Իշխող «Քաղաքացիական պայմանագրին» մտահոգել են ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումները, որոնք կարող են կրկնել Գյումրիի քաղաքապետի ընտրությունները, երբ ընդդիմությանը հաջողվեց միավորվելով պարտության մատնել իշխանությանը:
«Պլանը շատ պարզ է՝ երեք ուժով մասնակցել ընտրություններին, կարող է ընթացքում նույնիսկ ասեն, որ «մենք միմյանց հետ կապ չունենք», հետո կոալիցիայով կամ միմյանց քվեարկելով վերցնեն իշխանությունը», - հայտարարեց ՔՊ վարչության անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանի համոզմամբ՝ Գյումրիի պլանը համապետական ընտրություններում կիրառելու փորձ են անելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերը: Այս առումով վարչապետ Փաշինյանի կուսակիցը պատահական չի համարում, որ Քոչարյանի հետ ասոցացվող որոշ ուժեր հայտարարում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ միասին ընտրություններին մասնակցելու մասին:
«Քոչարյանի թիմի մի մասի՝ Ծառուկյանի ցուցակ տեղափոխվելը և միասին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարելը ևս մեկ անգամ վկայում են, որ հավաքական ընդդիմության ծրագիրը, պլանը Գյումրիի սցենարի կրկնությունն է ամբողջ Հայաստանում: Նրանք սրա մասին ուղիղ հայտարարում են, ըստ երևույթին:
Քոչարյանն է դրա մասին ուղիղ ասել, ռուսաստանցի օլիգարխի թիմն է դրա մասին ասել, և հիմա փաստորեն Ծառուկյանենք էլ են միանում սրան», - ասաց ԱԺ փոխնախագահը:
«Ես վարչապետի թեկնածու ունեմ, իհարկե ունեմ, մեկի տեղը երեքը ունեմ՝ մեկը մեկից գրագետ, մեկը մեկից ուժեղ, պատրաստված», - վերջերս հայտարարել էր ԲՀԿ առաջնորդը:
Ծառուկյանին միացած «Մայր Հայաստան»-ը նպատակ ունի հեռացնել Փաշինյանի վարչակազմին
Քաղաքական «Նոյյան տապան» կառուցող, բայց վարչապետի պաշտոնին չհավակնող ԲՀԿ առաջնորդին այս օրերին ևս մեկ ուժ է միացել:
Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք»-ից բացի, Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով ընտրություններին մասնակցելու և իշխանափոխության հասնելու մասին օրերս հայտարարեց «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
«Ընտրություններով ԲՀԿ-ի հետ միասնաբար հանդես գալն ուղերձ է այն մասին, որ ձևավորվում է ուժային կենտրոն, որը թիմային ու ծրագրային լուրջ այլընտրանք է իշխանությանը և հավակնում է պետության կառավարման ղեկը ստանձնելուն», - հայտարարեց Թևանյանը:
Անդրանիկ Թևանյանը դեռևս 2021-ին Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ էր: Նա, սակայն, 2023-ին վայր դրեց պատգամավորական մանդատը և մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին՝ ստանալով 12 մանդատ:
Անցած տարի Գյումրիի, ապա Վաղարշապատի ավագանու ընտրություններում Թևանյանի ուժը ևս հաղթահարեց անցողիկ շեմն ու երկու քաղաքներում էլ ստացավ 2-ական մանդատ: Քոչարյանի երբեմնի դաշնակիցն այսօր արդեն հայտարարում է Գագիկ Ծառուկյանի հետ միասնական ջանքերով Փաշինյանի վարչախմբին հեռացնելու մասին:
«Այս տարին պետք է դառնա գործող վարչակազմի հեռացման տարի: Եթե բոլորս քաղաքական մեկ թիրախ ունենանք, միմյանց դեմ քայլեր չիրականացնենք, ապա այս հոգավորի երգը երգվելու է, այդպես չէ՞», - պնդում է «Մայր Հայաստան»-ի առաջնորդը:
Վանեցյանը Ծառուկյանին միանալու որոշում չունի
Մամուլում տեղեկություններ կան, թե Գագիկ Ծառուկյանի հետ մի ցուցակով ընտրություններին կարող է մասնակցել նաև «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը: Սակայն Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի առաջնորդած ուժի գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանը փոխանցեց, որ այս պահին նման որոշում չունեն, և ընտրություններին առանձին մասնակցելու իրենց մտադրությունն առայժմ ուժի մեջ է:
«Եթե կլինեն փոփոխություններ, մենք հայտարարություն կտարածենք և հանրությանը կտեղեկացնենք: Այս պահի դրությամբ որևէ նոր բան չկա, որևէ փոփոխություն առկա չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:
«Իշխող ՔՊ-ն հունիսի 8-ին լինելու է ընդդիմություն». Սամվել Կարապետյանի ուժը գնում է մեծամասնության ետևից
2026-ի ընտրություններում երկրի ղեկին հավակնում է ոչ միայն քաղաքական «Նոյյան տապանն» առաջնորդող Գագիկ Ծառուկյանը, այլև «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը:
Տնային կալանքում գտնվող գործարարի քաղաքական թիմը մտադիր է հունիսի 7-ի ընտրություններում մեծամասնություն ստանալ, փոխել վարչապետի թեկնածուին վերաբերող Սահմանադրության 148-րդ հոդվածը և Սամվել Կարապետյանին վարչապետ դառնալու հնարավորություն տալ: Կարապետյանն այժմ չի կարող լինել ոչ վարչապետ և ոչ էլ պատգամավորի թեկնածու, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է:
«Հունիսի 8-ին չի լինելու այս իշխանությունը: Այս իշխանությունը ամենալավագույնը, հարգելով մեր ժողովրդի ընտրությունը, լինելու է ընդդիմություն, և կարծում եմ՝ շատ փոքր», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը:
Ղազինյանն այսօր վստահեցրեց՝ այս պահի դրությամբ իրենք ընդդիմադիր մյուս կենտրոնների հետ հնարավոր ետընտրական համագործակցության հարցը չեն քննարկում, իրենց ծրագիրը հունիսի 7-ի ընտրություններում մեծամասնություն վերցնելն է:
«Էդպիսի քննարկում բացարձակ չի եղել, մենք չենք դիտարկում որևիցե այլ սցենար, քան որակյալ մեծամասնությունը վերցնելը: Կգա ժամանակը՝ կհասկանանք, կտեսնենք», - նշեց «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամը:
«Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների երեք, առավելագույնը՝ չորս խոշոր բլոկներով», - շաբաթներ առաջ հայտարարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Իշխանությունը, սակայն, վստահ է՝ ընդդիմության պլանը ետընտրական համագործակցությամբ իշխանությունը վերցնելն է, թեկուզև այժմ այդ մասին չեն բարձրաձայնում: Հետևաբար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի առանցքային անդամներից Ռուբեն Ռուբինյանը պնդում է՝ պետք է այնպես անել, որ այս ուժերը ոտնատակ չանեն «Քաղաքացիական պայմանագրի» ձեռքբերումները:
«Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանում ժողովուրդը շարունակի որոշել, թե ով է լինելու իշխանություն, թե ով է լինելու վարչապետ, այլ ոչ թե Քոչարյանը և երկու օլիգարխները՝ ռուսաստանցի օլիգարխը և տեղական օլիգարխը: Մենք չափազանց շատ զոհությունների ենք գնացել, որպեսզի մեր երկրում արդարություն և խաղաղություն հաստատենք, և հիմա, երբ որ մենք կանգնած ենք դրանք անշրջելի դարձնելու շեմին, մենք թույլ չպիտի տանք, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները ոտնատակ տան մեր ձեռքբերումները»», - ասաց Ռուբինյանը:
Ի դեպ, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում այլևս չի լինելու քաղաքականությամբ զբաղվող ոչ նախկին նախագահ և ոչ էլ օլիգարխ: Փաշինյանը, սակայն, չէր մանրամասնել, թե ինչպես է դրան հասնելու: