Մատչելիության հղումներ

Ինչ միջադեպեր են արձանագրվել ընտրատեղամասերում՝ ըստ «Ականատեսի»

«Ականատես» դիտորդական առաքելությունը ընտրատեղամասերում արձանագրել է 5 էական միջադեպ:

Այսպես՝ 7/6 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը քվեարկության գաղտնիության խախտման ռիսկի վերաբերյալ գնահատականը գրանցամատյանում արձանագրելու մասին։ Ըստ դիտորդի՝ քվեախցիկի տեղադրման վայրում առկա ելումուտի պատճառով տեսանելի էր դառնում քվեախցիկում կատարվող գործընթացը։

8/61 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը քվեարկության սենյակի կահավորման խնդիրն արձանագրելու վերաբերյալ։ Դիտորդի գնահատմամբ՝ քվեախցիկների ետնամասում գտնվող սանհանգույցների պատճառով այդ հատվածում տեղի ունեցող անցուդարձը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը։

8/38 ընտրատեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ուշացման պատճառով տեղամասային կենտրոնը մինչև 07։18 չի բացվել, և այդ ընթացքում որևէ անձի մուտքը տեղամասային կենտրոն չի թույլատրվել։

14/6 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտման ռիսկ․ քվեախցիկների հետևում առկա վարագույրը ցանկացած պահի կարող էր բացվել։ Դիտորդի առաջարկից հետո անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկվել, իսկ գնահատականը գրանցվել է ՏԸՀ գրանցամատյանում։

4/54 ընտրատեղամասում արձանագրվել է չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիր․ այն բացված է եղել դեռևս 06։55-ի դրությամբ՝ նախապատրաստական աշխատանքների մեկնարկից առաջ։

Բացի այդ, թիվ 9/24 ընտրատեղամասի քվեախցիկներից մեկն այնպես է տեղադրված, որ նստած տեղից երևում էր, թե ինչպես են քվեարկում քաղաքացիները։ «Ազատության» դիտարկումից հետո նախագահը այն հրել է դեպի պատը:

Երևանի Քանաքեռ-Զեյթունի գիշերօթիկում կրկնակի քվեարկության դեպք է եղել, «Ազատությանը» հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը։

9/51 ընտրատեղամասում ընտրողներից մեկին բոլոր քվեաթերթիկները չէին տվել։ Նա քվեախցից դուրս է եկել ու պահանջել 1, 2 և 3 թերթիկները:

«Ուժեղ Հայաստանից» ահազանգել են՝ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը հանձնաժողովի կողմից արձանագրվել է:

ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է, որ «ոստիկանը իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ»։ Ըստ ՆԳՆ-ի՝ միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն։

Թիվ 9/51 ընտրատեղամասի մի անկյունում բաց դրված են քվեաթերթիկները: Տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամի մեկնաբանմամբ՝ դա պայմանավորված է տեսախցիկների հսկողությամբ:

Թիվ 9/51 ընտրատեղամասում առկա են եղել անհամապատասխանություններ. 3 սարքի կտրոններն էլ չեն համապատասխանում մատյանի թվերին՝ ընտրողների անուններին ու համապատասխան համարները չեն համընկնում:

Այս ընտրատեղամաս եկած քաղաքացիներին տպող սարքի տրամադրած թվի դիմաց գրված է այլ մարդկանց անուն-ազգանուն:

Ընտրությունների մեկնարկից 38 րոպե անց որոշվեց՝ այն մարդիկ, ովքեր արդեն կտրոն քաշել են, պարզապես մատյանում գտնեն նրանց անուն-ազգանունները, որպեսզի կարողանան քվեարկել: Թվերի և անուն-ազգանունների անհամապատասխանությունը դեռևս չի կարգավորվել:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG