Մատչելիության հղումներ

Իրանը մերժել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան առաջարկները

Իրանը մերժել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան առաջարկները և պնդել է, որ պատերազմը կդադարեցվի միայն Թեհրանի պայմաններով և ժամանակացույցով, հայտնում է իրանական պետական Press TV-ին՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, ում անունը չի նշվում:

Ըստ կառավարության կողմից կառավարվող լրատվամիջոցի՝ Իրանը նաև հինգ պայման է առաջ քաշել՝ դադարեցնել պատերազմը, ստեղծել մեխանիզմ, որը կերաշխավորվի, որ Իրանին չի պատադրվի նոր պատերազմ, ապահովել պատերազմի վնասների և փոխհատուցման երաշխավորված և հստակ սահմանված վճարում, դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում և տարածաշրջանում ներգրավված բոլոր դիմադրության խմբերի համար և միջազգայնորեն ճանաչել և երաշխավորել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխան իրավունքը: Իրանցի պաշտոնյաներից դեռ ոչ ոք անձամբ չի արձագանքել:

Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Իրանի հետ բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ, ինչը պաշտոնական Թեհրանը հերքել էր: Դոնալդ Թրամփն ասել է, թե պետքարտուղարն ու փոխնախագահն են ներգրավված բանակցություններում: Նաև պնդել էր, թե ռազմական գործողություններն Իրանում «ռեժիմի փոփոխության» են հանգեցրել, և ԱՄՆ-ն հիմա բանակցում է «ճիշտ մարդկանց» հետ։

Թրամփը կրկնել էր՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ապա նշել, թե Թեհրանը էներգետիկ ոլորտի հետ կապված մեծ զիջում է արել ԱՄՆ-ին, սակայն չէր մանրամասնել։

«Շատ մեծ նվեր էր, որը հսկայական գումար արժե։ Չեմ ասի, թե ինչ նվեր է դա, բայց այն շատ կարևոր էր … Դա ինձ համար մեկ բան է նշանակում՝ մենք գործ ունենք ճիշտ մարդկանց հետ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Իրանի արտգործնախարարության խոսնակը, սակայն, հերքել էր Թրամփին՝ ասելով, որ կողմերը չեն բանակցում. «Մեր ուղերձը շատ հստակ է: Մենք շարունակում ենք պաշտպանվել»,- ասել էր Էսմայիլ Բաղային:

Իրանի բանակի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին էլ հայտարարել է, թե ԱՄՆ-ն ինքն իր հետ է բանակցում և կոչ էր արել սեփական պարտությունը «համաձայնություն» չանվանել:

«Դուք այլևս չեք տեսնի ոչ ձեր ներդրումները տարածաշրջանում, ոչ էլ էներգակիրների և նավթի նախկին գները, մինչև չհասկանաք, որ տարածաշրջանում կայունությունը երաշխավորում Է մեր հզոր զինուժը»,- հայտարարել է Իրանի բանակի խոսնակը:

նախօրեին Wall Street Journal-ն ու AP-ն գրել էին, որ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով 15 կետանոց առաջարկներ է փոխանցել Իրանին և որոշ մանրամասներ հայտնել դրանց մասին: Մասնավորապես, Իրանին առաջարկվում է ապամոնտաժել իր երեք հիմնական միջուկային օբյեկտները, դադարեցնել ուրանի հարստացումը, սահմանափակել հրթիռային ծրագիրն ու աջակցությունն իր պրոքսիներին, ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը: Դրա դիմաց կվերացվեն միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները, իսկ ԱՄՆ-ն կաջակցի Իրանի քաղաքացիական նպատակներով միջուկային ծրագրին:

Պակիստանցի երկու պաշտոնյաներ, անանուն մնալու պայմանով, դպա գործակալությանը ասել են, որ առաջարկների մեծ մասը կենտրոնացած է միջուկային հարցերի վրա, սակայն ներառում է նաև Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները վերացնելու խոստում։

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այժմ Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը փորձում են ԱՄՆ և Իրանի միջև 48 ժամում հանդիպում կազմակերպել Իսլամաբադում: Պակիստանը հաստատել է՝ պատրաստ է հյուրընկալել բանակցությունները: Պակիստանում Իրանի դեսպանը, սակայն, ասել է, թե ԱՄՆ-ի հետ դեռ ուղղակի կամ անուղղակի բանակցություններ չեն ընթանում, «բարեկամ երկրները» խորհրդակցություններ են անցկացնում կողմերի հետ։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ին ասել է, որ հանդիպման երկու վայր է դիտարկվում՝ Պակիստան կամ Թուրքիա:

Կկայանա հանդիպումը, թե ոչ, դեռ պարզ չէ: Մինչ այդ Reuters-ը հայտնում է, որ Պենտագոնը նախատեսում է մի քանի հազար հավելյալ զորք ուղարկել Մերձավոր Արևելք, թե կոնկրետ որ երկիր, չի նշվում: Պենտագոնը նաև պաշտպանական արդյունաբերությունը բերում է պատերազմական ռեժիմի, և կարագացվի պաշտպանական մի շարք համակարգերի և զինամթերքի արտադրությունը։

Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է՝ Թեհրանը «ուշադիր հետևում է» տարածաշրջանում ԱՄՆ բոլոր տեղաշարժերին, այդ թվում՝ զորքերին և կոչ է արել չփորձել սեփական հողը պաշտպանելու իրանցիների վճռականությունը. «Այն, ինչ չեն կարողացել անել գեներալները, զինվորները չեն կարող շտկել. փոխարենը, նրանք կդառնան Նեթանյահուի մոլորությունների զոհը»,- սոցցանցում գրել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Հարվածները շարունակվում են

Չնայած բանակցությունների մասին Թրամփի պնդումներին՝ Իսրայելը շարունակել է հարվածներն Իրանին: Իրանն էլ իր հերթին է հարվածել Իսրայելին ու ծոցի երկրներին:

Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը: Իրանը հայտարարել է, որ «ոչ թշնամական» երկրների նավերը կարող են անցնել նեղուցով, եթե դա համակարգեն Թեհրանի հետ: Իրանը նաև այդ մասին նամակ է ուղարկել նեղուցից օգտվող երկրներին: Թաիլանդական մի նավթատար Թեհրանի հետ բանակցելուց հետո այսօր անցել է նեղուցով:

Վաշինգտոնից ստացվող ազդակների ֆոնին եվրոպական ինդեքսները բարձրացել են, նավթի գինը նվազել է մինչև 97.6 դոլար: Սակայն նավթամթերքի մատակարարման խափանումը շարունակում է լուրջ խնդիրներ ստեղծել մի շարք երկրների համար:

XS
SM
MD
LG