Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը տարածքային կառավարման հանձնաժողովը նախագահելու համար առաջադրեց Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունը ներկայացնում է խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը:
Ազգային ժողովն արդեն հինգերորդ օրն է՝ հանձնաժողովների նախագահների թեկնածության հարցն է քննարկում։ Այս ընթացքում քննարկվել է 12 մշտական հանձնաժողովներից միայն հինգի թեկնածությունը՝ Պաշտպանության հանձնաժողովի, Պետաիրավական, Ֆինանսավարկային, բյուջետային, Արտաքին հարաբերությունների և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը։
Խորհրդարանական հանձնաժողովներից 8-ի նախագահներին առաջադրում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ինը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ինը՝ «Հայաստան» խմբակցությունը:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը նախագահներ առաջադրելու համար ընտրել է Պաշտպանության և անվտանգության հարցերի, Պետաիրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, Առողջապահության հարցերի, Աշխատանքի և բարեկեցության հարցերի և Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովները: Առաջին երկու հանձնաժողովների նախագահների պաշտոններում ՔՊ-ն արդեն առաջադրել է Վիլեն Գաբրիելյանին և Արուսյակ Ջուլհակյանին:
«Ուժեղ Հայաստան»-ն ընտրել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովները:
«Հայաստան» խմբակցությունն ընտրել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը: