Ազգային ժողովի պատգամավորներն ավարտեցին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համար առաջադրված թեկնածուի հարցի քննարկումը և անցան արդեն ընդդիմությանը հասանելիք մյուս հանձնաժողովի՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի համար առաջադրված թեկնածուի հարցի քննարկմանը։ Այս հանձնաժողովը նախագահելու համար ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրեց Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։
Ղազինյանը հանդես եկավ հիմնական ելույթով, որտեղ գլխավորապես անդրադարձավ էներգետիկ ոլորտին։
«Անգամ եթե ատոմակայանը կանգնի էլ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունը էներգետիկայի մասով համարվում է ինքնաբավ երկիր։ Այս պարագայում քննարկել, թե Ալիևն ինչ է ասել, այնտեղից, Նախիջևանից հոսանք բերենք, մյուս անենք, կարծում եմ ճիշտ չի», - մասնավորապես ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ղազինյանը, ամփոփելով հիմնական ելույթը, հայտարարեց, որ ոչ հորդորելու է, ոչ էլ առավել ևս պահանջելու է, որ իշխանական պատգամավորները քվեարկեն իր օգտին. առանց իշխանական խմբակցության քվեների ընդդիմադիր խմբակցության թեկնածուները չեն կարող ընտրվել հանձնաժողովի նախագահ։
«Ընտրվելու դեպքում պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ՝ անկախ քաղաքական, այսպես ասած, շա՜տ խորը տարաձայնություններից», - վստահեցրեց թեկնածուն:
Ավելի քան երկու տասնյակ պատգամավորներ հերթագրվեցին Դավիթ Ղազինյանին հարցեր տալու համար, հիմնականում իշխանական պատգամավորներն էին ակտիվ։ Նրանց տարբեր հարցեր էին հետաքրքրում՝ սկսած պնդումներից, որ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներն անում էին նախընտրական փուլում՝ կապված «300 հազար ադրբեջանցիների» հետ, մինչև ՀԷՑ-ում եղած խնդիրները:
«Ըստ երևույթին՝ արդեն մոտ մի 3 հազարը պետք է այստեղ լինեին։ Խնդրում եմ ասեք տվյալներ, թե որ մարզերում եք հանդիպել, որ քաղաքներում եք հանդիպել ադրբեջանցիների», - իշխանական պատգամավորի այս խնդրանքին ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. - «Ես չեմ հիշում մեր թիմից որևէ մեկին, որը ասած լինի՝ ընտրությունները պրծավ, երկու ամիս հետո ադրբեջանցիները արդեն այդտեղ են լինելու։ Դա՝ առաջինը: Երկրորդը՝ իշխող քաղաքական թիմում կա մի այսպիսի խնդիր՝ այն բանի պատմությունն է, ասենք, մեկը մեկին բան է ասում, ֆռում, երրորդին պատասխանում է։ Ժողովուրդ, այդպես չէ։ Ձեր աչքի առաջ չի՞ այդ խոսույթը։ Ձեր աչքի առաջ չի՞ այդ, ինչ որ Ադրբեջանում կատարվում է, այսինքն՝ եթե ընդդիմությունը որոշում է վտանգները ներկայացնի... Այդ թիվն էլ հենց այնպես չի, չէ՞»։
Դավիթ Ղազինյանը, որ նախկինում ղեկավարել է ՀԷՑ-ը, մեղադրվում է ընտրակաշառքի գործով, անգամ եղել է կալանքի տակ, և այսօր իշխանական պատգամավորները, մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանը, հետաքրքրվում էին, թե ունե՞ն արդյոք այլընտրանքային թեկնածու, եթե այնպես ստացվի, որ գլխավոր դատախազը, օրինակ, գա խորհրդարան։
«Այսպես թե այնպես, դատախազը ձեր հետևից գալու է, ինչքան էլ իրավաբանական ֆակուլտետը ավարտած լինեք։ Չի կարող չգալ, որովհետև դուք օրենքի ուժով եք դուրս եկել, քրեական գործը չի կարճվել։ Հիմա այդտեղ խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ չէ, եթե գա և գալու արդյունքում ձեզ տանի, այդ դեպքում ֆրակցիայում դուք որ քննարկել եք ձեր թեկնածության հարցը, այդ տվյալ իրավիճակը հաշվի առե՞լ եք, թե՞ ոչ», - հարցրեց Քոչարյանը:
«Այնպես չի, որ չեմ ուզում դատախազը գա, և այնպես էլ չի, որ մտածում եմ, որ չի գալու։ Միանշանակ։ Ինչ վերաբերում է ֆրակցիային, ես համոզված եմ, որ պարոն Կարապետյանը շատ լավ պատկերացնում է, որ ում էլ առաջադրի, այդ վտանգը գլխին կախված է, կապ չունի, այն առումով, որ կարող են նույն իմ ձևով մի հատ ինչ-որ կիսատ-պռատ ուրիշի երկու հոգու խոսակցություն բերեն և ինչ-որ մեկին տանեն», - արձագանքեց Ղազինյանը:
Ընդդիմության արդեն երկրորդ թեկնածուն է քննարկվում, նախորդ թեկնածուն Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համար առաջադրված թեկնածուն էր՝ «Ուժեղ Հայաստան»-ից այս հանձնաժողովի համար առաջարկել են Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, բայց մինչև այս պահը իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ չի բացահայտում, թե ինչպես է պատրաստվում քվեարկել հանձնաժողովների նախագահների ընդդիմադիր թեկնածուների հարցով։
Իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը պնդեց, թե այն միջադեպը, որ տեղի ունեցավ նախօրեին խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո, որևէ կերպ չի կարող անդրադառնալ իրենց որոշման վրա։
«Պարոն Ռուբինյանը հստակ ասաց, որ մենք որոշում չունենք և քննարկելու ենք, և թույլ տվեք, որպեսզի լսենք և նորմալ միջավայրում մեր քննարկումները և նիստերը անցկացնենք», - լրագրողների հետ զրույցում ասաց Մանավազյանը:
Արդեն երրորդ շաբաթն է՝ խորհրդարանը շարունակում է 9-րդ գումարման առաջին նստաշրջանը, մինչև այս պահը ընտրվել են Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, քննարկվել է վեցերորդ հանձնաժողովի նախագահի համար առաջադրված թեկնածուի հարցը, ևս վեց թեկնածուի հետ կապված քննարկումը առջևում է: Եվ այսօր կրկին խմբակցությունների ղեկավարները Ազգային ժողովի նախագահի հետ փորձում էին հասկանալ՝ հնարավո՞ր է առավել արագացնել աշխատանքը, որպեսզի շուտ ամփոփվի։ Ռուբեն Ռուբինյանն առաջարկում էր լրացուցիչ նիստեր գումարել կամ կրճատել ելույթների համար սահմանված տևողությունը։
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն առաջարկեց վեց-վեց քվեարկություն անցկացնել, ԱԺ նախագահը պնդեց, որ դա հնարավոր չէ, Գրիգորյանն էլ հայտարարեց, որ «այլ բան քննարկելու չունեն»:
«Շատ լավ, որևէ խնդիր չկա, շարունակում ենք ոնց կա ուրեմն», - հայտարարեց Ռուբինյանը:
Խորհրդարանը աշխատանքը կշարունակի նաև հաջորդ շաբաթ, ևս վեց թեկնածուի հետ կապված քննարկումը առջևում է, առջևում է նաև Կառավարության ծրագրի քննարկումը: