Մատչելիության հղումներ

ԱԺ-ն շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. Ռուբինյանն ու Կարապետյանն զգուշացումներ են ուղղում միմյանց

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան, կոլաժ
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան, կոլաժ

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրեց դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածությունը: Ընդդիմադիր երկրորդ ուժը, ըստ օրենքի, միայն մեկ հանձնաժողովում նախագահ առաջադրելու իրավունք ունի:

«Եվ այս առումով, կարծում եմ, որ Լիլիթ Գալստյանը շատ օգտակար դերակատարություն կունենա հատկապես աս շատ դժվարին իրավիճակում», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ութերորդ գումարման խորհրդարանում այս հանձնաժողովի ղեկավարումը դարձյալ ստանձնել էր ընդդիմությունը: Սակայն հետագայում «Քաղաքացիական պայմանագիր»-ը այն ժամանակվա նախագահ Թագուհի Թովմասյանին հեռացրեց պաշտոնից՝ պատճառաբանելով, թե նա չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին և թերացել է հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու հարցում: Դրանից հետո հանձնաժողովը փաստացի ղեկավարում էր փոխնախագահը՝ ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը: Այժմ ընդդիմությունն առաջադրելու է թեկնածուներ ինչպես նախագահի, այնպես էլ փոխնախագահի պաշտոնների համար:

«Իրականում շատ էր մեծ գայթակղությունը՝ ներկայացնել այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արթուր Սարգսյանին, բայց մեր գործընկերը ասեց, որ ավելի լավ է՝ գործնական հանձնաժողովի նախագահ լինի, որովհետև ինքը զրկված է լինելու հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարել, իսկ հիմա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը օդ ու ջրի պես անհրաժեշտություն է», - ասաց Մանուկյանը:

Օրվա առաջին կեսին պատգամավորները քննարկում էին Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը: Ընդդիմադիրների հարցերը տարբեր ոլորտներից էին. օրինակ՝ Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են 2022-ին Ֆուտբոլի ֆեդերացիային հատկացված 5 մլրդ դրամով 4 խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ընդ որում՝ այս գումարի կեսն, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ֆեդերացիային փոխանցվել է չորս տարի առաջ:

«Որքանով որ ես եմ տեղյակ, էդ գումարը երբևէ, ոնց է կոչվո՞ւմ, գանձապետարանի հաշվեհամարից դուրս չի եկել և չի գնացել ֆեդերացիայի հաշվին: Պատճառները մի քանիսն են, երկուսը գիտեմ մոտավորապես՝ որովհետև ֆեդերացիան որտեղ մատը դրել է, որ ուզեցել է կառուցի, է պարզվել է՝ նախկին մարզպետի, կամ քաղաքապետի ապօրինի գույքն է: Գնացել է, ուզեցել է կառուցի, դատախազությունն եկել ասել է՝ «բարև ձեզ, նախկին մարզպետն է, քաղաքապետն է, պատգամավորն է, նախարարն է, իրենց ամբողջ գույքն է», - հարցին պատասխանեց Գաբրիելյանը:

Շարունակելով՝ ՔՊ-ական պատգամավորն, այդուհանդերձ, շեշտեց՝ չորս խաղադաշտերից մեկը կառուցվում է, ավելին՝ ավարտական փուլում է:

«Երեք րոպեյվա մեջ 180 աստիճան տարբեր բան ասեցիք: Եթե ասում եք՝ մի մարզադաշտը գրեթե պատրաստ է, բա դրա փողը ո՞րտեղ է, եթե ասում եք՝ գանձապետական հաշվին է: Նախ գանձապետական հաշվին չի՝ 22 թվականի դեկտեմբերից հետո 23 թվականի հունվարի 30 օրվա մեջ փողը փոխանցվել է Ֆուտբոլի ֆեդերացիային: Երկրորդը, որ էլի նախկիններին եք մեղադրում, մուննաթ գալու դեպքում՝ Կառավարության աշխատակազմի ղեկավարին. եթե Կառավարությունը նախագիծ է սարքում որոշման ու նշում է՝ էս, էս, էս մարզադաշտերը, փողն էլ միանգամից տալիս է, բա չէր ուսումնասիրե՞լ՝ էդ մարզադաշտը ումն է», - արձագանքեց Մանուկյանը:

Կրթության հանձնաժողովi նախագահի թեկնածության քննարկման ընթացքում ընդդիմադիրները «Քաղաքացիական պայմանագրին» հիշեցրին 2018-ի նրանց առանցքային խոստումներից մեկը՝ բուհերն ապաքաղաքականացնելու մասին:

«Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո, բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն», - մասնավորապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա անցել է ութ տարի: Մտածում ենք, ասում ենք՝ բա չհաղթե՞ր էդ հեղափոխությունը, բա չլինե՞ր էս մարդը մեր երկրի վարչապետ ու էսօրգար ու շատ հանգիստ, վարչապետի որոշումներով, առանց որևէ լարվածության, Երևանի Պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից հեռացներ պաշտպանության նախարարին՝ Սուրեն Պապիկյանին, Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդից հեռացներ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը Սահմանադրությամբ իրավունք չունի զբաղեցնելու որևէ այլ պաշտոն», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ից Էդգար Ղազարյանը:

Բուհերի խորհուրդներում ընդգրկված պաշտոնյաներին թվարկելուց հետո Ղազարյանը պնդեց՝ քաղաքական հայացքների պատճառով դպրոցներից ու համալսարաններից դասախոսներ և տնօրեններ են հեռացվել:

Ընդդիմադիր պատգամավորին արձագանքելու համար ՔՊ-ական Արայիկ Հարությունյանն ասաց, թե ստիպված է փոխել իր պատրաստած ելույթը: Ըստ էության չհերքելով, որ բուհերն ապաքաղաքականացնելու ՔՊ-ի խոստումը թղթին է մնացել, Հարությունյանը փորձեց հիմնավորել, թե ինչու է այդպես ստացվել:

«Մենք բուհերի էն տրամաբանությունը, որդրել էինք 2018 թվականին, փոխոցինք, որպեսզի բուհերը փրկենք զավթումից: Եվ էն մարդը, ես, ով կողմնակից էր և ջատագովն էր դրան, ժամանակավոր լուծում համարեց էն, ինչ որ հիմա տեղի է ունենում մեր խորհուրդներում», - հայտարարեց իշխանական պատգամավորը:

«Եվ ինչ հետաքրքիր սցենար է առաջարկում պարոն Հարությունյանը. ասում է՝ «գիտե՞ք, ելնելով այն կանխավարկածից, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները և իրենց ձեռքերը կարող էին վերցնել նաև գիտական, ուսումնական հաստատությունները, պետական բուհերը, որոշեցինք մենք դա վերցնենք, որպեսզի բուհերը չքաղաքականացվեն»: Լավ, կարելի է՞ էսպիսի պրիմիտիվ բանով մոտենալ հարցերին., - հակադարձեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

Այսօր էլ պատգամավորները չմոռացան խոսել իրենց իսկ հռչակած բարեկրթության օրակարգից: Ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարը ռիսկ է տեսնում, որ այդ օրակարգի միակ պահպանողը կարող է մնալ ինքը: ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանն էր ամբիոնից Ռաֆայել Պատկանյանի «Հայերուս թուքը» բանաստեղծությունն ընթերցել՝ փորձելով նկարագրել Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ-ի վրա թքած ունենալու վերաբերյալ նախկինում արված արտահայտությունը: Հենց սա էլ հարուցել էր Նարեկ Կարապետյանի վրդովմունքը:

«Այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ էս դահլիճում: Եվ բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ, հորդորում եմ՝ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այստեղ, չունենանք պոետիկ երեկոներ Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ֆորմատով», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը:

«Եթե ինչ-որ բան ասում եք էս դահլիճում, նույն, ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու են իրանք՝ ձեզ հարց տվողը, և էն մնացածը էլ չշարունակեմ», - արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Խորհրդարանական «բարեկրթության» սահմաններում քննարկումները վաղն էլ կշարունակվեն։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG