ ժողովուրդն ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ:
«Ազատության» հարցին, թե պատրա՞ստ է որպես ընդդիմություն աշխատել մեծամասնություն չունենալու դեպքում, Փաշինյանը պատասխանեց. «Ժողովուրդն ինչ որոշի, այն էլ կանենք»:
ՀՀ գործող վարչապետը նաև վստահեցրեց՝ Երևանը շարունակելու է զարգացնել միջազգային հարաբերությունները: Իսկ թե ինչո՞ւ «է պատրաստվում առաջինը մեկնել Մոսկվա հաղթանակի դեպքում», նա արձագանքեց. «Առաջինի, երկրորդի հարց չէ, Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ, Փարիզ էլ, Թբիլիսի էլ: Ասել եմ, որ հուսով եմ, որ հնարավորություն նաև կունենամ մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բաքվում»:
Ավելին՝ չնայած հայ-ռուսական հարաբերություններում վերջին զարգացումներին՝ Փաշինյանը պնդեց՝ լարվածություն չի տեսնում:
«Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություններ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում: Այդ լարվածությունները չեն ստեղծվում, քանի որ ՌԴ նախագահի հետ մենք ունենք շատ սերտ հարաբերություններ», - հավելեց նա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը օրերս էր շեշտել՝ Հայաստանի գործող ղեկավարությունը երկիրը դրել է արհեստական ընտրության առջև՝ ստիպելով ընտրել ԵՄ և ԵԱՏՄ միջև: Դրան նախորդել էր ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը, թե ՀՀ-ի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին:
Փաշինյանը, սակայն, հայտարարեց՝ չեն կարող Հայաստանը զրկել ԵԱՏՄ անդամ-պետության կարգավիճակից. «Աշխատանքային հարցեր այս կարգի ԵԱՏՄ բոլոր երկրների միջև լինում են: ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, և հետևաբար ՀՀ-ն ունի նաև վետոյի իրավունք»։
Ինչ վերաբերում է Հայաստանի ապագային, երկրի գործող վարչապետը նշեց՝ կշարունակեն ժողովրդավարական բարեփոխումների ուղին եվրոպացի գործընկերների աջակցությամբ՝ հավելելով՝ Եվրոպական միությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում Երևանի գլխավոր գործընկերն է։
«Մենք կշարունակենք այդ ուղին, և մենք կփորձենք Հայաստանը համապատասխանեցնել Եվրոպական միության չափանիշներին, և դա առաջին ռազմավարական նպատակն է։ Դրանից հետո կտեսնենք, որովհետև երբ Հայաստանն իրոք լիովին համապատասխանի Եվրոպական միության չափանիշներին, մենք կունենանք երկու հնարավոր սցենար։ Մեկը՝ Եվրոպական միությունն ընդունում է Հայաստանին որպես լիիրավ անդամ։ Մեկ այլ տարբերակ՝ Եվրոպական միությունը չի ընդունում Հայաստանին որպես լիիրավ անդամ, քանի որ դա կախված է բազմաթիվ քաղաքական նրբություններից։ Օրինակ՝ Եվրոպական միությունը կարող է որոշել, որ չի ցանկանում ընդլայնվել։ Դա կարող է պատահել», - ընդգծեց նա։
Այս պարագայում ևս, սակայն, ըստ Փաշինյանի՝ Հայաստանը կհաղթի, «որովհետև նույնիսկ երկրորդ սցենարի դեպքում մենք կունենանք եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանող երկիր»։
Իսկ ինչ վերաբերում է Եվրոպական միության և Ռուսաստանի միջև հարաբերությունների հավասարակշռմանը, դա, նրա խոսքով, արտաքին քաղաքականության խնդիր է: Փաշինյանը հիշեցրեց՝ Երևանը վարում է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն:
Այսօր Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում: «Ազատության» ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև.