«Այսօր ամոթի օր է՝ այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ մեր հոգևոր հորը, մեր եկեղեցու առաջնորդին». - Վեհափառի այսօր մեկնարկող դատավարությունն ամոթալի համարող ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները փոխխոսնակի ընտրության քննարկումների կեսից լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը՝ Էջմիածնում մասնակցելու մեղադրյալի աթոռին հայտնված Կաթողիկոսի դատին: Շենքում մնացին «Ուժեղ Հայաստան»-ի ու «Հայաստան»-ի այն պատգամավորները, որոնք հերթագրված էին ելույթների համար:
«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց իշխանության թիրախում հայտնված եկեղեցուն սատարելու հայտարարությունից հետո: Երեկ համանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քաղաքական ցանկացած պրոցեսից ավելի կարևոր էր համարել, ինչպես ձևակերպել էր՝ «կրոնական պարտքը», այնուհանդերձ, նրանց հեռացումը հարցեր առաջացրեց «Քաղաքացիական պայմանագրի» մոտ:
«Ինչպես տեսնում ենք՝ տեղում չէ ողջ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, որը անտրամաբանական է, քանի որ մենք քննարկում ենք հենց իրենց թեկնածուի ընտրության հարցը: Եվ պետք է հասկանալ, թե առհասարակ ինչով է զբաղվում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը», - հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը:
Կաթողիկոսն ու վեց հոգևորականներ մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու՝ հակակաթողիկոսական արշավին միացած Մասյացոտնի թեմի պաշտոնանկ արված առաջնորդին նույն պաշտոնում չվերականգնելու համար: Այսօր ընդդիմադիրները թերևս ավելի շատ Վեհափառի նկատմամբ մեղադրանքից էին խոսում, քան փոխխոսնակի ընդդիմադիր թեկնածու Արամ Վարդևանյանից.
«Բոլշևիկներն ի՞նչ արեցին՝ Մայր Աթոռում խեղդամահ արեցին Խորեն Վեհափառին: Աստված երկար կյանք տա մեր Վեհափառ հայրապետին, բայց այն, ինչ որ այսօր տեղի է ունենալու Վաղարշապատում, հավասարազոր է 37-ի խեղդամահ անելուն»:
«Հռոմեացիները խաչում էին Հիսուս Քրիստոսին, դուք հիմա խաչում եք Հիսուս Քրիստոսի ժառանգած հավատը և այն խաչը, որը համարվում է փրկության գործիք»:
Չնայած 44-օրյա պատերազմից հետո էր Գարեգին Երկրորդը վարչապետ Փաշինյանին կոչ արել հրաժարական տալ, բայց արտահերթ ընտրություններով ձևավորված նախորդ Ազգային ժողովի առաջին նստաշրջանին Կաթողիկոսը հրավիրվել էր, նորընտիրինը՝ ոչ:
Գարեգին Երկրորդի հեռացման օրակարգ հետապնդող իշխանությունից ընդդիմադիրներին հակադարձեց Արթուր Հովհաննիսյանը: Երբ նա Կաթողիկոսին դիմեց նախկին՝ աշխարհիկ անունով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները ի նշան բողոքի սկսեցին հարվածել սեղաններին:
«Եկեղեցին՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, ... խառնվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին, և սա դեռ բավարար չէ, եկեղեցու առնվազն երկու պաշտոնյայի՝ բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ կա տեղեկատվություն, որ նրանք խախտել են կուսակրոնության ուխտը: Եվ հաշվի առնելով, որ այս նշածս հանգամանքները խարխլում են պետության հիմնասյուները, մենք կանգնած ենք եկեղեցու պաշտպանության», - հայտարարեց Հովհաննիսյանը :
Դառնալով Վարդևանյանի թեկնածությանը՝ տարբեր կարծիքներ հնչեցին: Մինչ ընդդիմադիրները «մաստերկլաս» էին անվանում, իշխանությունը դժգոհում էր մի քանի ժամ տևած Վարդևանյանի պատասխաններից, նրանց թվում՝ Վեդու նախկին համայնքապետը: Գարիկ Սարգսյանը հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերից մեկից հասավ Վարդևանյանի երկու նախկին պաշտպանյալներին՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին:
«Ես ուզում եմ մտածել, որ դուք դերասանական տաղանդով շատ մոտ եք Կիանու Ռիվզին և Ալ Պաչինոյին, միայն զուտ այդ պատճառով են ձեզ համեմատում սատանայի փաստաբանի հետ», - հայտարարեց Սարգսյանը:
Իշխանությունից Սիսակ Գաբրիելյանը, այդուհանդերձ, պնդում է՝ որոշում չունեն՝ Արամ Վարդևանյանին կընտրե՞ն, թե՞ ոչ:
«Խմբակցությունից չգիտեմ, որ չենք քննարկել, չեմ կարող ասել», - նշեց Գաբրիելյանը:
«Հայաստան»-ը հայտարարել է, որ ողջ կազմով կողմ կքվեարկի, բայց առանց «Քաղաքացիական պայմանագրի» ձայների ընդդիմության թեկնածուն չի կարող ԱԺ փոխնախագահ ընտրվել:
«Ինձ թվում է՝ տեղը Սահմանադրությամբ ընդդիմությանն է, ընդդիմադիրներից մեկ խմբակցություն առաջադրեց, ինչ-որ մեկը պետք է էնտեղ ընտրվի: Համենայն դեպս, պարոն Վարդևանյանը նաև իր խոսքում նշեց, որ շատ է ուզում ընտրվի կամ կուզենար էնտեղ լիներ: Ինձ թվում է, մինչև էս պահը, համենայն դեպս անձամբ ես որևէ տենց ինչ-որ արտառոց բան չեմ տեսել, որ ասեմ՝ չէ, պարոն Վարդևանյանին չեմ ուզում, ուզում եմ, չգիտեմ, պարոն Կարապետյանը լինի էդ թեկնածուն կամ պարոն Ղազինյանը», - ասաց Սիսակ Գաբրիելյանը:
«Ազատության» հարցին՝ «բայց եթե խմբակցության որոշում եղավ, դուք ձեր այդ դիրքորոշումը կփոխե՞ք», ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. - «Դե խմբակցության որոշումները պարտադիր են կատարման համար»:
Ելույթ ունենալու ցանկություն մոտ վեց տասնյակ պատգամավոր ուներ, այսօր ողջ օրը դրանք հնչեցին, դեռ երկուշաբթի էլ կշարունակվեն, ու այդ օրը նաև կպարզվի՝ Վարդևանյանը կընտրվի՞ խորհրդարանի փոխխոսնակ, թե՞ ոչ: