Մատչելիության հղումներ

Խամենեին պնդել է՝ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են պառակտում սերմանել, և միասնության կոչ է արել

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական առումով ձախողվել են պատերազմում և այժմ անցել են ներքին պառակտում սերմանելուն ուղղված արշավի։

Մոջթաբա Խամենեին, որը պատերազմի առաջին օրը վիրավորվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը, հերթական գրավոր ուղերձում նշել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած «ռեպրեսիվ համակարգը» չի կարող համակերպվել ուժեղ և անկախ Իրանի հետ։ Նա նաև Իսրայելը բնութագրել է որպես այդ համակարգի «արհեստականորեն ստեղծված ֆորպոստ»։

«Թշնամին՝ ռազմական առումով պարտություն կրելով և խորը նվաստացում ապրելով, այժմ հիբրիդային պատերազմ է մղում՝ կենտրոնանալով երկու կետի վրա՝ ժողովրդի տոկունության և պաշտոնյաների սխալ հաշվարկների վրա։ Նրանց հիմնական գործիքը կասկած, հուսահատություն, վախ և պառակտում սերմանելն է», - նշել է նա։

«Ցանկացած գործողություն, որը ժողովրդի մեջ ցինիզմ կամ հուսահատություն է սերմանում, այս երկրի և նրա ժողովրդի թշնամուն օգնելու ձև է», - հավելել է նա՝ կոչ անելով բոլոր իրանցիներին արձագանքել «հաստատակամությամբ, հեռատեսությամբ և միասնությամբ»։

Խամենեիի հայտարարությունը հնչում է մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ փոխանակեցին, ինչից հետո Իրանը հարվածեց Քուվեյթի միջազգային օդանավակայանին և դիվանագիտական առաքելություններին։

Չնայած այս զարգացումներին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կարող է լինել առաջիկա օրերին։


XS
SM
MD
LG