Մատչելիության հղումներ

Ակտիվիստից մինչև դատապարտելի առաջնորդ. փաստեր Խամենեիի մասին

Իրանի պետական լրատվամիջոցները հաստատեցին՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանված է Միացյալ Նահանգների և Իսրայելի հասցրած հարվածներից հետո:

Հայտարարելով երկրի 86-ամյա առաջնորդի մահվան մասին՝ պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ սկսվում է 40-օրյա սուգ, և գրասենյակներն ու բիզնեսները 7 օր փակ են լինելու:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը երեկ հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով այդ թվում՝ նրա ղեկավարությանը: Գործողությունը կոչվում է «Էպիկական զայրույթ»: Իրանը պատասխան հարվածներ է հասցրել:

Նախօրեին հաղորդվել էր, որ Խամենեին Թեհրանում չէ, այլ տեղափոխվել է անվտանգ վայր:

Պետական հեռուստատեսությունը տեղական ժամանակով ժամը 5-ին հաղորդելով Խամենեիի մահվան մասին՝ չի հիշատակել ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածները: Պետական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ գերագույն առաջնորդը սպանվել է իր նստավայրում և ոչ թե բունկերում թաքնված, ինչպես որոշ հաղորդումներ են պնդում:

Իրանական Tasnim կիսապաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ յոթ հրթիռ է ընկել նախագահական պալատից ոչ հեռու գտնվող շրջանում, որը գտնվում է Թեհրանից հյուսիս՝ Շեմիրանում, ինչպես նաև Խամենեիի նստավայրից ոչ հեռու:

Associated Press գործակալությունը գրել էր, որ ահաբեկչություններ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքում Խամենեիի գրասենյակի մոտ:

Արբանյակային լուսանկարները ցույց են տվել Թեհրանում նրա նստավայրին հասցված զգալի վնասը, որը դարձել է ռմբակոծությունների առաջին թիրախներից մեկը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էին հաղորդում Իրանի գերագույն առաջնորդի մահվան մասին:

Խամենեին, ով իր կողմնակիցների կողմից գովաբանվում է որպես իմաստուն առաջնորդ և քննադատների կողմից դատապարտվում է որպես բռնապետ, կմնա հիշողության մեջ որպես իսլամական հեղափոխության մոնումենտալ գործիչ, որը մինչև իր իշխանության գալը որպես գերագույն առաջնորդ վայելում էր բարեպաշտ մարդու և արդար գործին անմնացորդ նվիրվածության համբավ:

86-ամյա Խամենեին Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն էր 1989 թվականից։ Նա երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր և ուներ որոշիչ ազդեցություն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վրա։

Իրանի քաղաքական համակարգում գերագույն առաջնորդը վերահսկում է զինված ուժերը, նշանակումներ է անում դատական համակարգում և պետական կարևոր պաշտոններում, ունի վճռորոշ ազդեցություն արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում և այլն:

Իր կառավարման ընթացքում Խամենեին հանդես է եկել կոշտ քննադատական դիրքորոշմամբ Արևմուտքի և Իսրայելի հանդեպ, բախվել է կոշտ պատժամիջոցների և երկրի ներսում բողոքի մի քանի փուլերի՝ կապված տնտեսության և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների հետ: Նա ԱՄՆ-ն անվանել է «Իրանի թիվ մեկ թշնամին»:

Խամենեին 1981-1989թթ. եղել է Իրանի նախագահ:

Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո, թե Խամենեին մահացել է, սոցիալական ցանցերում տեսանյութեր հայտնվեցին, թե ինչպես են իրանցիները տոնում այդ լուրը:

Իրանում տոնում են առաջնորդի մահը Իրանում տոնում են առաջնորդի մահը
please wait

No media source currently available

0:00 0:01:03 0:00



ԽԱՄԵՆԵԻԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՃՈՂ ՃԳՆԱԺԱՄԸ

Խամենեիի ուժի կիրառումը սեփական ժողովրդի դեմ, ընդդիմադիր գործիչների բանտարկությունը և արտաքին ազդեցությանը կատաղի դիմադրությունը, հատկապես Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից, ձևավորեցին նրա հեղինակությունը որպես կոշտ և անզիջում ավտորիտար առաջնորդի, որն իր երկիրը հասցրեց միջազգային մեկուսացման:

«Պատմությունը ցույց կտա, որ Խամենեիի իշխանությունը խորապես տրավմատիկ էր իրանցի ժողովրդի համար, ովքեր տեսնում էին իրենց երկրի մեկուսացումը և թուլացումը այն աստիճան, որ մեծամասնությունը սկսեց արտագաղթը դիտարկել որպես իրենց միակ հույս», - ասել է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի իրանական ծրագրի տնօրեն Ալեքս Վատանկան:

Խամենեիի կառավարման վերջին տարիներն անցել են հաստատության դեմ հաճախակի համազգային բողոքներով և դաժան պետական բռնաճնշումներով, որոնց հետևանքով զոհվել են հազարավոր ցուցարարներ:

Նա նախկինում էլ է բախվել օտարերկրյա ճնշումների, սակայն շաբաթ օրը տեղի ունեցած գործողությունից առաջ առերեսվել է իր 36-ամյա կառավարման ողջ ընթացքում ամենալուրջ ճգնաժամին՝ փորձելով արագացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները:

Արդեն այս տարի նա հրաման է տվել 1979-ի Իսլամական հեղափոխությունից ի վեր ամենադաժան բռնաճնշումների վերաբերյալ՝ ասելով, որ նրանց, ովքեր բողոքում էին ամբողջ երկրում, ի սկզբանե ընդդեմ գների բարձրացման, պետք է իրենց տեղը ցույց տալ, ինչից հետո անվտանգության ուժերը կրակ էին բացել «Մահ բռնապետին» վանկարկող ցուցարարների վրա։

Անկարգությունները դաժանորեն ճնշվել են, և իրավապաշտպան կազմակերպությունները հաստատել էին ավելի քան 7000 մարդու մահը, բայց նախազգուշացրել, որ իրական կորուստները հավանաբար շատ ավելի մեծ են: Ըստ որոշ գնահատականների՝ դա չորս անգամ ավելին է, քան հաստատված ցուցանիշը:

Խամենեին երբեք իր վրա չի վերցրել իր իշխանությունից դժգոհության աճի պատասխանատվությունը, այլ դրա փոխարեն բողոքի ցույցերի մեջ մեղադրել է օտարերկրյա խաղացողներին, որոնք, նրա խոսքով, ցանկանում էին թուլացնել Իսլամական Հանրապետությունը:

Եվ միայն անցյալ տարվա հունիսին Խամենեին ստիպված եղավ 12 օր թաքնվել Իսրայելի, այնուհետև ԱՄՆ-ի ավիահարվածների պատճառով, որոնց հետևանքով զոհվեցին նրա մի շարք մերձավոր գործընկերներ և Հեղափոխական գվարդիայի հրամանատարներ, ինչպես նաև ոչնչացվեցին Իրանի կարևոր միջուկային և հրթիռային օբյեկտներ։

Լիբանանում «Հեզբոլա»-ի թուլացմամբ և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալմամբ Խամենեիի ազդեցությունը Մերձավոր Արևելքում նվազեց, մինչդեռ ԱՄՆ-ն պահանջեց, որ նա հրաժարվի Իրանի վերջին խոշոր ռազմավարական լծակից՝ բալիստիկ հրթիռներից:

Խամենեին հրաժարվեց նույնիսկ քննարկել հրթիռներից հրաժարվելը, որոնք Իրանը դիտարկում է որպես իսրայելական հարձակումը զսպելու միակ մնացած միջոցը:

ԽԱՄԵՆԵԻԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Թեև ընտրված պաշտոնյաները ղեկավարում էին առօրյա գործերը, որևէ կարևոր քաղաքական որոշում, հատկապես Միացյալ Նահանգներին վերաբերող, չէր կարող ընդունվել առանց նրա հստակ հավանության։ Իրանում հոգևոր իշխանության և սահմանափակ ժողովրդավարության բարդ համակարգի վրա Խամենեիի վերահսկողությունը երաշխավորում էր, որ որևէ այլ ուժ չկարողանա կասկածի տակ դնել նրա որոշումները։

Իր ողջ կյանքի ընթացքում Խամենեին ցուցադրել է երկու կողմում խաղալու յուրահատուկ ունակություն։

Նրանք, ովքեր նախկինում հանդիպել են նրան, հիշում են որպես բարձրահասակ և բարեկազմ հոգևորական, ով սիրում էր պոեզիա և գրականություն, ծխամորճ էր ծխում և հետաքրքրված էր երիտասարդների հետ շփվելով: Սա խիստ հակադրվում է այդ տաքարյուն մորուքավոր հակաամերիկացու կերպարին, որը հետագայում գրավեց աշխարհի ուշադրությունը:

Տասնամյակներ շարունակ նա լուծել է Իրանում գրեթե բոլոր հարցերը՝ սկսած, թե արդյոք կանայք կարող են հեծանիվ վարել հասարակական վայրերում, մինչև երկրի հարաբերությունների զարգացումը Միացյալ Նահանգների հետ:

Խամենեին ազատորեն տնօրինում էր իր իշխանությունը առանցքային ինստիտուտների նկատմամբ, ինչպիսիք են դատական համակարգը, պետական հեռուստառադիոհեռարձակումը և զինված ուժերը: Եթե նրան ուժ էր պետք, նա ապավինում էր ռազմական անվտանգության ապարատին, որն իր մեջ ներառում էր Իսլամական հեղափոխության պահապանների հզոր կորպուսը և Իրանի հետախուզական ծառայությունները:

«ԻՀՊԿ-ին լիազորություններով օժտելով՝ նա ռազմականացրեց երկրի քաղաքականությունը», - ասել է Միջազգային ճգնաժամային խմբի իրանական նախագծի տնօրեն Ալի Վաեզը:

1939 թվականին Մաշհադում ծնված Խամենեին քահանայի ընտանիքի երկրորդ որդին էր։ Նա վաղ տարիքում է սկսել հոգևոր կրթություն ստանալ, սովորել Կում քաղաքում՝ Իսլամական Հանրապետության ապագա հիմնադիր այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի ղեկավարությամբ։

Խամենեին ձեռք է բերել համեստ և բարեպաշտ կրոնագետի համբավ և 1962 թվականին միացել է Խոմեյնիի հեղափոխական շարժմանը, որը հանդես էր գալիս շահի և Թեհրանի ամերիկամետ քաղաքականության դեմ: Նրա հեղափոխական գործունեությունը գրավեց իշխանությունների ուշադրությունը, ինչը հանգեցրեց բազմաթիվ ձերբակալություններից առաջինին և բանտարկությանը:

ԴԵՊԻ ԱՌԱՋՆՈՐԴ

1964-ին 25-ամյա Խամենեին որոշեց հեռանալ Կումից՝ հոգ տանելու իր հոր մասին՝ գործ, որը, ինչպես նա ավելի ուշ ասաց, օրհնվեց Աստծո կողմից և դարձավ նրա հետագա հաջողության պատճառը:

Մաշհադում Խամենեին Ղուրանի և իսլամական գաղափարախոսության դասեր էր տալիս, ինչը հանգեցրեց բանտարկության, խոշտանգումների և, ի վերջո, երկրից վտարման: Երբ 1979-ին տեղի ունեցավ հեղափոխությունը, նրա նախկին ուսուցիչ Խոմեյնին նրան նշանակեց Իսլամական հեղափոխական խորհրդի անդամ։

Նա հետագայում մի քանի նշանավոր պաշտոններ զբաղեցրեց կղերական ռեժիմում, ներառյալ երկու նախագահական ժամկետներ, և վերապրեց 1981թ. սպանության փորձը, որի արդյունքում նրա աջ ձեռքը կաթվածահար եղավ:

Երբ Խոմեյնին մահացավ 1989 թվականին՝ առանց ակնհայտ հավանական ժառանգորդի, փորձագետների ասամբլեան՝ կրոնական մարմինը, ընտրեց Խամենեիին որպես Իրանի երկրորդ գերագույն առաջնորդ:

Այդ ընտրությունը զարմացրել էր շատերին, հավանաբար, նույնիսկ հենց նաև Խամենեիին։

«Մենք պետք է արյունալի արցունքներ թափենք՝ սգալով Իսլամական հասարակությանը, որը ստիպված էր նույնիսկ ինձ առաջադրել գերագույն առաջնորդի պաշտոնում», - ինչպես հայտնի է, հայտարարել է Խամենեին իր նշանակումից առաջ:

Խամենեին պահպանողական ճամբարի փաստացի առաջնորդն էր, ասում է Վաեզը. «Այսպիսով, նա ստացավ պայքարից դուրս մնալու հնարավորություն և ներխմբակային պայքարն արդյունավետ կառավարելու ունակություն»:

Փորձագետների 88 հոգուց բաղկացած վեհաժողովը, որում գերակշռում են պահպանողական հոգևորականության ներկայացուցիչները, այժմ պետք է նշանակի Խամենեիի իրավահաջորդին:

«Նրան կհիշեն որպես մի մարդ, ով շատ հնարավորություններ ուներ լսելու իր ժողովրդին և փոխելու ընթացքը»։ Բայց որպես գերագույն առաջնորդ՝ նա այնքան անդրդվելի էր իր գործողություններում, այնքան վճռական էր իր ներքին և արտաքին մրցակիցներին գերակշռելու հարցում և հոգու խորքում այնքան անվստահ էր իր հանդեպ, որ երբեք իսկապես լուրջ ինքնաքննություն չէր անում»,- ասում է Վատանկան:

Խամենեին ունի չորս որդի, մեկ դուստր և կին։ Հաղորդվում է, որ երկրորդ դուստրը զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի նույն հարվածների հետևանքով, որոնք հանգեցրել են Խամենեիի մահվան:


XS
SM
MD
LG