Մատչելիության հղումներ

Վենեսուելան «կշարունակի նավթի առևտուրը»՝ չնայած ԱՄՆ կողմից շրջափակմանը

Լրացված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, կոլաժ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, կոլաժ

Վենեսուելան կշարունակի նավթի առևտուրը և ԱՄՆ-ին թույլ չի տա գաղութացնել երկիրը, հայտարարել է նախագահ Մադուրոն ժամեր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը տարածաշրջանում մոտ 15 հազար զինծառայող և գրեթե մեկ տասնյակ ռազմանավեր տեղակայելուց հետո հայտարարեց, որ Վենեսուելան շրջափակման մեջ է, կարգելափակվի պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավերի ելքն ու մուտքն այդ երկիր:

Նիկոլաս Մադուրոն ասել է, որ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Վենեսուելան գողացել է Միացյալ Նահանգների «նավթը, հողերը և այլ ակտիվներ», վկայում են, որ ԱՄՆ-ն իրականում ցանկանում է փոխել Վենեսուելայում իշխանությունը և բերել «խամաճիկ կառավարություն», որը կհանձնի «ինքնիշխանությունը և ողջ հարստությունը՝ երկիրը վերածելով գաղութի»: «Դա երբեք տեղի չի ունենա», - ասել է Մադուրոն՝ չպարզաբանելով, թե ինչպես են շարունակելու նավթի առևտուրը շրջափակման պարագայում:

«Ներմուծվող և արտահանվող ապրանքների աևտուրը կշարունակվի ... մեր հարստությունը, մեր հողը և նավթը պատկանում են իրենց միակ օրինական տիրոջը, որը դարեր շարունակ եղել է Վենեսուելայի մեր ինքնիշխան ժողովուրդը, հողի, ընդերքի և դրա ողջ հարստության բացարձակ սեփականատերը», - հայտարարել է Վենեսուելայի նախագահ:

Իրավապաշտպան մի շարք կազմակերպությունների կողմից բռնապետ ճանաչված Մադուրոն ասել է, որ ԱՄՆ գործողությունները պատերազմ են հրահրում և գաղութատիրական նպատակներ ունեն, ինչի մասին բազմիցս են հայտարարել: «Եվ հիմա բոլորն են տեսնում ճշմարտությունը», - հավելել է նա:.

Մադուրոն Թրամփի հայտարարությունը դատապարտել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում՝ ընդգծելով, որ «ՄԱԿ-ը պետք է կտրականապես մերժի նման հայտարարությունները, քանզի դրանք ուղղակի սպառնալիք են երկրի ինքնիշխանությանը, միջազգային իրավունքին և խաղաղությանը»:

Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով հայտնի և վերջին տարիներին պարբերաբար անազատ մամուլ ունեցող երկրների շարքում հայտնված Վենեսուելան նաև դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի այն քննարկի ԱՄՆ կողմից «շարունակվող ագրեսիան»:

Թրամփը սոցցանցում գրել էր, որ Վենեսուելայի շուրջ օղակն է՛լ ավելի կսեղմվի, մինչև ԱՄՆ-ին չվերադարձնեն «իր նավթն ու մյուս ակտիվները»: Նա նաև նշել էր, որ «Մադուրոյի ապօրինի ռեժիմը նավթահանքերից գողացված նավթն օգտագործում է իրեն ֆինանսավորելու, թմրանյութերի ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի, սպանությունների և առևանգումների» համար, ինչի համար էլ ԱՄՆ-ն նախաձեռնել է շրջափակումը։

Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը կրկնել է, թե Վենեսուելան ԱՄՆ-ից ապօրինաբար վերցրել է ԱՄՆ-ին պատկանող ամբողջ նավթն ու էներգետիկ իրավունքները:

«Սա շրջափակում է։ Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկն անցնի այդտեղով, որի անցումը չի ենթադրվում։ Հիշում եք, որ նրանք խլեցին էներգետիկ ոլորտի մեր բոլոր իրավունքները։ Ոչ վաղ անցյալում նրանք խլեցին մեր ամբողջ նավթը, և մենք ուզում ենք այն վերադարձնել», - հայտարարել է Թրամփը:

Աշխարհում նավթի չորրորդ խոշոր արդյունահանող երկիրն ամբողջական շրջափակման մեջ վերցնելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գինը կտրուկ` 1.5 տոկոսով աճել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով շուրջ 60 դոլարի:

Մադուրոյի աջակիցները երեկ ցույց են արել Կարակասում և դատապարտել ԱՄՆ գործողությունները:

«Բոլոր համայնքները պետք է բարձրաձայնեն իրենց ասելիքը, նրանք պետք է խոսեն այս բռնի սպառնալիքների դեմ: Եվ նրանք, ովքեր կարծում են, որ իրենք տիրում են աշխարհին, նրանք չեն տիրում Վենեսուելային, այնպես չէ՞։ Հետևաբար, մեր հողը պաշտպանելու պատասխանատվությունը մեր ուսերին է», - հայտարարել է Կարակասի քաղաքապետ Կարմեն Մելենդեսը:

Մի շարք երկրներ աջակցություն են հայտնել Վենեսուելային և դատապարտել ԱՄՆ գործողությունները: Բելառուսի նախագահն ասել է, որ Մադուրոն կարող է գալ և ապրել Բելառուսում, եթե որոշի թողնել պաշտոնը:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Պեկինը դեմ է այլ երկրներին վախեցնելու քաղաքականությանը և աջակցում է երկրներին իրենց ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու հարցում։

«Վենեսուելան իրավունք ունի ինքնուրույն փոխշահավետ համագործակցություն զարգացնել այլ երկրների հետ ... Վստահ ենք, որ միջազգային հանրությունը հասկանում և աջակցում է Վենեսուելայի դիրքորոշմանը՝ իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու հարցում», - ասել է Գուո Ցզյակոուն:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն «ճակատագրական սխալ չի գործի» Վենեսուելայի հարցում, հավելելով, որ Մոսկվան մտահոգված է ԱՄՆ գործողություններով, որոնք սպառնում են միջազգային նավագնացությանը:

Կրեմլի խոսնակն, իր հերթին, տարածաշրջանի երկրներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ խոսափելու լարվածության աճից:

«Մենք դա համարում ենք պոտենցիալ շատ վտանգավոր։ Վենեսուելան մեր դաշնակիցն ու գործընկերն է ... Եվ, իհարկե, կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ ցանկացած անկանխատեսելի զարգացումից խուսափելու համար», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG