Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի 6-րդ օրը իրանական զինուժն, ըստ պաշտոնական Բաքվի, անօդաչուներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Ըստ հաղորդումների՝ կա երկու վիրավոր, վնասվել են տերմինալի շենքն ու թռիչքուղին: Անօդաչուներից մի քանիսն ընկել են այլ վայրերում, այդ թվում՝ գյուղերից մեկի դպրոցի մոտ: Պաշտոնական Թեհրանը դեռ չի մեկնաբանել հարձակումը:
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կրթության նախարարությունը ադրբեջանական APA-ին ասել է, որ դպրոցի տարածքում անօդաչուի ընկնելու հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան, իսկ Նախիջևանում կրթական գործընթացը շարունակվում է իր բնականոն հունով։
Սակայն «Ազատության» ադրբեջանական ծառայությանբ փոխանցմամբ՝ ծնողներին հրահանգվել է շտապ գալ և վերցնել իրենց երեխաներին ավագ և միջնակարգ դպրոցներից: «Ոստիկանությունը թույլ չի տալիս մարդկանց հավաքվել մեծ խմբերով: Նրանք կոչ են անում նրանց գնալ տուն և հետևել անվտանգության կանոններին», - ասել է բնակիչներից մեկը:
Պաշտոնական Բաքուն դատապարտել է Նախիջևանի վրա հարձակումը և պարզաբանումներ է պահանջել Թեհրանից, ինչպես նաև երաշխիքներ, որ հարձակումը չի կրկնվի: Արտգործնախարարության հայտարարությունում ասվում է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում «պատասխան միջոցներ ձեռնարկել»։
«Ադրբեջանի տարածքում այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին ... Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ», - ասված է հայտարարությունում:
Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ իրանցի պաշտոնյային բողոքի նոտա է հանձնվել:
Պաշտպանության նախարարությունն, իր հերթին, պնդել է, որ Իրանն է պատասխանատու այս հարձակման համար, խստորեն դատապարտել է Ադրբեջանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, որոնք «կատարվել են ռազմական որևէ անհրաժեշտության բացակայության պարագայում»: Նախարարությունը նաև նշել է, որ այդ հարձակումներն անպատասխան չեն մնա:
«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, և այդ հարձակումներն անպատասխան չեն մնա», - ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունում:
Ադրբեջանի արտգործնախարարն էլ Ուզբեկստանի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում ասել է, որ այսպիսի հարձակումները մտահոգություն են առաջացնում։ Ջեյհուն Բայրամովը Բախտիոր Սաիդովի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի տարածքի դեմ իրականացված այս հարձակումը խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և նպաստում է տարածաշրջանում լարվածության սրմանը։
Իրանը պնդում է, թե չի հարվածել Ադրբեջանին:
Դեռ մարտի 3-ին տարածաշրջանային ՕՍ մեդիա լրատվամիջոցը, հղում անելով անկախ Qazetchi-ին, գրել էր, թե Ադրբեջանը սկսել է զորք կուտակել Իրանի հետ սահմանին և իր զորքերը մարտական պատրաստության է բերել, հետաձգվել են սպաների ու զինվորների արձակուրդները:
Այս զարգացումներից առաջ, Իրանում բնակվող մոտ 30 միլիոն ադրբեջանցիներին ներկայացնող Հարավային Ադրբեջանի համակարգող հարթակը երեկ նամակով դիմել էր Իլհամ Ալիևին և խնդրել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմի ընթացքում իրենց անվտանգությունն ապահովելու համար: