Մատչելիության հղումներ

«Ինձ հետ կապ չի հաստատվել»․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը արձագանքել է Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերաբերյալ նախօրեին արած հայտարարությանը: Նիկոլ Փաշինյանը նախօրեին մասնավորապես հայտարարել էր՝ «բոլորիս շատ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»:

«Ես լիովին կիսում եմ այս գնահատականը և ուրախ էի կարդալ այդ խոսքերը», - նշել է նա։

Վերոնիկա Զոնաբենդն ընդգծել է նաև. «Դրական եմ գնահատում լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ ինձ հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել»։

Ռուբեն Վարդանյանի կինը կոչ էր արել կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորել՝ Բաքվի բանտում գտնվող հայերին այցելելու նպատակով։

«Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր», - ընդգծել նա։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։

Վարդանյանը տեղի ունեցողը որակել է ոչ թե դատ, այլ ֆարս:

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։


XS
SM
MD
LG