Ազգային ժողովում այսօր շարունակվեց 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: 53 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց խորհրդարանի նախագահի երրորդ տեղակալը։ Այդ պաշտոնի համար ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը առաջադրել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։
Վարդևանյանի ընտրության հարցում վճռորոշ եղան «Քաղաքացիական պայմանագրի» ձայները։ Խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը մինչև փակ-գաղտնի քվեարկությունը հայտարարեց, որ կապահովեն բավարար թվով ձայներ, որպեսզի Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվի Արամ Վարդևանյանը։ Իսկ ավելի ուշ արդեն բացատրեց՝ չէին ցանկանում, որպեսզի Ազգային ժողովի աշխատանքը տապալվի և հենց այդ պատճառով ձայների անհրաժեշտ քանակն ապահովեցին։
«Անձն ի՞նչ կարևոր է, երբ խմբակցությունն ունի որոշում՝ բավարար չափով ձայներ ապահովել։ 53 ձայն է պետք ընտրվելու համար, որից պակասում է իրենց 13 ձայնը, այդ թվում նաև Արթուր Սարգսյանի բացակայությունն ենք հաշվի առել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը:
Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ անհրաժեշտ ձայներն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» տվեց, որպեսզի ընտրվի՝ ելնելով սահմանադրաիրավական կարգավորումներից և ընթացակարգերից։
«Դա նաև պարտականություն է ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված պաշտոնների՝ լինի Ազգային ժողովի նախագահի տեղակալը, թե մշտական հանձնաժողովների նախագահների մասով, Սահմանադրական դատարանի որոշման էությունը դրանում է, ի դեպ 2023 թվականի որոշման մասին եմ ասում»,- շեշտում է Վարդևանյանը։
Քննարկվեց մշտական հանձնաժողովներ ստեղծելու ԱԺ որոշման նախագիծը
Այնուհետև պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովներ ստեղծելու Ազգային ժողովի որոշման նախագիծը, որը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը։ Ըստ էության, նույն թվով և նույն անվանումներով հանձնաժողովներ ստեղծվեցին, միայն փոխվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անվանումը, դարձավ Աշխատանքի և բարեկեցության մշտական հանձնաժողով։ Որոշման նախագծին կողմ քվեարկեց միայն «Քաղաքացիական պայմանագիրը», ընդդիմությունը ձեռնպահ էր։
ԱԺ-ում կգործի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով
Այս որոշման նախագիծը ևս ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը։ Նախորդ խորհրդարանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չկար։ Այս անգամ նախաձեռնությամբ հանդես եկան պատգամավորները, որոշեցին, որ խորհրդարանում պետք է լինի ժամանակավոր հանձնաժողով։ Այն կունենա 10 անդամ. 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», 5-ը՝ ընդդիմադիր 2 խմբակցություններից: Այստեղ հավասար քանակով են ձայները լինելու. առաջին 6 ամսում նախագահելու է իշխանական թեկնածուն, հետո ռոտացիոն կարգով փոխվելու է, և նախագահությունն անցնելու է ընդդիմությանը: Եթե որևէ հարց էթիկայի հանձնաժողով հասնի, և ձայները հավասար քանակով բաշխվեն, ապա այստեղ վճռորոշ կլինի հանձնաժողովի նախագահի ձայնը: Այս նախագծին ընդդիմադիր երկու խմբակցությունները ևս կողմ քվեարկեցին: Այսինքն՝ 9-րդ գումարման խորհրդարանում կգործի նաև Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով։
Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկմանն ակտիվ էր հատկապես ընդդիմադիր պատգամավորներից Էդգար Ղազարյանը։
«Ինձ հետաքրքիր է, առհասարակ, ձեր վերաբերմունքը էթիկայի հանձնաժողովի ինստիտուտի նկատմամբ։ Օրինակ՝ այն դեպքում, երբ Ազգային ժողովի նախագահը թքում է քաղաքացու վրա կամ հայհոյում է անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նման դեպքերը հի՞մք են էթիկայի հանձնաժողով ստեղծելու», -հարցրեց Ղազարյանը:
ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանը շեշտեց.
«Այդ թվում և այն դեպքերի հետ կապված, երբ, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորը դիմում է միայն երկու խմբակցությունների պատգամավորներին, պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով»:
Էդգար Ղազարյանը երբ ելույթ է ունենում, ըստ էության, «Քաղաքացիական պայմանագրի» անունը չի հնչեցնում և ուղիղ ասում է, որ դիմում է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների անդամներին:
Այս հարց ու պատասխանից հետո արդեն խմբակցության ղեկավարները 12 հանձնաժողովներից ընտրեցին այն հանձնաժողովները, որոնցում պատրաստվում են նախագահների թեկնածուներ առաջադրել, բաժանվեց հանձնաժողովներն ըստ կարգավորումների: Ութ հանձնաժողովը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիրը», չորսն անցավ ընդդիմությանը։
Առաջին երկուսի իրավունքը պատկանում էր «Քաղաքացիական պայմանագրին»։ Նրանք կղեկավարեն Պաշտպանության, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները, Արտաքին հարաբերությունները, Տնտեսականը, Կրթությունը, առողջապահությունը, Աշխատանքի և բարեկեցության, ինչպես նաև Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները։
«Ուժեղ Հայաստանը» կղեկավարի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, Տարածքային կառավարման, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հանձնաժողովները։
«Եվրոպայից երկու կարևոր բան պետք է մենք ստանանք։ Առաջինը՝ տնտեսական առևտրաշրջանառություն, առևտրաշրջանառության աճ, որ գոնե համեմատելի լինի Եվրասիականի հետ։ Եվ երկրորդը՝ ինստիտուտներ, օրինակ՝ դատական համակարգ, քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Այդ ուղղությամբ կտեսնեք ինչ աշխատանք կտանենք մենք: Ակտիվությունը մենք պետք է ցույց տանք՝ ինչպես է այդ աշխատանքը տեղի ունենում։ Այսինքն՝ մենք պետք է ինստիտուտների հետ կապված Եվրոպայի կարողանանք տեղայնացնենք այստեղ և առաևտրաշրջանառության վրա աշխատենք»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը:
Մի հանձնաժողով էլ բաժին հասավ «Հայաստան» խմբակցությանը: Նրանք որոշեցին ընտրել Մարդու իրավունքների հանձնաժողովը։
Հանձնաժողովների բաշխումից հետո արդեն պատգամավորները սկսեցին քննարկել տվյալ հանձնաժողովներում իրենց առաջադրած թեկնածուներին։ Առաջինը «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրեց Պաշտպանության հանձնաժողովում իր առաջադրած թեկնածուին՝ Վիլեն Գաբրիելյանին։ Նա հանդես եկավ ելույթով, հետո արդեն պատասխանեց պատգամավորների հարցերին։ Բոլոր հանձնաժողովների թեկնածուները կքննարկվեն, հետո տեղի կունենա գաղտնի քվեարկություն: Կընտրեն արդյոք «Հայաստան» խմբակցության և «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին «Քաղաքացիական պայմանագրից», թե ոչ, այս պահին դեռ հստակ չէ: