Մատչելիության հղումներ

«Սա մեր ազգային ամոթն է». ընդդիմադիրների արձագանքը կաթողիկոսի գործով դատավարությունը

Կաթողիկոսի աջակիցները դատարանի բակում, 7-ը օգոստոսի, 2026թ.
Կաթողիկոսի աջակիցները դատարանի բակում, 7-ը օգոստոսի, 2026թ.

Ամենայն հայոց կաթողիկոսի դատավարությանը կաթողիկոսին աջակցելու էին եկել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Նրանց մի մասը այդպես էլ չկարողացավ ներս մտնել դատական նիստերի դահլիճ, քանի որ այլևս տեղ չկար։

«Ազատության» հետ զրույցներում թե՛ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը, թե՛ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը, ինչպես նաև Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը տեղի ունեցողը ազգային ամոթ որակեցին. «Մեր ազգային ամոթն է տեղի ունենում, պետությունը չէ, Փաշինյանը, փորձում է վերացնել երկրում առկա բոլոր ինստիտուտները, այդ թվում նաև եկեղեցին, դա իրեն չի հաջողվելու»:

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ անգամ միջազգային դատարաններում է արձանագրված, որ եկեղեցին անջատված է պետությունից, և պետությունը չի կարող որևէ որոշում կայացնել եկեղեցուն, եկեղեցուն առնչվող հարաբերությունների մասին չի կարող դատական գործընթացներ սկսել։

«Որևէ դեպք եկեղեցու ներքին գործերի, որ դառնան դատարանների քննության առարկա, չեք լսել, չեք տեսել և անհնար է տեսած կամ լսած լինեք։ Այն վնասը, որը հիմա պատճառվում է մեր հասարակությանը, Սահմանադրությանը, ընդհանրապես խղճի, կրոնի ազատությանը, սա անվերականգնելի եմ համարում։ Սա ամոթ է ուղղակի, սա խայտառակություն է», - ընդգծեց նա:

Դատական նիստը շատ կարճ տևեց: Կաթողիկոսը Արմավիրի առաջին ատյանի դատարանից ոտքով ուղևորվեց Մայր տաճար, դատարանի բակում հավաքված աջակիցները ևս նրա հետ ոտքով հասան Վեհարան՝ մասնակցելու ժամերգության։

Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:

Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG