Երրորդ օրն է՝ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Իրանի հետ բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ, սակայն պաշտոնական Թեհրանը դա հերքում է։
Դոնալդ Թրամփն ասել է, թե պետքարտուղարն ու փոխնախագահն են ներգրավված բանակցություններում: Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե ռազմական գործողությունները Իրանում «ռեժիմի փոփոխության» են հանգեցրել, և հիմա իր վարչակազմը բանակցում է «ճիշտ մարդկանց» հետ, թեև զգուշացրել է՝ «ոչ մեկին» չի վստահում։ Թրամփը նշել է, թե Իրանի նախկին ղեկավարներին «վերացնելուց» հետո նրանց փոխարեն եկածներին էլ նույն կերպ կարող են «վերացնել», բայց «կտեսնեն՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»։
Թրամփը կրկնել է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ապա ասել է, թե Իրանը էներգետիկ ոլորտի հետ կապված խոշոր զիջում է արել ԱՄՆ-ին, սակայն մանրամասներ չի հայտնել։
«Նրանք մեզ նվեր տվեցին, որն այսօր տեղ հասավ։ Շատ մեծ նվեր էր, որը հսկայական գումար արժե։ Չեմ ասի, թե ինչ նվեր է դա, բայց այն շատ կարևոր մրցանակ էր, և նրանք դա տվեցին մեզ … Դա ինձ համար մեկ բան էր նշանակում. մենք գործ ունենք ճիշտ մարդկանց հետ»,- հայտարարել է ԱՄՆ նախաագահը՝ նշելով միայն, որ «նվերը» կապված է Հորմուզի նեղուցի հետ։
Թրամփը կրկին պնդել է, թե պատերազմը հաղթել է՝ միաժամանակ նշելով, որ կցանկանար ավարտել այն առանց նոր զոհերի և առանց Իրանի էլեկտրակայանները ոչնչացնելու։
Թրամփը չի անդրադարձել Մերձավոր Արևելք հավելյալ զորք ուղարկելու թեմային: Reuters-ը հաղորդում է, որ Պենտագոնը նախատեսում է 82-րդ օդադեսանտային դիվիզիայից, այդ թվում՝ ցամաքային զորքերից, մի քանի հազար զինծառայող ուղարկել: Թե կոնկրետ որ երկիր, չի նշվում։