Միացյալ Նահանգները Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում նավթատար նավ է ձերբակալել: Դա սոցցանցում գրառմամբ հաստատել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը:
«Դեկտեմբերի 20-ի առավոտյան իրականացված գործողության ընթացքում ԱՄՆ Առափնյա պահպանությունը Պաշտպանության նախարարության աջակցությամբ ձերբակալել է նավթային տանկեր, որը մինչ այդ Վենեսուելայի նավահանգստում էր: Միացյալ Նահանգները շարունակելու է հետապնդել պատժամիջոցների տակ գտնվող նավթի ապօրինի տեղափոխումը, որն օգտագործվում է տարածաշրջանում նարկոահաբեկչության ֆինանսավորման համար», - գրել է Նոեմը:
Խոսքը գրեթե 2 միլիոն բարել վենեսուելական նավթով բեռնված Centuries հսկա նավի մասին է, որը Պանամայի դրոշի ներքո վառելիք էր փոխադրում չինական ընկերության համար: Ընդ որում, նավն ամերիկյան պատժամիջոցների տակ չէ: Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելին հայտարարել է, որ տանկերը տեղափոխում էր պատժամիջոցների տակ գտնվող նավթ:
Վենեսուելայի իշխանությունները ԱՄՆ գործողությունները որակել են իբրև «միջազգային ծովահենության լուրջ ակտ»:
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցցանցում հայտարարել էր, որ դեպի Վենեսուելա և Վենեսուելայից ուղևորվող՝ պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավերի «լիակատար շրջափակման» հրաման է տվել:
Դեկտեմբերի 10-ին էլ ամերիկյան Առափնյա պահպանությունը ծովային հետևակայինների աջակցությամբ Վենեսուելայի ափերի մոտ ձերբակալել էր նիգերիական մի ընկերության պատկանող The Skipper նավթատար նավը: Տվյալ տանկերը ԱՄՆ պատժամիջոցների տակ էր հայտնվել նավթի փոխադրումների ապօրինի գործողություններին մասնակցության համար: Այդ վառելիքի վաճառքի հասույթը, ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, օգտագործվել է Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի և Միացյալ Նահանգներում ահաբեկչական ճանաչված լիբանանյան «Հըզբոլա» արմատական խմբավորման ֆինանսավորման համար:
Ավելի վաղ ԱՄՆ-ը զգալի ուժեր էր տեղակայել Կարիբյան ծովում և վերականգնել լքված ռազմակայանը: Ամերիկացի զինվորականները հարվածներ էին հասցնում վենեսուեալական նավերին, որոնք, նրանց պնդմամբ, թմրամիջոցներ էին տեղափոխում: Նոյեմբերի վերջին Թրամփը հայտարարեց, որ Վենեսուելայի օդային տարածքն ամբողջությամբ փակված է:
ԱՄՆ նախագահը քանիցս Վենեսուելայի նախագահին մեղադրել է թմրադեղերի կարտել ղեկավարելու մեջ և հանդես է եկել այդ երկրում իշխանափոխության օգտին: Նիկոլաս Մադուրոն և իր ենթակաները հերքում են այդ մեղադրանքները: