Մատչելիության հղումներ

ԱՄՆ - Իրան նախնական հուշագրի մանրամասներ են հրապարակվել

Իրանի պետական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել խաղաղություն հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի նախնական ոչ պաշտոնական շրջանակի նախագիծը։

Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ զինուժը պարտավորվում է դուրս գալ Իրանի մերձակայքից և վերացնել ծովային շրջափակումը։ Իրանն էլ պետք է վերաբացի Հորմուզի նեղուցը և ջրային այս կարևորագույն ուղիով անցնող առևտրային նավերի քանակը մեկ ամսում հասցնի նախապատերազական մակարդակին։ Ընդ որում՝ Հորմուզով նավերի երթևեկության կառավարումը և երթուղին կկարգավորի Իրանը՝ Օմանի հետ համագործակցությամբ:

Հեռուստաընկերությունը հայտնել է, որ եթե կողմերը հաջողեն փաստաթղթի շուրջ վերջնական համաձայնության հասնել 60 օրում, այն կարող է հաստատվել որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձև։ Իրանցի և ամերիկացի պաշտոնյաները դեռ չեն հաստատել պետական լրատվամիջոցի տեղեկությունները:

Այս ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «թշնամական երկրների» նավերի անցումը Հորմուզի նեղուցով դեռ արգելված է: Կորպուսի ռազմածովային ուժերի քաղաքական ղեկավարի տեղակալն, իր հերթին, Tasnim գործակալությանն ասել է, թե քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն վերսկսի պատերազմը: Մոհամմադ Աքբարզադեն, սակայն, զգուշացրել է՝ Իրանը պատրաստ է հետ մղել ցանկացած հարձակում և Իրանի ափամերձ տարածքը «ագրեսորների գերեզմանի» կվերածի, եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումը:

Ու մինչ խաղաղության գործարք կնքելու հեռանկարը դեռ անորոշ է, Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազա քաղաքին գիշերը հասցրած հարվածի արդյունքում սպանվել է «Համաս»-ի ռազմական նոր առաջնորդը: Մոհամմեդ Օդեհն այս պաշտոնում նշանակվել էր ընդամենը ինն օր առաջ՝ մայիսի 18-ին, նախկին ղեկավարի սպանությունից հետո։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը դեռ չի հաստատել Օդեհի սպանությունը:

Հարձակման հետևանքով սպանվել է ևս երեք, վիրավորվել՝ մեկ տասնյակից ավելի մարդ։ Ականատեսները պատմել են, որ հարվածները հասցվել են ինքնաթիռներով:

«Իսրայելական ռազմական ինքնաթիռները հանկարծակի օդային հարված հասցրեցին։ Երեք հրթիռով հարվածեցին շենքի ամենավերևի հարկի բնակարանին: Դրանք սովորական հրթիռներ չէին, դրանք ծանր հրթիռներ էին», - պատմում է Գազայի մի բնակիչ:

Իրանի հարավին երեկ ԱՄՆ զինուժի հարվածներից հետո Իսրայելը սաստկացրել է նաև Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին մեկ օրում իսրայելական հարվածներից 33 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել է 40 մարդ։ Բանակը հայտարարել է, որ մեկ օրում «Հեզբոլա»-ի 150 դիրքի է հարվածել:

Լիբանանի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական անօդաչուներից մեկը հիվանդանոցի մերձակա տարածքի է հարվածել և զգալիորեն վնասել բուժհաստատությունը: Իսրայելական բանակը 50-ից ավելի բնակավայրի բնակիչներին տարհանվելու զգուշացում է տվել:

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ բանակը շարժվում է դեպի Լիբանանի խորքը, որտեղ մեծ թվով զորք է տեղակայել և վերահսկողություն է հաստատում ռազմավարական նշանակության տարածքների նկատմամբ: Բենյամին Նեթանյահուն զգուշացրել է, որ Իսրայելը ոչ մի պահ չի դադարի պայքարել, իսկ հաջորդիվ է՛լ ավելի ինտենսիվ կհարվածի: «Դեռ շատ բան կա անելու՝ մինչև Իսրայելի քաղաքացիների լիակատար անվտանգության ապահովումը», - ասել է նա:

Իսրայելի արտգործնախարարը Լիբանանի կառավարությանն է մեղադրել երկրի հարավում իսրայելական ուժերի գտնվելու համար: Գիդեոն Սաարի խոսքով՝ իսրայելական բանակի՝ արդեն ամիսներ շարունակվող հարձակումը հետևանքն է նրա, որ Լիբանանը լիովին ձախողել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի մարտիկներին Լիտանի գետի հյուսիսում պահելու իր պարտականությունը: Սաարը նաև նշել է, որ Իսրայելը չի ցանկանում Լիբանանի որևէ տարածքի տիրանալ:

«Հարավային Լիբանանում Իսրայելի գործողություններն ուղղված են բացառապես մեր քաղաքացիներին «Հեզբոլա»-ի հարձակումներից պաշտպանելուն և այնտեղ նրա ստեղծած ահաբեկչական թագավորությունը կազմաքանդելուն», - պնդել է Սաարը:

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարբեր հատվածների: Խմբավորումը նաև հայտարարել է, որ իր զինյալները մարտի են բռնվել իսրայելական ուժերի հետ Լիտանի գետի հյուսիսային հատվածում, ինչի հետևանքով իսրայելցի մեկ զինվոր է սպանվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG