Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմադիր ուժերը վաղը նախատեսում են լինել կաթողիկոսի դատական նիստին

Լրացված
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը վաղը Ազգային ժողովում չի լինելու, ժամը 4-ին կլինեն Վեհափառի դատական նիստին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի: Մենք կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ: Վաղը ժամը 4-ին լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց», - ընդգծեց Նարեկ Կարապետյանը:

Հարցին՝ օրվա առաջին կեսին ևս չե՞ն լինի ԱԺ-ում, նա պատասխանեց. «Առաջին կեսին... որոշումը կկայացնենք, մեր քայլը՝ ժամը 4-ին կլինենք այնտեղ»:

«Ազատության» դիտարկմանը՝ եթե ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրությունը եղավ ժամը 4-ից հետո, չե՞ն մասնակցի, Կարապետյանը արձագանքեց. «Կա առաջնահերթություն, մեր կրոնական պարտքն առաջնահերթ է մեր քաղաքական յուրաքանչյուր պրոցեսի հանդեպ»:

ԱԺ մյուս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները ևս պատրաստվում են վաղը գնալ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին դատական նիստին:

Ամենայն Հայոց կաթողիկոսը վաղը կկանգնի դատարանի առջև որպես մեղադրյալ։ Նրա և վեց եպիսկոպոս արքեպիսկոպոսների քրեական գործն Արմավիրի դատարանում է։ Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:

Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում:

XS
SM
MD
LG