Մատչելիության հղումներ

Իրավիճակը ԱԺ-ում լարվեց Ղազարյանի ելույթից և Կոնջորյանի արձագանքից հետո

Լրացված
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, Երևան, 13-ը օգոստոսի, 2026թ.
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, Երևան, 13-ը օգոստոսի, 2026թ.

Իրավիճակն այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում լարվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո:

Իր ելույթում սուր քննադատելով իշխող «Քաղաքացիական պայմանագրին», մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ղարաբաղյան բանակցությունները տապալելու ու պատերազմի, հազարավոր երիտասարդ զոհերի, արցախցիներին տնավեր դարձնելու համար՝ Ղազարյանն ամփոփեց՝ «սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ», և իշխող կուսակցությանը մեղադրեց զինվորների կյանքը «սրիկայաբար շահարկել» փորձելու մեջ:

Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Հայկ Կոնջորյանը տեղից հակադարձեց. - «Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում ձեր ոչ կոռեկտ և ամբարտավան պահվածքի պատճառով, և ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և Ազգային ժողովի շենքից»:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին Կոնջորյանն առաջարկեց կարգի հրավիրել իրենց պատգամավորին և «չափավորել»:

Այնուհետև ընդդիմադիր և իշխանական պատգամավորները սկսեցին դուրս գալ դահլիճից, և որոշակի քննարկում արդեն դրսում տեղի ունեցավ:

Նարեկ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ, այդուհանդերձ, խնդիր կա Էդգար Ղազարյանի խոսքում:

Երբ նիստը վերսկսվեց, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ տեղի ունեցածին՝ դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և արձանագրելով, որ «արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոնները էս դահլիճում խախտվում են», և զգուշացնելով. - «Բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի՝ այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը»:

«Որպեսզի լինենք արդար, մենք ինչ-որ չափով կիսում ենք, մեր խմբակցությունը կիսում է գործընկերների մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվի հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղյակ կպահենք: Դրանից հետո ձերորոշումն էլ ձե՛ր որոշումն է», - արձագանքեց, մասնավորապես, Նարեկ Կարապետյանը:

Երբ ԱԺ նախագահը «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին խնդրեց արտահայտել իր անձնական գնահատականը Ղազարյանի հայտարարությունների վերաբերյալ, Կարապետյանն ասաց. - «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակներում դա բարեվարքության նորմի խախտում էր»:

Ռուբինյանն էլ հայտարարեց. - «Շատ լավ, ես ուրախ եմ, որ դուք համարում եք՝ պարոն Ղազարյանի վարքը բարեվարքության կանոններից դուրս էր, ուրախ եմ նաև, որ քննարկում կունենաք, բայց ես ուզում եմ տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ակնկալում է, որ պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար: Հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասվում այս Ազգային ժողովի դահլիճում, և ոչ միայն նրան, և բոլոր նրանց, ովքեր իրենց, չգիտեմ, քաղաքական կամ ոչ քաղաքական թևերը կփռեն նրա վրա»:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG