ԱՄՆ-ն նախատեսում է իրանական ակտիվներն օգտագործել՝ վերականգնելու համար վնասը, որ Պարսից ծոցի դաշնակից երկրները կրել են Իրանի հարվածներից, Reuters-ին ասել է թեմային ծանոթ աղբյուրը:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ գնահատելու Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցներին պատերազմի ընթացքում Իրանի հասցրած վնասի չափը, ասել է աղբյուրը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կքննարկի նաև իրանական ակտիվների օգտագործումը նույն նպատակով ապագայում:
Reuters-ի լուրը հրապարակվում է մեկ օր անց այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային CNN-ին ասել էր, որ երեք ամիս տևող հակամարտությունը դադարեցնելու համար խաղաղության համաձայնագիրը կախված է նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն կապասառեցնի իրանական 24 միլիարդ դոլարի սառեցված ակտիվները:
Աղբյուրը չի մանրամասնել, թե ինչ տեսակի ակտիվներ է ուսումնասիրում նախարարությունը: Սակայն նշում է, որ նոր միջոցառումների նկարագրությունը, կարծես, չի սահմանափակվում միայն սառեցված ակտիվներով:
Reuters-ը նշում է, որ իրանական ակտիվների վերաուղղորդման սպառնալիքը կարող է գրգռիչ նոր գործոն դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև փխրուն հրադադարի համար, որը կրկին փորձության ենթարկվեց վերջին օրերին, երբ երկու երկրները մի քանի անգամ հարվածներ փոխանակեցին:
Իրանի կիսապաշտոնական ISNA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ խաղաղության բանակցությունները, կարծես, փակուղի են մտել, չնայած միջնորդ Պակիստանի ներքին գործերի նախարարը կրկին Թեհրան է մեկնել՝ պատերազմն ավարտելու շուրջ բանակցելու:
ԱՄՆ զինված ուժերը շաբաթ վաղ առավոտյան հարվածել էին Հորմուզի նեղուցում գտնվող Գորուկ և Քեշմ կղզու իրանական ափամերձ ռադարային կայաններին այն բանից հետո, երբ խոցել էին Իրանի արձակած անօդաչուները, որոնք, ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, սպառնալիք էին ներկայացնում ծովային երթևեկության համար:
Շաբաթ ուշ երեկոյան ԱՄՆ զինված ուժերը հայտարարեցին, որ խոցել են իրանական ևս երկու հարձակողական անօդաչու, որոնք սպառնում էին նեղուցում նավագնացությանը:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ պատասխան հարված է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաներին: Քուվեյթի բանակը հաստատել է, որ հրթիռային հարձակման է ենթարկվել, կան ավերածություններ, զոհեր չկան:
Ավելի ուշ Իրանը հայտարարեց, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է երկու երկրներում գտնվող ամերիկյան բազաներին, սակայն ԱՄՆ զինված ուժերը հայտարարել է, որ վեց հրթիռ է խոցել, իսկ յոթերորդը չի հասել իր նշանակետին։