Միացյալ Նահանգներն ու Իսրայելն այսօր առավոտյան հարձակվել են Իրանի վրա, ինչից հետո Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին ու տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին:
Ամերիկա-իսրայելական գործողությունն իրականացվում է Ժնևում Օմանի միջնորդությամբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցություններից երկու օր անց, որոնք, ըստ միջնորդ կողմի, դրական ու կառուցողական մթնոլորտում էին անցել:
«Էպիկական զայրույթ» անունով գործողության ընթացքում, ըստ իրանական Fars լրատվականի, հրթիռակոծվել են Սպահան, Ղոմ, Քարաջ և Քերմանշահ քաղաքները, մայրաքաղաք Թեհրանն ու երկրի արևմտյան հատվածները, նաև հարավ-արևելյան Չաբահար նավահանգստային քաղաքը:
Զոհերի ու տուժածների մասին ստույգ տվյալներ դեռ չկան: Իրանի պաշտոնական աղբյուրներն առայժմ հայտնել են, որ Հարավային Մինաբ նահանգի աղջիկների դպրոցին հարվածից զոհվել է առնվազն 53 մարդ, վիրավորվել՝ ևս 63-ը:
Իսրայելի զինվորական աղբյուրն ասել է, որ թիրախավորել են նրանց, ովքեր մասնակցում են Իսրայելը ոչնչացնելու ծրագրին, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդին ու նախագահին, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք նրանք տուժել են: Reuters-ի աղբյուրը հայտնել էր, որ Այաթոլլա Խամենեին Թեհրանում չէ, տեղափոխվել է անվտանգ վայր։ Խամենեին այս պահի դրությամբ որևէ հրապարակային հայտարարություն չի արել:
New York Times-ը հրապարակել է հարվածներից հետո Թեհրանում հոգևոր առաջնորդի նստավայրի արբանյակային առաջին լուսանկարը, որում երևում է, որ շենքերի մի մասն ավերված է:
Իրանը հերքել է լուրը, թե բանակի հրամանատար գեներալ-մայոր Ամիր Հաթամին սպանվել է՝ նշելով, որ նա անվտանգ վայրում է և ղեկավարում է զինուժը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ աղբյուրն ասել է, որ սպանվել են կորպուսի մի քանի բարձրաստիճան հրամանատարներ և պաշտոնյաներ: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ արտգործնախարարը չի տուժել: Իսկ Reuters-ը նշում է, որ չի կարողացել անկախ կերպով հաստատել այս տեղեկությունները:
Կորպուսը հայտարարել է, որ տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ-ի բազաներին «հուժկու» հարվածներ է հասցրել, որոնք կշարունակվեն, մինչև «թշնամին վճռական պարտության մատնվի»: Կորպուսի հրամանատարը հայտարարել է, որ Թեհրանն արձակել է միայն իր «ջարդոնային հրթիռները», շուտով կներկայացնի «չտեսնված զենքեր»:
Իրանի պատասխան հարվածների ֆոնին Իսրայելը փակել է դպրոցները, արգելել հավաքները, ավելի ուշ էլ հայտնել հարվածների նոր ալիքի մասին:
Բահրեյնը հայտարարել է, որ հրթիռակոծվել է ամերիկյան ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի սպասարկման կենտրոնը:
Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ ամերիկյան խոշոր ավիաբազա կա, հայտնել է, որ իրանական մի քանի հրթիռ է խոցել: Հաղորդվում է, որ Իրանը հարվածել է նաև Կատարում, Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին: Աբու Դաբիում մեկ զոհ կա: Կատարը, Քուվեյթը Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել են հարձակումներն իրենց տարածքի վրա և սպառնացել են պատասխանել, եթե հարվածները կրկնվեն:
Ե՛վ Իսրայելը, և՛ Իրանը փակել են իրենց օդային տարածքները: Մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Իրան, Մերձավոր Արևելքի այլ երկրներ: Իրանում գրեթե ամբողջությամբ անջատված է ինտերնետը:
ԱՄՆ նախագահը հարվածներից կարճ ժամանակ անց ասաց, որ Իրանում ռազմական գործողության նպատակն է պաշտպանել ամերիկացիներին՝ վերացնելով «իրանական ռեժիմից եկող անմիջական սպառնալիքները»։
Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն բազմիցս փորձել է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել դիվանագիտությամբ, սակայն Իրանը մերժել է բոլոր առաջարկները և վերսկսել է ծրագիրը:
Նրա խոսքով՝ Իրանը նաև շարունակել է մեծ հեռահարության հրթիռներ ստեղծել, որոնք կարող են հասնել Եվրոպա, այլ երկրներում ամերիկյան բազաներին, իսկ շուտով՝ նաև ԱՄՆ. «ԱՄՆ-ի, մասնավորապես՝ իմ վարչակազմի քաղաքականությունը միշտ էլ եղել է այն, որ այս ահաբեկչական ռեժիմը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես կրկին կասեմ՝ նրանք երբեք չեն կարող միջուկային զենք ունենալ»։
Թրամփը նաև ասել է, որ կոչնչացնեն Իրանի նավատորմը, հրթիռները և հողին կհավասարեցնեն նրանց հրթիռային արդյունաբերությունը ու կապահովեն, որ Թեհրանի պրոքսիները չկարողանան ապակայունացնել տարածաշրջանը կամ աշխարհը:
ԱՄՆ նախագահը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, զինված ուժերին և ոստիկանությանը կոչ է արել վայր դնել զենքերը՝ խոստանալով լիակատար անձեռնմխելիություն, այլապես նրանց մահ է սպասվում:
Սպիտակ տան ղեկավարը դիմել է նաև իրանցիներին՝ կոչ անելով մնալ ապաստարաններում: Թրամփը նաև ասել է, որ մոտ է նրանց ազատության ժամը, և կոչ է արել վերցնել իշխանությունը։
«Վերջապես Իրանի հիանալի, հպարտ ժողովրդին ասում եմ, որ ձեր ազատության ժամը մոտ է: Երբ մենք ավարտենք գործողությունները, վերցրեք իշխանությունը։ Այն ձերը կլինի։ Սա հավանաբար ձեր միակ հնարավորությունն է, որ ձեր և ապագա սերունդները երբևէ կունենան», - ասել է նա։
Իսրայելի վարչապետն ասել է, որ 47 տարի շարունակ այաթոլլահի ռեժիմը Իսրայելի և Ամերիկայի մահն է ցանկացել, թափել է իսրայելցիների արյունը, սպանել է բազմաթիվ ամերիկացիների՝ միաժամանակ կոտորելով սեփական ժողովրդին:
Բենյամին Նեթանյահուն նշել է, որ Իրանի «մարդասպան ահաբեկչական ռեժիմը» չպետք է զինվի միջուկային զենքով, որը թույլ կտա նրան սպառնալ ամբողջ մարդկությանը։ Համատեղ այս գործողությունները, ըստ Իսրայելի վարչապետի, կստեղծեն պայմաններ, որպեսզի «իրանցի քաջարի ժողովուրդն ինքը տնօրինի սեփական ճակատագիրը»:
«Միացյալ Նահանգների հետ միասին մենք կոշտ հարված կհասցնենք ահաբեկչական ռեժիմին։ Մենք կստեղծենք պայմաններ, որոնք թույլ կտան իրանցի քաջարի ժողովրդին ազատվել այս մարդասպան ռեժիմի բեռից», - ասել է նա։
Իսրայելի բանակի խոսնակ, գեներալ Էֆի Դեֆրինը խոստացել է շարունակել գործողություններն այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի գոյությանն իրանական ռեժիմի ներկայացրած սպառնալիքը վերացնելու համար. «Մեր քաղաքականությունը հստակ է. մենք սպառնալիքներին առճակատվում ենք դրանց վաղ փուլում։ Մենք թույլ չենք տա, որ իրանական ահաբեկչական ռեժիմը զինվի, ամրապնդի իր իշխանությունը և սպառնալիք դառնա Իսրայելի պետության անվտանգության համար»։
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ նիստ գումարել: Տարածաշրջանային գործընկերներին էլ Թեհրանը կոչ է արել թույլ չտալ, որ իրենց տարածքն օգտագործվի՝ Իրանին հարվածելու համար։
Արտգործնախարար Արաղչին հայտարարել է, որ Իրանին հարվածները «բացարձակապես հրահրված չէին և անօրինական» են՝ հավելելով, որ իրանական զինուժը պատրաստված էր այս օրվան։
Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ կոչ են արել դադարեցնել հարվածները և խնդիրը կարգավորել դիվանագիտությամբ: Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպական խորհրդի նախագահներն էլ կոչ են արել հարգել միջազգային իրավունքն ու ցուցաբերել առավելագույն զսպվածություն։
Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան էլ դատապարտել են Իրանի իրականացրած հարվածները:
Իրանում Ռուսաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել երկիրը լքել Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով: