Մատչելիության հղումներ

ԱԺ-ում շարունակվում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը

Լրացված

Ազգային ժողովը շարունակում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Քիչ անց կավարտվի արդեն վեցերորդ հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցի քննարկումը։

Այժմ մտքերի փոխանակության փուլն է։ Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադառնում են Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» առաջադրած Դավիթ Ղազինյանի թեկնածությանը։

Ղազինյանն իր հիմնական ելույթում առավելապես խոսել էր էներգետիկ ոլորտից՝ պնդելով, որ Հայաստանն այդ առումով ինքնաբավ է։ Նա նաև հայտարարել էր, որ իշխանական պատգամավորներին չի հորդորելու քվեարկել իր օգտին, բայց ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել բոլորի հետ։

Ղազինյանին հարցեր տալու համար ավելի քան երկու տասնյակ պատգամավոր էր հերթագրվել՝ հիմնականում իշխանական։ Հարցեր հնչեցին նաև նրա նկատմամբ քննվող ընտրակաշառքի գործի վերաբերյալ։ Նախկինում ՀԷՑ-ը ղեկավարած Ղազինյանն այս գործով մեղադրյալ է և որոշ ժամանակ կալանքի տակ է եղել։

Սա ընդդիմության առաջադրած երկրորդ թեկնածուն է։ Ավելի վաղ խորհրդարանը քննարկել էր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ չի հայտնել՝ ինչպես է քվեարկելու ընդդիմության թեկնածուների հարցով։

Պատգամավորներն այժմ էլ քննարկում են Կրթության հանձնաժողովի պաշտոնում առաջադրված Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։

XS
SM
MD
LG