CNN Türk-ի հետ զրույցում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը բաց է բանակցությունների համար, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի սպառնալիքներից և հարկադրանքից։
Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունները՝ Արաղչին նշել է, որ ներկայումս Վաշինգտոնի հետ բանակցությունների համար լուրջ հիմքեր չկան։ Նա ընդգծել է, որ իրական և արդյունավետ բանակցությունների համար ԱՄՆ-ն պետք է երաշխավորի, որ նոր հարձակում կամ սպառնալիք չի լինի, որ պետք է վերանա ճնշման մթնոլորտը:
Ստաբուլ կատարած այցի ընթացքում Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն երրորդ երկրների միջոցով հաճախակի փորձում է կապ հաստատել Իրանի հետ: Արաղչին ընդգծել է, որ բանակցությունները չեն կարող վարվել թելադրանքով, և որ արդար համաձայնագիրը հնարավոր չէ առանց փոխադարձ հարգանքի և հավասար պայմանների:
Թրամփի, Էրդողանի և Փեզեշքիանի հնարավոր եռակողմ հանդիպման մասին հարցին նախարարը պատասխանել է, որ դեռևս երկար ճանապարհ կա անցնելու, մինչև լուրջ համատեղ բանակցություններ սկսվեն՝ ընդգծելով, որ նախապես պետք է համաձայնեցվեն նախապայմանները, ձևաչափը և բովանդակությունը։
Թուրքիայի նախագահը նախօրեին իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դեր ստանձնել՝ երկու կողմերի միջև լարվածությունը մեղմելու համար։
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, թե կարծում է, որ Իրանը կփորձի բանակցել համաձայնագրի շուրջ՝ ամերիկյան ռազմական գործողություններին բախվելու փոխարեն, թեև Վաշինգտոնին ի պատասխան Թեհրանը զգուշացրել էր, որ պատրաստ է «անհապաղ արձագանքելու ցանկացած ագրեսիայի»:
«Հուսով եմ՝ մենք կկնքենք համաձայնագիր։ Եթե մենք համաձայնագիր կնքենք, դա լավ է։ Եթե համաձայնագիր չկնքենք, կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը:
CNN Türk-ի հետ զրույցում Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Իրանի վրա ցանկացած հարձակման դեպքում պատասխանը «շատ կոշտ» կլինի: ԱՄՆ-ի ռազմական գործողությունների սպառնալիքներին ի պատասխան՝ Արաղչին ասել է, որ Թեհրանը պատրաստ է կա՛մ բանակցությունների, կա՛մ պատերազմի, ինչպես նաև պատրաստ է համագործակցել տարածաշրջանային երկրների հետ՝ կայունությունն ու խաղաղությունը խթանելու համար։
«Ռեժիմի փոփոխությունը լիակատար ֆանտազիա է։ Ոմանք ընկել են այս պատրանքի թակարդը», - CNN Turk-ի հետ զրույցում ասել է Արաղչին։
Քննադատելով Եվրամիության կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը՝ Իրանի ԱԳ նախարարը պնդել է, որ այդ որոշումը «մեծ ռազմավարական սխալ» էր՝ նշելով, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարևոր դեր է խաղում ISIS-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում և, Եվրոպայի դիրքորոշումը տարածաշրջանում լարվածությունը չի նվազեցնի:
ԵՄ արտաքին գործերի նախարարներն օրերս Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն: «Բռնաճնշումները չեն կարող անպատասխան մնալ։ Ցանկացած ռեժիմ, որը սպանում է իր սեփական քաղաքացիներին, գնում է դեպի իր սեփական փլուզումը»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։
Անցած տարեվերջից սկսված ցույցերի ընթացքում, ըստ ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան խմբի, զոհվել է առնվազն 6563 մարդ, այդ թվում՝ 6170 ցուցարար և 214 անվտանգության աշխատակից։ TIME հանդեսի հրապարակման համաձայն՝ երկրի առողջապահության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ միայն հունվարի 8-ին և 9-ին փողոցներում սպանվածների թիվը կարող է գերազանցել 30 հազարը: