Մատչելիության հղումներ

Դաշնակիցները պատրաստ են Ուկրաինայի անվտանգության հարցում պարտավորություններ ստանձնել․ նախագիծ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ելիսեյան պալատում, Փարիզ, 6-ը հունվարի, 2026թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ելիսեյան պալատում, Փարիզ, 6-ը հունվարի, 2026թ.

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Ուկրաինային աջակցել կամեցող արևմտյան երկրների՝ այսօր Փարիզում գումարած գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության նախագիծը, որով պաշտոնյաներն ընդգծում են՝ Ուկրաինայի ինքնիշխանության և կայուն անվտանգության ապահովումը պետք է լինի խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը։

«Փարիզյան հռչակագիր» կոչվող փաստաթղթում, որը դեռ կարող է փոփոխվել, նշվում է. - «Կողմերը պատրաստ են ԱՄՆ-ի գլխավորությամբ հրադադարի դիտարկման ու ստուգման մեխանիզմ գործարկել, աջակցել Ուկրաինայի զինված ուժերին, բազմազգ խաղաղապահ զորքեր տեղակայել և ստանձնել պարտադիր պարտավորություններ՝ Ռուսաստանի կողմից հնարավոր նոր հարձակմանն արձագանքելու համար»։

Ակնկալվում է, որ հայտարարության վերջնական տարբերակը կհրապարակվի այսօրվա գագաթնաժողովի ավարտին։ Հավաքին մասնակցում են մոտ երեք տասնյակ երկրների առաջնորդներ ու դիվանագետներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի վարչապետները, Գերմանիայի կանցլերը, ԱՄՆ նախագահ Թրամփի գլխավոր բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու փեսա Ջարեդ Քուշները։

Բանակցություններին մոտ կանգնած եվրոպացի դիվանագետները «Ազատությանը» փոխանցել են՝ հավաքի նպատակն է արձանագրել, որ Եվրոպան, Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան համակարծիք են լուծումների հարցում։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ հույս ունի բանակցություններից հետո ներկայացնել հստակ տեսլական՝ հրադադարի դեպքում Ուկրաինայում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմի ու առաքելության վերաբերյալ։

Ըստ մի շարք աղբյուրների, խաղաղապահ այդ ուժերի կազմում կարող է լինել 15-20 հազար զինվորներ, չնայած ոմանք հույս ունեն այդ թիվը հասցնել 30 հազարի՝ «անվտանգ ծով, երկինք և ցամաք» կարգախոսի ներքո։

Ռազմական որևէ ծրագիր դեռ չի բացահայտվել, հայտնի է միայն, որ զինվորների մեծ մասը կարող են լինել Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից, որոնք կապահովեն անվտանգությունը ցամաքում և օդում։ Թուրքիան էլ, ըստ նույն աղբյուրների, կարող է պատասխանատվություն ստանձնել Սև ծովում տրանսպորտային ուղիների անվտանգության համար։

Այդուամենայնիվ, դեռևս հստակ չէ՝ խաղաղապահ այդ ուժերը կոնկրետ որտեղ են տեղակայվելու, կամ որքանով են մոտ լինելու շփման գծին։ Եվրոպացի պաշտոնյաների մեծ մասը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե կոալիցիոն ուժերը հավանաբար կտեղակայվեն Արևմտյան Ուկրաինայում՝ ուկրաինական զորքերին աջակցելու և մարզելու համար։

Անպատասխան հարցեր

Մինչ Ուկրաինայում Արևմտյան ներկայության հեռանկարն ավելի որոշակի է դառնում, մի շարք հարցեր դեռևս մնում են անպատասխան, այդ թվում՝ ինչ լիազորություններ են ունենալու եվրոպացի զինվորները, և կամ ինչ երաշխիքներ է տալու Ամերիկան։

Եվրոպացի դիվանագետներից մեկը, մասնավորապես, ընդունել է, որ դեռ հստակ չէ՝ ինչպես են արձագանքելու Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում։ «Մենք, ըստ էության, դեռևս քննարկում ենք՝ պատասխան կրա՞կ ենք բացելու, թե՞ հեռանալու ենք», - ասել է նա։

ԱՄՆ-ի կողմից ակնկալվող անվտանգության երաշխիքների հարցում և՛ Բրյուսելը, և՛ Կիևը ավելի ու ավելի լավատես են, որ Վաշինգտոնը կապահովի «ամուր պաշտպանություն», չնայած դեռևս պարզ չէ, թե ինչ ձև կամ բովանդակություն դա կունենա։

Եվրոպացի պաշտոնյաները անանուն մնալու պայմանով «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ Ուկրաինայում կարող են լինել ամերիկյան զորքեր, բայց ոչ ռազմական առաքելությամբ՝ հրադադարին հետևելու համար։ Միաժամանակ, եվրոպացիները հույս ունեն, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել լոգիստիկայի և հետախուզության ոլորտում։

Կիևը վերջին օրերին հայտարարել է, որ խաղաղության շուրջ համաձայնագիրը «90 տոկոսով» պատրաստ է, կողմերը աշխատում են դետալների վրա, որոնք ևս, ակնկալվում է, որ կքննարկվեն այսօրվա հավաքի ընթացքում։ Դրանցից ամենավիճահարույցը վերաբերում է տարածքների հանդեպ վերահսկողությանը․ Ռուսաստանը պահանջում է Դոնբասի շրջանն ամբողջությամբ, մինչ Ուկրաինան պնդում է շփման գիծը սառեցնելու կամ Դոնբասի տարածաշրջանը ապառազմականացված գոտու դարձնելու տարբերակները։

Մեկ այլ խնդիր է Զապորոժիեի ատոմակայանի սեփականության հարցը․ Կիևը մերժում է այն Ռուսաստանի հետ համատեղ շահագործելու գաղափարը՝ նախընտրելով, որ Միացյալ Նահանգները միջամտի և էներգիան վաճառի Մոսկվային։

Ռուսաստանն, իր հերթին, գնալով կոշտացնում է դիրքորոշումը, և Բրյուսելում քչերն են այս հարցում փոփոխություն ակնկալում, քանի դեռ Կրեմլը զգում է, որ հաղթում է մարտադաշտում։ Վերջին շաբաթներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ կրկնել է, որ Մոսկվան ամեն դեպքում կհասնի իր «հատուկ ռազմական գործողության» նպատակներին՝ կա՛մ համաձայնագրով, կա՛մ ուժով։

Ի պատասխան՝ Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում, որը 20-րդն է գրեթե չորս տարի առաջ տեղի ունեցած լայնածավալ ներխուժումից ի վեր և հավանաբար անդամ պետությունների հավանությանը կներկայացվի հունվարի վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG