Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Ադրբեջանը հյուսիսային ճակատ կբացի Իրանի դեմ

Իրանի զինված ուժերի զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու, հոկտեմբեր, 2021թ.
Իրանի զինված ուժերի զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու, հոկտեմբեր, 2021թ.

Ինչպե՞ս կազդի իրանական պատերազմը այդ երկրի հյուսիսում՝ Հայաստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ բնակվող միլիոնավոր ադրբեջանցիների վրա։ Արդեն մի քանի օր է ինչ Իրանում թեժացող ռազմական գործողությունների ֆոնին թուրք և ադրբեջանցի վերլուծաբանները փորձում են գտնել այս հարցի պատասխանը։

«Ահաբեկչությունը ձեզ էլ կհասնի». - Բաքվի իշխանություններին ուղղված այս նախազգուշացման հեղինակը Թուրքիայի ամենահայտնի ռազմական փորձագետներից մեկն է՝ ռազմածովային ուժերի շտաբի նախկին պետ, ծովակալ Ջիհաթ Յայջին։ Միջերկրական ծովում թուրքական ռազմավարության, ինչպես նաև Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցներին բանակից զտելու մեթոդաբանության հեղինակ այս զինվորականը պնդում է՝ եթե Վաշինգտոնը կյանքի կոչի իրանցի քրդերի միջոցով ցամաքային հարձակում իրականացնելու ծրագիրը, ապա դրա առաջին զոհը դառնալու են Իրանի ադրբեջանցիները։

«Այս պահին Իրանի հյուսիսի թուրքաբնակ շրջաններում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում, քրդերը շատ լուրջ ռազմական ներկայություն ունեն։ Ադրբեջանցիները, հակառակը, զինված չեն։ Դա նշանակում է, որ եթե քրդերը այդ շրջանների հանդեպ վերահսկողություն հաստատեն, կկարողանան կտրել Իրանի ադրբեջանցիների կապը թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ», - պնդում է Ջիհաթ Յայջին։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը Իրանում բնակվող ադրբեջանցիներին զինելն ու, իր խոսքով, գրեթե անխուսափելի հակամարտությանը նախապատրաստվելն է։ Քրդերին հակազդելու հարցում, ըստ թուրք ծովակալի, առաջնային դերակատարություն պետք է ունենա Բաքուն, քանի որ հաջորդ հարվածը հենց դեպի հյուսիս է ուղղված լինելու։

«Այն բանից հետո, երբ քրդական խմբավորումները հաստատվեցին Իրանում, մի օր էլ շարժվելու են դեպի Ադրբեջան։ Նույնությամբ կրկնվելու է այն, ինչ տեղի ունեցավ Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում, Իրանում։ Որովհետև Ադրբեջանը նավթ ունի», - նշում է Յայջին։

Այլ թուրք վերլուծաբանների կարծիքով, սակայն, Բաքուն և Անկարան հազիվ թե ցանկանան ներքաշվել Իրանում ծավալվող իրադարձություններում։ Անկարայի համալսարանի պրոֆեսոր Բարին Կայաօղլուի կարծիքով, օրինակ, Բաքվում մտավախություն ունեն, որ Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելով կարող են խաթարել Ադրբեջանի ներքին կայունությունը։

«Բաքուն կարծես այնքան էլ չի ցանկանում Իսլամական Հանրապետության ռեժիմը տապալելու և միասնական Մեծ Ադրբեջանի ստեղծման նպատակով Իրանի ադրբեջանցիների շրջանում ապստամբություն հրահրել։ Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ Իրանի ադրբեջանցիները, որոնք մոտ 20 միլիոն են, ավելի հավատացյալ են, քան Ադրբեջանի Հանրապետությունում ապրող իրենց 10 միլիոն ազգակիցները», - նշում է թուրք գիտնականը։

Քուինսիի ինստիտուտի հրավիրյալ փորձագետ, Լատվիայի ԱԳՆ նախկին աշխատակից, ազգությամբ ադրբեջանցի Էլդար Մամեդովի համոզմամբ էլ՝ Ադրբեջանը Իրանի դեմ պատերազմում ներքաշվելու մեծ ցանկություն չունի՝ անգամ Իսրայելից և ամերիկյան որոշ փորձագիտական շրջանակներից հնչող կոչերի ֆոնին։

«Ադրբեջանի՝ պատերազմին միանալու դժկամությունը հասկանալու համար բավական է նայել քարտեզին։ Այդ դեպքում Բաքվի խոցելիությունը ակնհայտ է դառնում։ Ադրբեջանի էներգետիկ ենթակառույցները, որոնք այդ երկրի տնտեսության հիմքն են հանդիսանում, գտնվում են իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հասանելիության սահմաններում», - նշում է Մամեդովը։

XS
SM
MD
LG