Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցը։
Երեկ քննարկումը չավարտվեց․ հարցեր տալու համար հերթագրվել էր 43, ելույթների համար՝ 59 պատգամավոր։ Ընդդիմադիր թեկնածուին արդեն հարցեր են ուղղել քաղբանտարկյալների, Հայաստանի տարածքային ամբողջականության, ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործերի, ինչպես նաև նրա քաղաքական անցյալի մասին։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ չի հայտարարել՝ կաջակցի՞ Վարդևանյանի թեկնածությանը, թե՞ ոչ. որոշումը կընդունվի քննարկումների ավարտից հետո։
Ազգային ժողովն արդեն ընտրել է երկու փոխնախագահների՝ ՔՊ-ից Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին։ Օրենքի համաձայն՝ երրորդ փոխնախագահի պաշտոնը հասնում է ընդդիմությանը։
Թեև այսօր շարունակվում է քննարկվել ԱԺ փոխխոսնակի ընտրության հարցը, սակայն, ընդդիմադիրներն իրենց ելույթներում խոսում են այսօր Էջմիածնում կայանալիք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դատական նիստից։
«Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ մեր հոգևոր հորը: Սա խայտառակություն է ու չլսված բան: Սա ոտնձգություն է ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու անկախության, այլև Հայաստանի Սահմանադրության նկատմամբ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ այսօր ժամը 15:00-ից խմբակցության պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին: «16:00 կլինենք Վաղարշապատի դատարանի առջև»,- հայտնել է Կարապետյանը:
«Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում Գարեգին Երկրորդին դիմեց նրա ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան, որից հետո ընդդիմությունից դժգոհություններ հնչեցին, ձեռքերով սեղաններին էին հարվածում: Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց.
«Դուք ասում եք, որ ձեր պայքարը եկեղեցու պաշտպանության մասին է, մենք ասում ենք հետևյալը. եկեղեցին՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ խառնվել է ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին: Եվ սա դեռ բավարար չէ եկեղեցու առնվազն երկու պաշտոնյայի վերաբերյալ կա տեղեակտվություն, որ նրանք խախտել են կուսակրոնության ուխտը: Հաշվի առնելով, որ այս հանգամանքները խարխլում են պետության հիմնասյուները, մենք կանգնած ենք եկեղեցու կողքին, մենք պաշտպանում ենք եկեղեցուն, իսկ դուք պաշտպանում եք կուսակրոնության ուխտը խախտած, քաղաքականության մեջ խառնված եկեղեցականներին»:
Գարեգին Երկրորդին դատարան «կանչելը անընդունելի և դատապարտելի» է որակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ով նշել է, որ Գարեգին Երկրորդին առաջարկել է չնեկայանալ դատարան և իր ներկայացուցչին ուղարկել:
« Մեր խոր ընդվզումը յայտնեցինք Գարեգին Վեհափառին եւ նոյնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցիչը ուղարկել։ Կոչ կ՚ուղղենք պետական պատասխանատուներուն, ինչպէս յաճախ կատարած ենք, յարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեր եկեղեցւոյ ու Վեհափառին անձին նկատմամբ եւ հարցերը քննելու փոխադարձ հասկացողութեան ու պատշաճութեան սահմաններէն ներս՝ յարգելով պետութեան օրէնքները եւ եկեղեցւոյ ներքին կարգն ու կանոնը»,- ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությունում:
Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր կկանգնի դատարանի առջև որպես մեղադրյալ։ Նրա և վեց եպիսկոպոս արքեպիսկոպոսների քրեական գործն Արմավիրի դատարանում է։ Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:
Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում: