Այսօր խորհրդարանը չավարտեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը։ Հարցեր տալու համար 43 պատգամավոր էր հերթագրվել, իսկ ելույթների համար՝ է՛լ ավելի շատ՝ 59 պատգամավոր։
«Բավականին պոպուլյար եք, պարոն Վարդևանյան», - ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Շնորհակալ եմ», - արձագանքեց ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուն:
Օրվա վերջում ելույթները նոր-նոր սկսեցին, ու եթե բոլոր հերթագրվածները ելույթ ունենան, դա վաղը փաստորեն չի ավարտվի։
«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է, որ վաղը լինելու է Վաղարշապատի դատարանում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի դատին, Գարեգին Երկրորդը որպես մեղադրյալ է կանգնելու դատարանի առջև։
«Մենք կլինենք Վաղարշապատում ժամը 4-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ», - հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Իսկ փոխխոսնակի ընտրությունը եթե հենց այդ ժամին եղավ, կմասնակցե՞ն, «Ազատության» այս հարցին Կարապետյանն արձագանքեց՝ իրենց համար առաջնահերթություն են համարում կրոնական պարտքը. - «Մեր կրոնական պարտքը առաջնահերթ է մեր քաղաքական յուրաքանչյուր պրոցեսի հանդեպ»:
Եթե պատգամավորները կամ որոշ պատգամավորներ որոշեն հանել իրենց ելույթները, շատ հնարավոր է, որ ընտրությունը հենց այդ ժամերին էլ լինի։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ չի որոշել՝ կընտրի՞ Վարդևանյանին, թե՞ ոչ
Իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ չի որոշել՝ կընտրի՞ Վարդևանյանին փոխխոսնակի պաշտոնում, թե՞ ոչ. խմբակցության ղեկավարն ասաց՝ հարցերի պատասխաններից, նաև ելույթներից է կախված, և դրանից հետո քննարկում կանեն ու որոշում կընդունեն:
Իսկ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պնդում էր, որ իրենք չեն առաջնորդվի նրանով, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»ը հայտարարեց, որ դեմ են քվեարկել թե՛ Ազգային ժողովի նախագահի, թե՛ երկու փոխխոսնակների թեկնածուներին։
«Դա ինչ-որ մանր քինախնդրության նման մի բան կլինի, որպես էդպիսին, մենք շատ ավելի բարձր ենք դրանից։ Կորոշվի քննարկման արդյունքներով նաև, խմբակցությունը որոշում կկայացնի, և խմբակցության ղեկավարը դրա մասին կհայտարարի, կհայտարարի նաև կայացված որոշման դրդապատճառների մասին», - ասաց Ալեքսանյանը:
Հենց «Քաղաքացիական պայմանագրի» ձայներից է կախված՝ Վարդևանյանը կընտրվի՞ Ազգային ժողովի երրորդ փոխխոսնակ, թե՞ ոչ, իսկ այդ պաշտոնում առաջադրումը օրենքով բացառապես ընդդիմությանն է վերապահված: Նույն թեկնածուն երեք անգամ կարող է առաջադրվել: Եթե չընտրվի այս փուլում՝ առաջին նստաշրջանում, հարցը փակվում է, հաջորդ հարցին են անցնում։ Հետո, երբ Ազգային ժողովը ձևավորված կլինի, էլի նույն թեկնածուն կարող է առաջադրվել։
Իշխանության հարցերը ամենակնճռոտ թեմաներին էին վերաբերում՝ քաղբանտարկյալներ, Հայաստանի տարածքային ամբողջականություն, դրա քառակուսի կիլոմետրի վերաբերյալ հարցեր հնչեցին՝ ընդունո՞ւմ է Վարդևանյանը, որ Հայաստանի տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, թե՞ ոչ։
Քաղբանտարկյալների մասով ասաց՝ աննախադեպ է նրանց թիվը։ Իսկ տարածքի վերաբերյալ Արամ Վարդևանյանն ասաց, որ հենց Նիկոլ Փաշինյանն է երկու տարբեր թվեր ասել տարբեր ժամանակներում՝ 29 հազար 743, 29 հազար 800։
Իշխանությանը ակնհայտորեն նրա պատասխանները չէին բավարարում, շատ հարցերի, նաև այս հարցի վերաբերյալ նրանք խուսանավել էին դա գնահատում, անդրադառնում էին ընտրակաշառքի թեմային. ընտրությունների փուլում և դրանից հետո հենց «Ուժեղ Հայաստան»ի ներկայացուցիչների նկատմամբ են ամենաշատ ընտրակաշառքի դեպքերով գործերը հարուցված:
Իսկ Արամ Վարդևանյանի պատասխանը այս հայտարարություններին և պնդումներին այն էր, որ այս պահի դրությամբ օրինական ուժի մեջ մտած որևէ դատավճիռ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների նկատմամբ չկա։ Ընտրակաշառքը ինքն անձամբ և իր ուժը պարսավելի են համարում, ասաց նա։
Նրա քաղաքական անցյալին անդրադարձ եղավ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակում է եղել՝ 2017 թվականի մասին է խոսքը, վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականն է եղել, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի ցուցակով է պատգամավոր դարձել, իսկ հիմա «Ուժեղ Հայաստան»-ի անդամ է։ Ասաց՝ չի վերադառնալու փաստաբանությանը, իսկ հիմա իրեն միայն «Ուժեղ Հայաստան»-ում է տեսնում։
Ինչպես պնդում էր՝ հենց Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքականությունն է իրեն ստիպել վերադառնալ քաղաքական դաշտ։