Իրանի հասցեին ԱՄՆ-ից հնչող զգուշացումների ու ռազմական հնարավոր հարվածների ֆոնին՝ Ադրբեջանի նախագահն այսօր զանգահարել է իրանցի գործընկերոջը։ Ըստ Ադրբեջանի նախագահականի՝ Իլհամ Ալիևը «վերահաստատել է, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների վրա»։
«Մեր ժողովուրդներն ունեն պատմական, էթնիկ և կրոնական կապեր»,- հաղորդում է Ալիևի աշխատակազմը, հավելելով՝ «Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստել տարածաշրջանում լարվածության կարգավորմանը և ընդգծել, որ Բաքուն աջակցում է նման հարցերի լուծմանը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով»։
Նախօրեին էլ հեռախոսազրույց էր կայացել երկու երկրների արտգործնախարարների միջև։ Ադրբեջանի արտգործնախարարը վստահեցրել էր՝ Բաքուն երբեք թույլ չի տա, որ իր տարածքը, այդ թվում՝ օդային, օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար։
«Այս դիրքորոշումը սկզբունքային է և անսասան»,- ասել էր Ջեյհուն Բայրամովը, հավելելով՝ Ադրբեջանը դեմ է այն քայլերին և հռետորաբանությանը, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը Իրանի ներսում և երկրի շուրջ։
Ադրբեջանական կողմի այս հավաստիացումներից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ ամերիկյան հզոր նավատորմ և ռազմական մեծ ուժեր են շարժվում դեպի Իրան, չբացառելով, որ Վաշինգտոնը կարող է դրանք գործի դնել, եթե կողմերը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չգան։
«Ադրբեջանն իրեն զգում է սեղմված՝ երկու համաշխարհային պատերազմների միջև», Աբու Դաբիում լույս տեսնող The National-ին ասել է Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, մանրամասնելով,- «Մի կողմից ռուս-ուկրաինական պատերազմն է, մյուս կողմից՝ Իսրայել- Իրան առճակատումը և Միացյալ Նահանգների ներգրավվածությունը այդ առճակատմանը»։
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահի խորհրդականը պնդել է, թե Բաքուն այս մտահոգությունները ամերիկյան կողմի հետ չի քննարկել, ոչ էլ Վաշինգտոնն է իրենց առջև նման հարց բարձրացրել։
Մինչդեռ, Իրանում վերջին օրերին առավել կոշտ դիրքորոշում ունեցող լրատվամիջոցները հարց են բարձրացնում Բաքվի կողմից Իսրայելին մատակարարվող նավթի մասին, որն անցնում է Թուրքիայի տարածքով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած «Ֆարս Նյուզ»-ը Ադրբեջանը բնութագրել է որպես «Իսրայելի էներգետիկ և լոգիստիկ վահանի» և «թշնամու անվտանգության ապահովման շղթայի մի մաս»:
Անցած տարվա հունիսին՝ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմից հետո, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ էր արել մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն իսրայելական անօդաչու սարքերը կարող էին Ադրբեջանից ներխուժել Իրանի օդային տարածք։